Մրգի պահպանության համար ստեղծված սառնարանները դատարկ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ առաջ Դեբեդի հովտի բնակավայրերում մրգի սառնարաններ են ստեղծվել, որոնցում պետք է պահպանվեր եւ ձմռան սեզոնին թանկ վաճառվեր Դեբեդի հովտում աճեցված միրգը: Արճիս գյուղում առկա է 350 տոննա տարողությամբ սառնարան, որը ստեղծվել է ՀՅԴ-ի աջակցությամբ, ըստ արճիսցիների` այն հանդիսանում է նախկին գյուղնախարար, այժմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի սեփականությունը: Այն մինչեւ քսան աստիճան սառնություն է ապահովում եւ նախատեսված է մրգի երկարատեւ պահպանման համար եւ հիմա դատարկ է:

10 տոննա տարողությամբ երկու սառնարան ունի «Միրգ» ՍՊԸ տնօրեն, Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանը: Նա ասաց, որ իր սառնարանները մրգի երկարատեւ սառեցում չեն ապահովում, այլ պահպանություն: Նրա տեղեկացմամբ` սառնարանում դեղձ պահպանելը տնտեսապես ձեռնտու չէ: Նախատեսվում էր սառնարանում արքայանարինջ /կարալյոկ/ պահպանել, սակայն դա էլ ձեռնտու չէ, գնորդ չկա: Հիմա ՌԴ-ում արքայանարնջի կգ 35 ռուբլի է, որը համարժեք է 190 դրամին:

Ռուսական շուկայում գերիշխող է Մոլդովայից, Ղրիմից, Ադրբեջանից եւ Կրասնոդարից առաքված արքայանարինջը, որը հայկականից անհամեմատ էժան է: Այրում քաղաքում գտնվող «Միրգ» ՍՊԸ-ն արտադրում է մրգի պահածոներ, որն այժմ պարապուրդի է մատնված: Ռ. Անտոնյանն ասաց, որ արտերկրում գնորդներ են որոնում, որպեսզի կարողանան պահածո առաքել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս