ArmLur.am-ի տեղեկություններով` հաշված ամիսներ անց ազատության մեջ կլինի տարիներ առաջ Նոր Նորքի 9-րդ զանգվածում ահասարսուռ սպանության հեղինակ` դեպքի պահին հղի մի կին: Ինչպես պարզ էր դարձել դեպքից կարճ ժամանակ անց, սպանության դրդապատճառը եղել էր անձնական գաղտնիքը, որը ըստ ծրագրի` զոհը պետք է իր հետ գերեզման տաներ:
Սակայն… շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
2007 թվականի մայիսի 12-ն էր: Նոր Նորքի 9-րդ զանգվածի շենքերից մեկի 81-րդ բնակարանում հայտնաբերվել էր 8 շաբաթական հղի կնոջ մարմին` արյան մեջ թաթախված:
Եվ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ դաժանության հեղինակը սպանվածի հարևանուհին էր` ևս հղի ընկերուհին:
Իրավապահներին դեպքը բացահայտելուն, կարելի է ասել, օգնել էր հանցագործ կնոջը հանգստացնող ներարկած բժշկուհին, ով նրա ձեռքին սպի էր նկատել , և հարցը` որտեղից է այն առաջացել, մնացել էր անպատասխան:
Ի դեպ, սպանվածի մոտից կորել էր նաև ամուսնական մատանին, որը գտնելու ուղղությամբ ևս իրավապահները քննություն էին սկսել: Պարզվել էր` այն գտնվում է ոսկի վաճառող մի կնոջ մոտ, ով իրավապահներին ասել, թե մեկ օր առաջ ոսկին գնել է մի հղի կնոջից: Վաճառողուհու նկարագրած հղի կինը շատ նման էր սպանվածի հարևանուհուն:
Ավելի ուշ սպանության հեղինակ կինը նախաքննական մարմնին պատմել է, թե շատ էր անկեղծացել հարևանուհու հետ ու պատմել էր իր կողմից ամուսնական անհավատարմության մասին:
Միմյանց գաղտնիքներն իմանալը կանանց կախման մեջ էր գցել իրարից: Կնոջ խոսքերով՝ հարևանուհին սկսել էր թերագնահատել իրեն, շահագործել իր անկեղծությունը, նսեմացնել. «Նա ինձ ասում էր՝ գյուղացի, անխելք…»: Եվ երբ նա սպառնացել է իր գաղտնիքները հայտնել ամուսնուն, այլևս չի կարողացել համբերել:
Դեպքի օրը՝ 2007 թվականի մայիսի 12-ի առավոտյան՝ ժամը 10-ին, ամեն օրվա պես հարևանուհիները պետք է սուրճ խմեին: Կինը տանը թողել էր մուլտֆիլմ դիտող 4-ամյա որդուն ու ննջարանում քնած Գուրգենին՝ ամուսնու եղբորը, և շտապել էր հարևանուհու տուն:
Սուրճի սեղանի շուրջ կանայք սկսել են վիճել:
Ըստ կնոջ՝ հարևանուհին ծաղրել էր իրեն, սպառնացել, թե գաղտնիքները հայտնելու է ամուսնուն: Ինքը վախեցել ու ասել էր, թե հիմա կվերադառնա: Նա արագ դուրս էր եկել տանից, մտել էր իրենց բնակարան, վերցրել էր խոհանոցային դանակը, աջ ձեռքով պահել էր թիկունքի մասում ու վերադարձել էր, ապա թիկունքից դանակով երեք անգամ հարվածել էր հարևանուհուն:
Վերջինս ընկել էր հատակին ու գոռացել էր. «Վա՜խ, մամա ջան, էս ի՞նչ արեցիր»:
Կինը հարևանուհու հայացքից վախեցած՝ չէր կարողացել մենակ մնալ նրա հետ, վազել էր իրենց տուն, ամուսնու եղբորը հայտնել էր, որ դանակահարել է: Եվ նրանք երկուսով գործել էին արդեն որպես համախոհներ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կնոջ սիրեկանը եղել է հենց տեգրը…
Երբ մտել էին բնակարան, տեսել էին, որ կինը փորձում է սողալով գնալ պատշգամբ և օգնություն կանչել: Նրանք կնոջը հարվածել էին թավայով, արյունոտ դանակով, նույնիսկ՝ հեռակառավարման վահանակով:
Կինը դիմադրել էր ամբողջ ուժով: Նույնիսկ կարողացել էր մի պահ ձեռք գցել սպանության գործիքն ու հարվածել կնոջ ազդրին՝ նրան պատճառելով այս գործով կարևոր հանցանշաններից մեկը:
Կինը երկար ժամանակ չէր խոստովանել կատարածը: Նա կալանքի տակ էր առնվել դեպքի հաջորդ օրը՝ 2007 թվականի մայիսի 13-ին: Հուլիսի 24-ին ծնվել էր աղջնակը, իսկ 2008 թվականի մարտի 24-ին տվել էր առաջին խոստովանական ցուցմունքը:
Արդյունքում կինը դատապարտվել է 11 տարի, տեգրը՝ 12 տարի ազատազրկման…