«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին կառավարության ներկայացուցիչներն ակտիվ ստուգումներ են սկսել «Հայփոստ» ընկերությունում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ստուգումները նպատակ ունեն պարզելու` արդյո՞ք «Հայփոստ»-ն այս ընթացքում «բարեխիղճ» է աշխատել, թե՞ ոչ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության մամուլի պատասխանատուի հետ, սակայն վերջինս ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման բան չկա, բայց կառավարության ենթակայության հիմնարկ է, կարող են գալ-չգալ»:
Տեղեկացնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի մեջ: Փաստորեն ընկերությունը շահագործող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «փոշմանել է» գնել այն, եւ հիմա հավանական գնորդը «Տաշիր գրուպ»-ն է: