«Ժողովուրդ»-ը երգչուհի Նառայի հետ զրուցել է նրա առաջիկա պլանների, յոգայով զբաղվելու, նեգատիվ էներգիան իրենից վանելու միջոցի, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պոտենցիալի եւ այլ թեմաների շուրջ:
-Նառա՛, երկրպագուները հետաքրքրվում են՝ առաջիկայում նոր տեսահոլովակով հանդես կգա՞ք:
-Այո՛, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ աշխատում եմ գործիքավորման վրա, իսկ այդ գործը վստահված է Մուրզոյին՝ Արա Թորոսյանին: Այնպես որ, սպասում եմ՝ ԱՄՆ-ից գա, որ գործն առաջ գնա:
-Իսկ կենդանի կատարումներ Ձեզնից սպասե՞նք:
-Հայաստանում՝ ո՛չ, բայց արտերկրում՝ այո՛:
-Գիտեմ, որ վերջերս սկսել եք զբաղվել յոգայով, կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, պարզապես կասեմ, որ որոշեցի ազատ ժամանակս լցնել առողջարար ու ակտիվ զբաղմունքով:
-Այն, որ տարիները պարզապես անցնում են Ձեր կողքով, թերեւս նաեւ ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ լինելու արդյունքն է, այո՞:
-Տարիները չեն անցնում իմ կողքով, ուղղակի ես չեմ զգում իմ տարիքը եւ չեմ ուզում զգալ, իսկ ով հիշեցնում է ինձ այդ մասին՝ իր խնդիրն է, ոչ թե իմ: Կան մարդիկ, որոնք հոգով երբեք չեն ծերանում, բայց կան երիտասարդներ, որոնք հոգով վաղուց արդեն ծեր են: Իմ տեսքը լավ է, որովհետեւ բոլորին սիրում եմ եւ դրական եմ վերաբերվում, յուրաքանչյուրին ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նա կա: Այդ դեպքում դեմքիդ արտահայտությունն էլ, աչքերդ էլ, հայացքդ էլ գեղեցիկ են լինում, քո ուրախ լինելն անմիջականորեն արտացոլվում է արտաքինիդ վրա: Բացի այդ՝ ես սիրում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ամենավատ մարդու մեջ էլ փորձում եմ տեսնել լավը: Ինչպես որ ես չեմ ուզում որեւէ մեկին փոխել, նույն կերպ եւ չեմ ուզի, որ ինչ-որ մեկը փորձի փոխել ինձ:
-Նառա՛, շոու-բիզնեսում դժվար է դիմակներ չկրել: Ինչպե՞ս եք վարվում Դուք:
-Միայն շոու-բիզնեսում չէ, առհասարակ, ամեն միջավայրում էլ մարդը կրում է դիմակներ՝ տանը՝ մի դիմակ, դրսում՝ մեկ այլ, եւ երբ ինքն իր հետ է, այդ դեպքում միայն չի կրում որեւէ դիմակ: Դա նորմալ է:
-Ես խոսում եմ ոչ թե մարդու տարբեր «եսերի», այլ կեղծ դիմակի մասին:
-Դե, ես էլ խեղկատակության կամ ծաղրածուի դիմակի մասին չեմ խոսում, այլ պաշտպանողական դիմակների:
-Նեգատիվ էներգիայից Դուք ինչպե՞ս եք պաշտպանվում, ինչպես Դուք ասացիք՝ մարդկանց ընդունելով այնպիսին, ինչպիսին նրանք կա՞ն:
-Այո՛, բացի այդ՝ չարությանը պատասխանում եմ բարությամբ: Իմ փորձից կարող եմ ասել, որ դա հրաշալի արդյունք է տալիս: Իսկ եթե դու էլ չարացար, կորած մարդ ես, դու ինքդ ես սեւանում այդ դեպքում:
-Լավ, մի քիչ էլ ոլորտի մասին խոսենք: Երիտասարդ սերնդի կատարողների մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Լավ երիտասարդություն ունենք, ուղղակի այսօր ի հայտ գալու համար ավելի մեծ ջանքեր են հարկավոր, քան տարիներ առաջ:
-Թե՞ հակառակը: Օրինակ՝ նախկինում երգիչները մեծ ճանապարհ պետք է անցնեին, որպեսզի հայտնվեին եթերում, իսկ այսօր դա ձախ ձեռքի գործ է:
-Որակյալ երաժշտություն կատարողների համար միշտ էլ դժվար է: Անտաղանդները հեշտությամբ են գտնում իրենց տեղը: Կան մարդիկ, որոնք նույնիսկ արտերկրում են դահլիճներ լցնում, բայց դա ծիծաղելի է: Ուղղակի լռում ես, որովհետեւ դա իրենց համար բիզնես է: Բայց ժողովուրդը, հավատացեք, լավ գիտի ամենքին՝ անկախ կոչումներից եւ այլ բաներից:
-Աշխատել եք Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում` որպես մեներգչուհի: Հետաքրքիր է՝ Օրբելյանի հետ համագործակցած այլ արտիստների հետ կապը պահո՞ւմ եք:
-Այո՛ , իհարկե, աշխատել եմ, օրինակ, Գայանե Հովհաննիսյանի, Էռնա Յուզբաշյանի հետ, որոնց հետ մտերիմ եմ: Գիտե՞ք՝ ընկերությունը մեկ օրվա համար չէ: Հնարավոր է՝ հազվադեպ ենք հանդիպում, բայց դա ոչինչ չի փոխում: Ի դեպ, ասեմ, որ մեր մեջ տակփորոցի, լիդեր, աստղ դառնալու ձգտում չի եղել. ամեն մարդ իր տեղում էր: Եթե այսօր էլ հասկանան, որ այդ սկզբունքով է պետք է առաջնորդվել, շատ բան կփոխվի դեպի լավը:
Աննա Բաբաջանյան