Սուրեն Փահլևանյանը՝ «օլիգարխի որդու» կերպարի և որպես հաղորդավար եթեր վերադառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրվանից «21TV»-ի եթերում կհեռարձակվի «Երաժշտական խաչմերուկ» ծրագիրը, որը կրկին կվարի Սուրեն Փահլեւանյանը: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր եւ հեռուստաընկերության համատեղ որոշման արդյունքում հինգ տարի անց հաղորդումը վերադառնում է եթեր, քանի որ, ինչպես Սուրենն է ասում, դրա պահանջարկը կա. «Հաղորդման ե՛ւ ֆորմատը, ե՛ւ անունը նույնն է մնացել. մենք հեռուստաեթերի միջոցով քաղաքացիներին կօգնենք վաճառել իրենց մեքենան, իսկ հեռուստադիտողների շրջանում էլ հետաքրքրություն կառաջացնենք տվյալ մեքենայի նկատմամբ»,-նշեց նա` հավելելով, որ կարոտել էր հաղորդման ֆորմատը եւ վերջին տարիներին հաճախ է մտածել վերադառնալու մասին:

Սուրենը նաեւ տեղեկացրեց, որ այժմ նկարահանվում է «Երկիր Մեդիայի» «Չորրորդ հարկ» անունը կրող 25 մասից բաղկացած սերիալում, որտեղ մարմնավորում է օլիգարխի որդու կերպար. «Բացի այդ` ընդգրկված եմ «ATV» հեռուստաընկերության մի սերիալում, որը կոչվում է «Կարմիր բլուր», այդտեղ խաղում եմ գլխավոր կերպարներից մեկի վարորդի դերը, նոր ենք սկսել աշխատանքները: Սերիալներից ոչ մեկի կերպարս էլ հոգեհարազատ չէ ինձ, մոտ չէ իմ տեսակին»:

Դիտարկմանը, թե դերասանական ոլորտն օրեցօր ավելի է ձգում իրեն, Սուրենը պատասխանեց. «Ունեցել եմ փոքր եւ միջին բիզնեսներ, բայց դրանք միշտ էլ ինձ համար եղել են կողմնակի աշխատանքներ: Չեմ ուզում դուրս մնա եթերից, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքը: Որքան ուժերս ներեն, կմնամ հեռուստատեսությունում, այս ոլորտում ուժեղ պայքար է ընթանում, եւ ես բաց չեմ թողնի իմ հնարավորությունը»:

Անի Անտոնյան




Լրահոս