ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում` Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` հունվարի 18-ին ձերբակալված քրեական հեղինակություն, ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով ՀՀ իրավապահները մի շարք պաշտոնատար անձանց կկանչեն հարցաքննության:

Քրեական տարրերի բախումը
Ինչպես հայտնի է` Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը` նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին` Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը` Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո` «ռազբորկաներից» մեկի ժամանակ, Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին` Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց:
Նոր սպանություն
Դեպքերը նոր թափ ստացան. 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանը սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին:
Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց` սպանության եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով:
2017թ. սեպտեմբերի 15-ին քննչական կոմիտեն քրեական գործի նախաքննությունն ավարտել էր, սակայն Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարել՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից թերի քննություն է եղել:
Վենդետայի շարունակությունը
Լոռու մարզի դատախազի տեղեկալի այս որոշումը պատահական չէր, քանի որ տարիներ շարունակ Ալավերդի քաղաքում միմյանց դեմ գործող երկու կրիմինալ անձանց թիմակիցները մի նոր կինո էին սարքել Երեւանի Վերնիսաժի տարածքում: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության փողոցում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը կրակոցներ էին արձակել Վահագն Աբգարյանի եւ նրան թիմակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվեց Գագիկ Մոսինյանը:
Այս դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին սպանությունը կատարողների նկատմամբ, որից հետո Կոտայքի մարզում հայտնաբերվեց Ռաֆայել Խաչատրյանը, իսկ մյուս հետախուզվողներին 2017 թվականի հոկտեմբերին գտան Վրաստանի Հանրապետությունում, բայց մինչ օրս այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան:
Գրել էինք, որ սպանություն կատարող անձինք Վրաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեն, ուստի նրանց տեղափոխելու գործընթացը ՀՀ իրավապահների համար բարդացել է:
Նկատենք, որ Ալավերդի քաղաքում 2 տարի շարունակ տեւած կրիմինալ բախումների հետեւանքով 3 մարդ է սպանվել, բայց եթե իրավապահ համակարգը «քնից վաղ արթնանար», գործի անցներ, այսքան զոհեր չէին լինի:
Սպանություններից ամիսներ անց
Այսպիսով` 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ իրավապահները ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված եւ ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ ու Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով: Ասել է, թե սպանությունից 7 ամիս անց նոր ՀՀ իրավապահ համակարգը կարողացավ բուն սպանության գործը բացահայտել կամ, այսպես ասած, համարձակություն ցուցաբերել եւ պատասխանատվության կանչել Աբգարյանին, սակայն այս դեպքում` եւս ուշացած:
ԱԱԾ գաղտնալսումները
«Ժողովուրդ» օրաթերթին Վահագն Աբգարյանի ձերբակալությունից աղմկալի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես ԱԱԾ-ն, ինչպես նաեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը խիստ վերահսկողություն են իրականացրել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի նկատմամբ, բնականաբար, գաղտնալսել նրան: Այդ ընթացքում բացահայտել են, որ նա սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցներից հետո սկսել է հանցավոր խմբավորում ստեղծել՝ վրեժխնդիր լինելով իր մտերիմ ընկերոջ սպանության համար: Այդ գործողությունների ընթացքում հայտնի է դարձել, որ նրա թիրախում է եղել իր ազգական, քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը:
Այսպիսով` 4-րդ վենդետան կանխելու համար ձերբակալվել է Վահագն Աբգարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` հունվարի 18-ին, երբ իրավապահները «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել Վահագնին ու նրա թիմակիցներին, հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, տրոտիլ եւ այլ նման նյութեր:
Պաշտոնյաներ կհարցաքննվեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պատմության ամենաուշագրավ հանգամանքը այն է, որ այս ամիսների ընթացքում Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Ուստի իրավապահները գործի հանգամանքներից ելնելով` որոշ պաշտոնատար անձանց պետք է կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք Աբգարյանի հանցավոր քայլերի հետ:
Լոռու մարզպետը կհարցաքննվի՞
Ինչպես հայտնի է` Վահագն Աբգարյանը եղել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմակիցը, եւ այս աղմկահարույց դեպքերից հետո նրանք մի քանի անգամ խոսել են միմյանց հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզպետի հետ:
-Պարո՛ն Նալբանդյան, Դուք վերջին շրջանում խոսե՞լ եք Վահագն Աբգարյանի հետ, տեղյա՞կ եք եղել նրա պլանների մասին:
-Ուղղակի, չգիտեմ` ծիծաղե՞մ, թե՞ զարմանամ:
-Լավ կլինի պատասխանեք:
– Ես այդ մարդու հետ որեւէ առնչություն չունեմ, ինչո՞ւ ինձ պետք է զանգի, խոսի:
-2015 թվականից Ձեր թիմակիցն է եղել:
-Շատ կներեք, մենք 5000 թիմակից ենք ունեցել, եւ Ալավերդին փոքր քաղաք է, բոլորը իրար ճանաչում են, հիմա բոլորը պարտադիր իրար պետք է զանգեն ու կարծիք հայտնե՞ն:
-Այսինքն` չեք խոսել նրա հետ, կապ չե՞ք ունեցել:
-Հիմա 21-րդ դարն է, ցանկացած պահի, ցանկացած հեռախոս կարող են գաղտնալսել եւ դեռ նախորդ օրերի հեռոխոսային խոսակցությունները վերծանել, դրա մեջ որեւէ խնդիր չկա :
-Այսինքն՝ Դուք վախենալու բան չունե՞ք:
-Ընդհանրապես վախենալու բան չունեմ, ես որեւէ առնչություն չունեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. նոյեմբերի 1-ից աշխատելով ՀՀ փաստաբանների պալատում` որպես գլխավոր հաշվապահ, լինելով փաստաբանների պալատի ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն ունեցող, նյութական պատասխանատու անձ` չի պահպանել հաշվապահական հաշվառման վարման կանոնները եւ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2014թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ՀՀ փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 134 միլիոն 821 հազար 915 դրամ: Կ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու մասին: Այս քրգործը կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը կնախագահի դատավոր Գագիկ Պողոսյանը:

 

 

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Երեւանի հ.131 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Գայանե Վարդանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տնօրենը 2006թ. հուլիսից մինչեւ 2013թ. հունվարը ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց՝ Արսեն Ղազարյանին, Սուսան Սաղաթելյանին, Էլմիրա Մաթեւոսյանին, Հարություն Թադեւոսյանին եւ Գայանե Գեւորգյանին, ձեւականորեն գրանցել է որպես ուսումնական հաստատության աշխատակիցներ, նրանց անուններով «Արարատբանկ» ԲԲ եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություններում բացել է հաշիվներ, այդ հաշիվներին աշխատավարձեր փոխանցելու համար կազմել է փաստացի չաշխատած աշխատակիցների մասով համապատասխան վճարման հանձնարարագրեր եւ քողարկելով վերջիններիս աշխատանքի չհաճախելու փաստը` Երեւանի քաղաքապետարանից որպես ամենամսյա աշխատավարձ է ստացել, որը կազմել է մոտ 9 միլիոն դրամ: Արդյունքում այդ գումարները կանխիկացրել է եւ յուրացրել: Պարզեցինք, որ Գայանե Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

 

ԲՈՅԿՈՏԵԼ Է ՆԻՍՏԸ
«Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում երեկ լրացել է ամբաստանյալներից Ժիրայր Սէֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը, եւ նրանք բերվել են նիստերի դահլիճ: Ժ. Սէֆիլյանը կրկին հայտարարել է, որ բոյկոտում է նիստը եւ հեռանում, քանի դեռ իր ընկերների` «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը չի կատարվել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Սէֆիլյանին չի թույլատրել հեռանալ, սակայն վերջինս լքել է նիստերի դահլիճը: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

 

 

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅՑԵԼԵՆ
Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը: Արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են ավելի վաղ տեղի ունեցած գագաթնաժողովներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, եւ համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը: Համանախագահները նաեւ արտգործնախարարներին հայտնել են, որ ցանկություն ունեն քննարկելու հակամարտությունից տուժած տարածքներ գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը: Պոպովը, Վիսկոնտին եւ Շոֆերը ծրագրում են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելել:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կայացել է ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ հաստատել է հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը: Հիշեցնենք, որ դեռ անցած ամռանը, երբ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր Լեւոն Սարգսյանին Մատենադարանում պաշտոն ստանալու լուրերի մասին, նա հերքել էր: Բայց, փաստորեն, իրականցան այդ լուրերը:




Լրահոս