2019 հունվարի 1-ից սկսած Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու: Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում: Ըստ այդմ, 58.35 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող գյուղմթերք արտադրող տնտեսվարողները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն:
Նշենք, որ գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանայեին դեռ 2015 թվականի հունվարի 1-ից, ինչը Հայաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր: Սակայն այդ ժամկետը հետաձգվել էր: Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն, սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ: Նույն` 2019 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով հարկվելու է նաեւ գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը:
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա: Սակայն այստեղ առաջանում են գյուղմթերքների արտադրության եւ իրացման հետ կապված հաշվառման խնդիրներ, որոնց իրականացումը ծախսատար է լինելու: Այն, որ հարկային բեռը իրենից ենթադրում է ծանրացում, դա ակնհայտ է: Եւ սա այն դեպքում, երբ կան ոլորտներ, որոնք մինչեւ այժմ ընդհանրապես ազատված էին հարկումից: Խոսքը գյուղատնտեսության ոլորտի մասին է: Իսկ գյուղատնտեսության հարկումը մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել: Ինչն էլ իր հերթին գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում: Դժվար չէ կռահել, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներ ստիպված են լինելու հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ:
Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղատնտեսական արտադրողների բացարձակ գերակշռող մասը ավելացված արժեքի հարկ վճարող չէ: Եւ ավելացված արժեքի շեմի փոփոխությունը ոլորտի վրա էական ազդեցություն չի ունենա:
Նրա խոսքերով` ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմը մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը նույնպես եղել է 58.35 մլն դրամ: Ինչը գյուղատնտեսական արտադրության առանձնահատկություններով` տնտեսությունների փոքր չափերով պայմանավորված էական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության վրա: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում բնակչության տնտեսությունների մասնաբաժինը կազմում է 96.8 տոկոս, առեւտրային կազմակերպությունների մասնաբաժինը` 3.2 տոկոս:
Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող առեւտրային կազմակերպությունների թիվը 110 է, որոնց գերակշռող մասը` 74-ը, համարվում են գերփոքր: Ռոբերտ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց նաեւ, որ թողարկվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալը մեկ կազմակերպության հաշվով կազմում է 12.2 մլն դրամ: «Հաշվի առնելով ապրանքայնության մակարդակը` իրացման շրջանառությունը կլինի առավել փոքր, եւ, բնականաբար, նրանք ԱԱՀ-ի հարկման շեմը չեն հաղթահարի: Գյուղատնտեսական առեւտրային կազմակերպությունների ընդհանուր թվից 21-ը հանդիսանում են փոքր ձեռնարկություններ, եւ դրանց գյուղատնտեսական համախառն արտադրանքի միջին արժեքը կազմում է 122.8 մլն դրամ:
Հաշվի առնելով ապրանքայնության մակարդակը` իրացման շրջանառությունը կկազմի շուրջ 92 մլն դրամ, հետեւաբար շեմը գերազանցող 33.7 մլն դրամի մասով կվճարեն ավելացված արժեքի հարկ: Իրականում ավելացված արժեքի հարկ վճարող կարող են հանդիսանալ շուրջ 36 գյուղատնտեսական առեւտրային կազմակերպություն, որոնք արտադրում են գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 3 տոկոսը եւ գյուղացիական տնտեսությունների, եւ առեւտրային կազմակերպությունների թվի 0.02 տոկոսը: Հաշվի առնելով նշվածը` հարկային նշված փոփոխությունը դժգոհությունների առիթ չի տա»,- վստահեցրեց փոխնախարարը:
Նշենք, որ 58,35 մլն դրամը կգերազանցեն շատ սահմանափակ կազմակերպություններ: Իսկ նման կազմակերպություններ են, օրինակ, արհեստական լճակներում ձուկ արտադրող տնտեսությունները, անասնապահական մեծ ֆերմաները, թռչնամիս, ձու արտադրող ֆաբրիկաները, խոշոր ջերմոցային տնտեսությունները: Ինչպես հայտնի է` այս կազմակերպությունների շրջանառությունը դրանից անցնում է: Օրինակ` կարտոֆիլագործությամբ զբաղվող տնտեսվարողի վրա հարկման այս փոփոխությունը կկիրառվի այն դեպքում, երբ նրա արտադրանքի իրացումը հասնի 58,35 մլն դրամի: Այսինքն` նա պետք է տարվա հաշվարկով վաճառի 450 տոննա եւ ավելի կարտոֆիլ, ապա դառնա ԱԱՀ վճարող: Ըստ մասնագետների` բնակչությանը հուզող կարեւորագույն գյուղատնտեսական մթերքների հարկման մասով որեւէ մտահոգություն չի կարող լինել: Դժվար է պատկերացնել, որ այսօր Հայաստանում կգտնվի կարտոֆիլի մի քանի արտադրող, որոնք կկարողանան տարեկան 450 եւ ավելի տոննա կարտոֆիլ արտադրել:
Սյունէ Համբարձումյան