Ինչ չէր կորցրել Սերժ Սարգսյանը Դավոսում. Կարեն Կարապետյանն ավելի հարմար էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը բեւեռված էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացված 2018թ. համաշխարհային տնտեսական ֆորումի վրա: Վերջինիս մասնակցելու համար Դավոս էին մեկնել համաշխարհային գրեթե բոլոր առաջնորդները` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Սակայն եթե նախորդ տարիներին ֆորումի կենտրոնական դեմքը ԱՄՆ նախագահն էր` հաշվի առնելով ԱՄՆ-ի գերտիրապետող դիրքը համաշխարհային տնտեսական հարաբերությունների կարգավորման գործում, ապա այս տարի իրավիճակը էականորեն տարբերվում էր:

Նախ հատկանշական է, որ դեռեւս Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանում, երբ նա հանդես էր գալիս հիմնարար վերափոխումների կարգախոսներով ու պահանջներով, համաշխարհային ֆինանսա-կորպորատիվ դերակատարները անհանգստացած էին հնարավոր բացասական զարգացումներից: Սակայն նրա նախագահության մեկ տարին իսկ ցույց տվեց, որ Թրամփը ոչ թե փորձում է փոխել հաստատված կարգերը, այլ ընդամենը մեկուսացնում է Միացյալ Նահանգները: Թեպետ ԱՄՆ-ի մեկուսացմամբ որոշակի տեղաշարժեր, այդուամենայնիվ, իրականանում են, սակայն հեղափոխական վերափոխումների մասին խոսել չի կարելի: Ի վերջո, վերափոխումներ Թրամփը կարող էր կատարել` անմիջական մասնակցություն ցուցաբերելով, մինչդեռ ԱՄՆ-ի սահմաններում պարփակվելով ու Հս. Կորեայի առաջնորդի հետ թվիթերում լեզվակռվի մեջ գտնվելով` հազիվ թե նրա մոտ ինչ-որ բան ստացվեր: Եթե մեկ տարի առաջ ողջ Եվրոպան շունչը պահած սպասում էր, թե էքսցենտրիկ Թրամփը ինչ նոր գլխացավանք է մատուցելու հին մայրցամաքին, ապա այսօր համընդհանուր հանգստություն է տիրում` արձանագրելով, որ կարելի է նաեւ առաջ շարժվել առանց ամերիկյան ուղղորդության:

Դավոսում հավաքված ֆինանսա-կորպորատիվ համաշխարհային վերնախավը կենտրոնացավ փոխկապակցվածության ու համատեղ առաջընթացի հարցերի քննարկման վրա` գլոբալիզացիայի հարցում մեկ քայլ իսկ նահանջ թույլ չտալու պատրաստակամությամբ: Թեպետ ԱՄՆ գործող նախագահը ներկայացնում է գլոբալիզացիայի հակադիր թեւը, սակայն այդ գաղափարները այսօր համաշխարհային հարթակում լուսանցքային են: Ի վերջո, ազատ առեւտրի պայմաններում 2017թ. համարվում է բիզնեսի ու ֆինանսական հոսքերի առումով լիովին հաջողված տարի` զերծ լուրջ ճգնաժամերից, շուկայի վայրիվերումներից, եւ որ ամենակարեւորն է` առանձնանալով աճի տեմպերով:

Հետաքրքիր է, որ Թրամփի ուղերձը Դավոսի համաժողովի մասնակիցներին կարծես այնքան էլ չէր հետաքրքրում` նկատի ունենալով հանգամանքը, որ բոլորի ակնկալությամբ նա պետք է խոսի ԱՄՆ-ի բացառիկությունից ու իր պետության շահերը ամեն ինչից վեր դասելու մասին: Եվ Թրամփի ելույթը Դավոսում հիմնված էր բոլորին հասցնելու իր կարգախոսը` առաջնայինը ԱՄՆ-ի շահերն են: Այս առումով Թրամփը կարող է սոսկ որոշակի մասնակցություն ունենալ համաշխարհային տնտեսական հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ երբեք հավակնել դրանք առաջնորդելուն:

Թրամփը արդեն իսկ հասցրել է հանդիպել Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի ու Միացյալ Թագավորության վարչապետ Թ. Մեյի, Ռուանդայի ու Շվեյցարիայի նախագահների հետ: ԱՄՆ նախագահը բազմաթիվ հարցեր չունի քննարկելու այստեղ` բավարարվելով ներկայացուցչական հանդիպումներով ու դաշնակից պետությունների ղեկավարների հետ քննարկումներով: Հազիվ թե կարելի է ակնկալել, որ մեկուսացման ուղի բռնած Միացյալ Թագավորության ու մեկ այլ քաղաքական մեկուսի Իսրայելի հետ Թրամփը ամբողջ աշխարհին վերաբերող տնտեսական նոր քաղաքականություն կարողանա ներդնել ու իրականացնել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն իսկ հասցրել է ծաղրաբար արձագանքել Դավոսի այս համաժողովին Թրամփի մասնակցությանը:

Մակրոնը հայտարարել էր, որ ակնհայտորեն Դավոս չեն հրավիրվել համաշխարհային տաքացման ու կլիմայի փոփոխության հանդեպ թերահավատ մարդիկ: Մակրոնն ավելի հեռուն է գնացել` լայն ներկայացուցչական կազմի առաջ կատակելով, որ գալով Դավոս ու ձյուն տեսնելով, իհարկե, դժվար է հավատալ գլոբալ տաքացմանը: Հայտնի է, որ այդպես թերահավատ է առաջին հերթին ԱՄՆ նախագահը, որն իր երկիրը դուրս բերեց Փարիզի կլիմայի համաձայնագրից: Թրամփի դեմ հեռակա կրակոցներից չեն խուսափել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին` հստակորեն մերժելով մի պետության շահերը սպասարկելու ու փոխշահավետության սկզբունքը արհամարհելու նոր քաղաքական միտումները: Թեպետ եվրոպական առաջնորդները անվանապես չեն հիշատակել Թրամփին, սակայն նրանց վերոնշյալ հայտարարությունները, պարզ է, առաջին հերթին վերաբերել են ԱՄՆ նախագահին:

Հայաստանը Դավոսի համաժողովին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով Դավոսում տեսանկարահանող սարքերի առատությունը, թվում էր, «մարդամեջ» դուրս գալու հնարավորությունից չպետք է հրաժարվեր առաջին հերթին Սերժ Սարգսյանը: Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցել է միայն 2009թ., այն էլ արտաքին աշխարհում Մարտի 1-ի սպանդից հետո լեգիտիմություն որոնելիս, մինչդեռ այժմ նման խնդիր չկար: Նա Դավոսում, ըստ էության, անելիք չուներ, քանի որ նախօրեին արդեն իսկ արժանացել էր Մակրոնի համաձայնությանը իր հետնախագահական վարչապետության հարցում: Սերժ Սարգսյանի աչքերով Հայաստանի տնտեսությունը չի կարող վեր լինել ռուսական ֆիլյալի մակարդակից: Այստեղ խորթ են Դավոսում քննարկվող ազատական տնտեսության, համաշխարհային փոխգործակցության, միասնական ջանքերի ներդրման ու փոխշահավետ տնտեսական ծրագրեր իրացնելու հարցերը:

Ի վերջո, Սարգսյանը դժվար թե այնտեղ կարողանար համոզել, որ տնտեսական մենաշնորհները, բնակչության հանդեպ հարկային տեռորը, կոռուպցիան ու հովանավորչությունը կենսական անհրաժեշտություն են: Ով կհավատար այնտեղ Սերժ Սարգսյանին, եթե նա պնդեր, թե 2017թ. ֆինանսական ճգնաժամի տարի էր: Մինչդեռ ապագա «հատուկ փոխվարչապետ» Կարեն Կարապետյանն իր ժպտադեմ հորդորներով ավելի հարմար էր Դավոսում չնկատվելու համար:

Ն. Հովսեփյան




Լրահոս