ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ-ում բոլորն անհամբեր սպասում են ապրիլին, երբ հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ վարչապետ, որը, ըստ նոր Սահմանադրության, լինելու է երկրի առաջին դեմքը, սակայն մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար այդ հարցում անակնկալներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը վստահություն հայտնեց, թե ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը:

Թեեւ մեր երկրում անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն էր իր խոսքում նշել, թե անորոշությունը բացասաբար է անդրադառնում բիզնեսի եւ տնտեսության վրա, սակայն Կոլերովի խոսքով` ՌԴ-ում այդ անորոշությունը չկա: «Հստակ ազդակ ենք ստացել, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը», – նշեց Կոլերովը:
Իսկ թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը, ՌԴ-ին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նոր Սահմանադրությամբ նա մեծ լիազորություններ չի ունենալու:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարեց՝ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Ընդ որում, հետաքրքիր օրինաչափությամբ Կարեն Կարապետյանը «բերվեց» ՌԴ-ից, ապագա նախագահը՝ Մեծ Բրիտանիայից:
-Պարո՛ն Կոլերով, Հայաստանում առաջիկայում ներքաղաքական հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ՀՀ-ն կունենա նոր նախագահ եւ նոր վարչապետ: Ո՞ր դեպքում այդ փոփոխությունները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Ոչ մի: Հստակ է, որ ՀՀ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը:
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը չլինի՞ վարչապետ:
-Այդ դեպքում ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ իշխանությունից հեռանալու պայմաններում: Դա կլինի նրա լրիվ մեկուսացումն իշխանությունից, իսկ դրան հավատալ ես չեմ կարող: Եթե Սերժ Սարգսյանը հեռանա, իհարկե, դա արդեն կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ յուրաքանչյուր նոր առաջին դեմք, իսկ Սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը լինելու է վարչապետը, պետք է հաստատի առաջին հերթին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում եւ այդ հարաբերություններին վերաբերող այլ հարցերում եւս: Ու քանի դեռ նոր դեմքը չի հաստատի այդ ամենը, դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բայց քանի որ առաջին դեմքը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, ոչ մի փոփոխութուն չի լինի:
-Պաշտոնական Մոսկվան վստա՞հ է, որ հենց նա է լինելու վարչապետ:
-Ռուսաստանը ստացել է բոլոր անհրաժեշտ ազդանշանները Հայաստանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը պահպանելու է իշխանությունը:
-Իսկ կարեւոր չէ՞, թե ով է լինելու ՀՀ նախագահը:
-Թե ով կլինի նախագահ կարեւոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձեւական ֆունկցիաներ են տրված:
-Ամեն դեպքում այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Ինչպիսի՞ թեկնածու է նա ՌԴ-ի համար:
-Ոչ մի: ՌԴ-ի համար լրիվ միեւնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձեւական է: Նրա դերը զրոյական է:
-Կարեն Կարապետյանին համարում են ռուսամետ գործիչ, Արմեն Սարգսյանին՝ արեւմտամետ: Տարօրինա՞կ չէ Սերժ Սարգսյանի քաղաքականության փոփոխությունը:
-Կարեն Կարապետյանին որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երեւանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել: Կարեն Կարապետյանը ՌԴ-ում ապրել է ընդամենը մի քանի տարի: Իսկ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ է ապրել: Սակայն պետք է կրկնեմ, որ նախագահը ձեւական բնույթ է կրելու եւ ըստ նոր Սահմանադրության` ոչ մի դերակատարում չի ունենալու: Երկիրը կներկայացնի Սերժ Սարգսյանը:

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ

Հայաստանի խորհրդարանը կարող է մինչեւ մարտի վերջ վավերացնել ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպես հայտնի է՝ գործադիրում փաստաթուղթը հավանության էր արժանացել տարեվերջին, եւ Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո այն կուղարկվի խորհրդարան:

Սակայն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պետք է այն վավերացնեն ԵՄ անդամ 28 երկրները: Մինչ այժմ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան՝ դառնալով ԵՄ պետություններից առաջինը, որը վավերացրել է մեզ վերաբերող կարեւորագույն այդ փաստաթուղթը:
Սակայն շատ կարեւոր են նաեւ Հայաստանի քայլերը, որոնք պետք է փաստաթուղթը կյանքի կոչեն: Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով միջգերատեսչական խումբ է ստեղծված, որը պետք է համակարգի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումն ապահովող միջոցառումները: Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ կազմում ընդգրկված են մի քանի նախարարներ, փոխնախարարներ, իսկ հանձնաժողովն էլ պետք է ամենաքիչը երեք ամիսը մեկ հանձնաժողովի նիստ գումարի:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առանձին «ճանապարհային քարտեզի» անհրաժեշտություն չկա: «Իրավական որեւէ հետեւանք այն չի ունենա: Առկա է գործընկերության գերակայությունների փաստաթուղթը, եւ կա աշխատանքային խումբը, որը շուտով աշխատանքի կանցնի», – նշեց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե նաեւ Հայաստանից է կախված համաձայնագրի կիրառումը եւ այն մյուս պետությունների կողմից վավերացումը, Աշոտյանը ընդգծեց, թե վավերացման հարցն առաջնահերթ է լինելու այս տարվա համար: Վերջինս ընդգծեց, թե ակնկալում են արագ վավերացում: «Մենք ԵՄ անդամ-պետությունների կողմից ակնկալում ենք փաստաթղթի արագընթաց եւ սահուն վավերացում: Խոչընդոտները զուգահեռ են, երկկողմանի պայմանագրերը երկու կողմերի պարտավորություններ ու իրավունքներ են սահմանում: Մենք մեր կողմից իրականացնելու ենք ստանձնած պարտավորությունները եվրոպական չափանիշներին համապատասխան: Ամեն ինչ դեռ նոր է սկսում, համաձայնագիրը պետք է միս ու արյուն ստանա», – ընդգծեց Աշոտյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ համաձայնագիրն անցումային դրույթներով կարող է ուժի մեջ մտնել Հայաստանի խորհրդարանի կողմից այն վավերացնելուց անմիջապես հետո: «Որոշ ծրագրերի իրականացման համար չի պահանջվելու Եվրախորհրդարանի կողմից փաստաթղթի վերջնական վավերացում», – նկատեց նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ մինչեւ համաձայնագրի վավերացումը շատ դրույթներ կյանքի կոչելու մասին շեշտել էր նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «ԵՄ տեսանկյունից ամենակարեւորն այն է, որ համաձայնագիրը կարող է նախապես կիրառվել այս տարի, հուսամ՝ այս տարվա գարնանը: Սա պահանջում է, որ համաձայնագիրը վավերացնի Հայաստանը: Առկա է ընթացակարգ, որը մեխանիկորեն սկսում է նախապես կիրարկումը: Համաձայնագրի շատ հատվածներ կարող են կյանքի կոչվել առանց փաստաթղթի ամբողջական վավերացման: Մենք ակնկալում ենք, որ համաձայնագրի նախնական կիրարկումը շուտով կսկսվի», – «Ազատությանը» փոխանցել էր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի եւ դրոշի կողքին: Սակայն, եթե վերջին երկուսը, ըստ Սահմանադրության, համարվում են պետության խորհրդանիշները, ապա Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է` քաղաքական ավանդույթից ելնելով, քանի որ նախագահն է համարվում պետության գլուխը: Եվ այժմ հարց է առաջանում՝ նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո, ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Ի վերջո, Սահմանադրությամբ նախագահը շարունակում է համարվել պետության գլուխը, սակայն իրական ղեկավարը լինելու է վարչապետը: Ընդ որում, վարչապետն էլ լինելու է հենց իշխող կուսակցության առաջնորդը: «Ժողովուրդ» օրաթերթը` հասկանալու համար, թե, ի վերջո, ապրիլից հետո ում լուսանկարն է փակցվելու, զրուցեց սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանի հետ, ով ընդգծեց, որ Սահմանադրությամբ ՀՀ խորհրդանիշները համարվում են զինանշանն ու դրոշը, եւ դժվարացավ մեկնաբանել, թե ում լուսանկարը կլինի ապրիլից հետո` դա համարելով քաղական ավանդույթ: Այժմ ՀՀԿ-ականները չեն մեկնաբանում, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. հավատարիմ կմնան իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի՞ն, թե, այնուամենայնիվ, կգերադասեն անկուսակցական Արմեն Սարգսյանի լուսանկարների ներքո աշխատելը:

 

 

 

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Պաշտպանության նախարարությունը հեղինակել է կառավարության որոշման երեք նախագիծ, որոնցում սահմանված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու ընթացակարգերը: Հիշեցնենք, որ 2017թ. տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխություններով էապես սահմանափակվեցին քաղաքացիների տարկետման իրավունքները: Այնուամենայնիվ, կրթության, գիտության, սպորտի եւ արվեստի բնագավառում տարկետման իրավունքի տրամադրման իրավասությունը տրվելու է ՀՀ կառավարությանը: Որոշման նախագծի համաձայն, օրինակ, գիտության եւ կրթության բնագավառների համար գերակա ճանաչված ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Տարկետման դեմ հանդես եկող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախագիծը ընդհանուր սկզբունքներ է միայն սահմանում եւ շատ հարցերի պատասխաններ չունի: Նշենք, որ ըստ փաստաթղթի` ԿԳՆ-ի կողմից ձեւավորված հանձնաժողովը պետք է եզրակացություն տա, թե ով է արժանի տարկետում ստանալու: Այս առումնով Դ. Պետրոսյանը կարեւոր է համարում հենց հանձնաժողովի կազմը: «Ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունվի շատ լավ մեթոդ, երկրորդ հարցը լինելու է, թե ովքեր են այն իրականացնելու, որոշում կայացնելու: Եթե նույնիսկ հնարավոր եղավ լավ կարգավորում ունենալ, ավելի շատ բան կախված է լինելու իրականացնողներից», – եզրափակեց նա:




Լրահոս