Գործարարները վախենում են. Հայաստանում ֆինանսական փոս է առաջացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ նշանակվելու հենց առաջին օրվանից Կարեն Կարապետյանը հայտարարեց ներդրումների խրախուսման մասին՝ ասելով, թե բոլորն ազատ են` Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու համար, եւ խոչընդոտներ չեն կարող լինել: Օրեր առաջ էլ Կարեն Կարապետյանը Շվեյցարիայի Դավոս քաղաք այցի ժամանակ հանդիպել է գործարարներին եւ կրկին Հայաստանում բիզնես գործունեություն սկսելու կոչեր արել: Սակայն, ի վերջո, որքանո՞վ են սփյուռքահայ գործարարները հետաքրքրված Հայաստանում կամ ինչ խնդիրների են հանդիպում այստեղ գործունեություն ծավալելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, օրեր առաջ Շվեյցարիայում դիմելով սփյուռքում գտնվող գործիչներին, ասել է՝ եկե՛ք, բիզնեսով զբաղվե՛ք Հայաստանում եւ ներդրումներ կատարե՛ք: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս կոչին, սփյուռքահայերը վստահո՞ւմ են Հայաստանին:

-Եթե գտնվեն սփյուռքահայեր, որ այդ կոչին հավատան, նրանց վերջը կլինի դաժան, կամ նրանք պետք է պայմանավորվեն 50/50-ի կամ նույնիսկ 10/90: Իսկ ուրիշ տարբերակ, որ գաս, աշխատես նորմալ, ու պետությունը քեզ պահի, ես այդպիսի տարբերակ մինչեւ այսօր չեմ տեսել եւ չեմ էլ կարող պատկերացնել այսպիսի իրավիճակում, երբ որ միայն խաբեություն է դրված ամեն ինչի հիմքում:

Ինչպես հնարավոր կլինի Հայաստանում ազնիվ բիզնես դնել, եթե ընտրությունները կեղծվել են մինչեւ վերջին պահը, իսկ նոր Սահմանադրությունն էլ ստեղծվեց միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը տարբեր տարբերակներով հարատեւ ղեկավարի երկիրը: Նման իրավիճակում անհնարին է Հայաստանում նորմալ բիզնես կազմակերպելը: Սա մի կողմից, եւ մյուս կողմից էլ ինքը՝ Կարեն Կարապետյանը, մինչեւ այսօր ինչ-որ հայտարարել է, արդյո՞ք Դուք հիմքում տեսել եք ճշմարտություն: Տեսե՞լ եք, որ իր ասածը կատարեց: Եթե պայմաններ ստեղծեն, ոչ մեկը Հայաստանին չի հասնի, բայց ո՛չ պայմաններ կստեղծի կառավարությունը, ո՛չ էլ ցանկություն կամ հնարավորություն ունի դա անելու, որովհետեւ մոտեցումները համակարգի մեջ բացարձակապես այլ են: Այսինքն` մինչեւ համակարգը չփոխվի, ոչ մի լավ բան Հայաստանի տնտեսությանը չի սպասում:

-Կարեն Կարապետյանը հենց սկզբից հայտարարեց տնտեսական բարեփոխումների ու ներդրումների խրախուսման քաղաքականության մասին: Այսինքն` այս մասով առաջընթաց չկա՞:

-Օրինակ` մեր հոլդինգը 2016 թվականին, երբ ինքը 20 օրվա վարչապետ էր, հոկտեմբերի 6-ին այցով եկանք Հայաստան, հանդիպեցինք կառավարության հետ, տվեցինք ֆանտաստիկ առաջարկներ: Մինչեւ այսօր այդ առաջարկների պատասխանները ստացե՞լ ենք արդյոք, չէ՞ որ միայն այո՛, այո՛, այո՛ լսեցինք: Կամ «Նաիրիտի» հարցում ի՞նչ եղավ, 2017-ին մասնակցում ենք հայտարարված տենդերին ու ոչ մի պատասխան չենք ստանում: Եթե առաջին ներդրողը՝ հսկայական հոլդինգ, ինչ կարողացանք Հայաստանից ստանալ, որեւէ լուրջ առաջարկ ստացա՞նք: Արդյո՞ք դրական պատասխան կամ քայլ եղավ, ո՛չ մի քայլ, ո՛չ մի պատասխան:

-Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ սփյուռքահայերը չեն ցանկանում ներդրումներ կատարել: Ի՞նչ այլ խոչընդոտների կարող են Հայաստանում հանդիպել:

-Գործարարները հիմնականում դժգոհում են նրանից, որ քանի որ Հայաստանում ֆինանսական փոս է առաջացած, բնական է՝ ինչքան գումար տարար Հայաստան, այդ փոսի մեջ ընկնում է ու դուրս չի գալիս: Հայաստանի կառավարությունը սովալլուկ վիճակում միայն վարկերով է կարողանում իր գոյությունը քարշ տալ: Երկիրը պահողը միայն վարկերի աճելու ընթացքում ձեռք գցած գումարներն են:

Բնական է, եթե դրսից գումար է հանկարծ գալիս՝ այդ վարկերին զուգահեռ, ապա կառավարությունն արդեն մոտեցումների միջեւ տարբերություն չի դնում: Եվ նույն եկած գումարներն անմիջապես սկսում են օգտագործել իրենց հետաքրքրությունների համար, իսկ նախարարների՝ մինչեւ այսօր ունեցած հետաքրքրությունները, ինչքան հնարավոր է` օֆշորային հաշիվների վրա փող ուղարկելն է եղել կամ Հայաստան եկած գումարների մեծ մասը պարտակելը: Օրինակ` Ասիայի զարգացման բանկը ֆինանսավորեց Հյուսիս-հարավ մայրուղին, գնահատեց 800 մլն-ից մինչեւ 1 մլրդ, այդ գումարներն ամբողջովին Հայաստանի իշխանությունները ստացել են, եւ պարզվում է, որ 151 մլն դոլարի են ընդհանրապես աշխատանքներ տարել, իսկ ո՞ւր են մնացած գումարները:

Ինչպես կարելի է այդ աստիճանի կողոպտել: Հիմա տրանսպորտի նախարարն ընկած նորից գումարներ է ողորմում, եւ բնական է՝ չի կարողանում ձեռք գցել: Ինձնից անձամբ խնդրել է 400 մլն, որ խելագարն այլեւս այդ փողերը կտա: Չէ՞ որ հասկացանք՝ տված գումարից 20 տոկոսն է օգտագործվել, մնացածը կերել են:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս