«Փաստ» թերթը գրում է. «Հունվարի 28–ին դժբախտ պատահարի հետևանքով Արայի լեռը բարձրացած արշավախմբի ղեկավարը և մեկ արշավական կոտրվածք են ստացել, արշավի մասնակից մեկ այլ աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանն էլ մահացել է ձնահոսքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած:
Ի սկզբանե տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե դեպքը տեղի է ունեցել արշավականների՝ ձյունամրրիկի մեջ ընկնելու հետևանքով: Սակայն երեկ ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ով անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին, «Փաստ»–ին տեղեկացրեց, որ այնտեղ ձյունամրրիկ չի եղել:
Արշավական, մասնագիտությամբ զբոսավար Նաիրուհու մահվան պատճառը եղել է ձյան՝ ոտքի տակից սահելը, ինչի պատճառով նա, գլորվելով մոտ 150 մետր հեռավորության վրա, ցած է ընկել:
«Արևոտ, բարենպաստ եղանակ է եղել, պարզապես ձյան շերտը քանդվել է ոտքերի տակից: Դին հայտնաբերվել է խմբի կողմից: Ձյունը ոտքերի տակից փախել է, այնտեղ քարքարոտ է եղել: Հավանաբար քարերին հարվածելով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,– նշեց Պետրոսյանը:
Ոտքի կոտրվածք ստացած խմբի ղեկավարը՝ Էդգար Նավասարդյանը, այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաքություն է կազմակերպվել նրա վիրահատությունն իրականացնելու և Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքին աջակցելու նպատակով: Պարզվում է, որ ավելի քան մեկ օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող և շտապ վիրահատության կարիք ունեցող երիտասարդին դեռ չեն վիրահատել: Մինչ բժիշկները սպասում են, նրա ընկերները հանգանակություն են սկսել:
Երեկ Ալպինիզմի հայկական ֆեդերացիան դեպքի հետ կապված հաղորդագրություն տարածեց՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Արա լեռ բարձրացած արշավախմբի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ:
«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28–ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը, արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով՝ սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը: Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։ 2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի հետևանքով ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է։ Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետաքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների և Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու և տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն»,– գրված է հայտարարության մեջ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: