Դատապարտյալները սրտատրոփ սպասում են. ինչ կորոշվի նախագահականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր դատապարտյալների շրջանում առկա սպասողական վիճակին:

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է, ինչ Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով 15 դատապարտյալների անուններ են ներկայացվել, սակայն որոշման մասով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա: 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի քանի ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Ավելին՝մեզ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկներից համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:

Ի վերջո, Սերժ Սարգսյանին ներկայացվել է 15 հոգանոց ցուցակ, որտեղ ընդգրկվել են ցմահ դատապարտյալներ` դաշնակցական Արմենակ Մնջոյանը, Արմեն Տեր-Սահակյանը եւ Ստեփան Գրիգորյանը: Նկատենք, որ Սերժ Սարգսյանին ներկայացված ցմահ դատապարտյաների թիվը երեքով չի ավարտվում:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանը, որը սպանության համար ազատազրկման մեջ է գտնվում 1997 թվականից, եւս ներման խնդրանքով դիմել է նախագահական: Նրանից նույնպես իր վարքագծի մասով ՔԿ վարչությունից թղթեր են պահանջել եւ ներկայացրել նախագահական:

Թե ինչ է սպասվում ներման խնդրանքով դատարան դիմած դատապարտյալներին, դժվար է ասել, նախագահականում դեռ լռում են: Այդ ընթացքում դատապարտյալները սրտատրոփ սպասում են:




Լրահոս