Կիևում շինանյութի Սերգեյի որդուն առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` անցած տարվա նոյեմբերի 12-ից անհետ կորած էին գործարար Սերգեյ Մանուկյանի` շինանյութի Սերգեյի որդին ու աներորդին` Արմանն ու Սամվելը: Երիտասարդներին առևանգել էին Ուկրաինայում նրանց առանձնատան բակից: Ըստ նույն տվյալների` երկու անծանոթ մարդիկ, զենքի սպառնալիքով, ավտոմեքենայով նրանց տարել էին անհայտ ուղղությամբ: Եվ ավելի քան երեք ամիս անց` հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ առևանգված երիտասարդներն ազատության մեջ են. նրանց հայտնաբերել և տեղափոխել են տուն:

Այսօր հայտնի դարձավ, որ հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են Ռուսաստանի հետ սահմանին՝ Ուկրաինայի Սումիի մարզում, հայտնում է fakty.ua-ն:

«Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ: Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ առևանգվածներից մեկի հորից, պահանջում էին փրկագին: Գումարը փոքր չէր՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»,- ասել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն:

Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա շնորհիվ նրա, որ առևանգվածներից մեկը կարողացել է ազատվել շղթաներից, կոտրել պատուհանը և երկրորդ հարկից ցատկելով փախչել ու ոստիկանություն կանչել:

Երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Նրանք կալանավորվել են:

Հաղորդվում է, որ կասկածյալները չեն ընդունել իրենց մեղքը, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ են եղել այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին: Նրանք հավանաբար պատրաստվում էին նոր առևանգումներ իրականացնել, հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

 




Լրահոս