Նոր լիազորություններ ապագա վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության վերաբերյալ օրինագիծը դրվել է հանրային քննարկման:

Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (այսուհետ՝ Սահմանադրություն): Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չունի վերահսկողական լիազորությունները, ուստի Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության անհրաժեշտությունը բացակայում է:

Սահմանադրությամբ ընդլայնվել են Վարչապետի վերահսկողական լիազորությունները պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ:

Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:»:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:»:

Վարչապետի կողմից հիշյալ լիազորությունների առավել արդյունավետ իրականացմամբ էլ պայմանավորված է պետական վերահսկողական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կարգավորում են պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման, Ծառայության լիազորությունների, Ծառայության կառուցվածքի, ծառայողների վարքագծի հատուկ կանոնների և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը»:

Այսպիսով, Պետական վերահսկողական ծառայությունը նոր օրինագծի համաձայն` կառավարվելու է վարչապետի կողմից: Նոր օրինագծով ծառայութունը լիազորվում է կարգապահական վարույթներ հարուցել, պատասխանատվության միջոցներ կիրառել:

Իսկ Ծառայության ղեկավարի նշանակումն ու ազատումը ևս կատարելու է վարչապետը:




Լրահոս