«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից արտադրված եւ անպիտան պանիրը հորել են եւ տարածքում խայտառակ գարշահոտ է:
Տեղեկացնենք, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից եւ ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Տավուշի մարզի բնակիչները դժգոհ են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրած պանիրը հիմնականում առաքվում է Ռուսաստան:
Նշենք, որ հիմնադրամը Տավուշի մարզի անասնապահական տնտեսություններից կաթ չի ընդունում: Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում գործում են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնապահական ֆերման եւ պանրի ընդլայնված արտադրամասը: Մեկուկես տարի առաջ պանրի արտադրամասի տարածքում 3,5 տոննա փչացած պանիր է հորվել, որը պատուհաս է դարձել վարորդների գլխին: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող վարորդները բողոքում են «ՀիմնաՏավուշ»-ի անասնաֆերմայի եւ պանրի արտադրամասի տարածած գարշահոտից: Ու այս իրավիճակը արդեն մի քանի տարի է, ինչ առկա է: Մարզի բնակիչները բազմիցս «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են, սակայն իրավիճակը չի փոխվում: Անգամ հիմա՝ ձմռան այս ամիսներին, միջպետական ճանապարհի այդ հատվածում տիրող տհաճ հոտն անցնողներին խեղդում է, իսկ ամռան շոգ ամիսներին վիճակն ուղղակի անտանելի է դառնում: Այնինչ` ՀՀ վարչապետը «Մաքուր Հայաստան» է քարոզում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ