Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության` 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 5282 աշխատանք փնտրող անձ (Իջեւանում` 1979, Դիլիջանում` 1808, Բերդում` 618, Նոյեմբերյանում` 877): Զբաղվածության տարածքային կենտրոնների եւ մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 499-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 65-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Տավուշի մարզում հաշվառված է 4524 գործազուրկ, որից 2856-ը կանայք են: 124 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզում իրականում աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվն ավելի մեծ է, աշխատանք չունեցող շատերը որպես աշխատանք փնտրող կամ գործազուրկ չեն գրանցվում, որովհետեւ անիմաստ են համարում պետության միջոցով աշխատանք գտնելը: Նշենք, որ Տավուշի մարզում անգամ հավաքարարի աշխատանք առանց ծանոթի եւ միջնորդության չեն գտնում: Զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները իրենց նպատակին չեն հասնում, քանզի մարզում մեծամասամբ սրճարանների, ճաշարանների մատուցողների եւ հացի փռերում հացթուխների թափուր աշխատատեղեր կան: Գործատուներն էլ այդ աշխատանքների համար շատ քիչ են վճարում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ