Տարեվերջին ԱՎԾ հրապարակած «Աշխատանքի շուկան ՀՀ-ում» զեկույցում բավական ուշագրավ արձանագրումներ կան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին Հայաստանից արտագաղթի ահագնացող տեմպերի, դրա հետեւանքով ժողովրդագրական վիճակի վերաբերյալ: Հասկանալի պատճառներով այս զեկույցը լայն արձագանք չստացավ: Մինչդեռ արժեր անդրադառնալ այնտեղ ներկայացված ցուցանիշներին, եւ մանրամասն վերլուծությամբ կարելի է լուրջ հետեւություններ անել:
Արտագաղթը, որ նոր թափ ստացավ 2008 թվականից, իր բացասական հետեւանքներն է թողել սոցիալ-տնտեսական բոլոր բնագավառներում: Մասնավորապես այս տարիներին Հայաստանում հետեւողականորեն նվազել են աշխատանքային ռեսուրսները, տնտեսապես ակտիվ բնակչությունը, զբաղվածները, պակասել են անգամ գործազուրկներն ու տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը:
Ըստ ԱՎԾ-ի` 2008թ. աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 376,9 հազար մարդ, իսկ արդեն 2016թ. այդ թիվը կազմել է 2 մլն 11,4 հազար (2017թ. ցուցանիշները դեռեւս չեն ամփոփվել ու հրապարակվել): Ասել է, թե այս 9 տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները պակասել են 365,5 հազարով:
ԱՎԾ զեկույցի համաձայն` Հայաստանում տարեցտարի նվազել է տնտեսապես ակտիվ բնակչության թիվը. 2008թ. այն 1 մլն 414,6 հազար հոգի էր, ապա 2016թ. այդ թիվը կազմել է 1 մլն 226,3 հազար: Ինը տարվա ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը պակասել է 188,3 հազարով:
Նույն տեմպերով նվազել է զբաղվածների թիվը. 2008թ. 1 մլն 163,8 հազար հոգու փոխարեն 2016թ. զբաղվածները 1 մլն 6,2 հազար էին: Այսինքն՝ այս ցուցանիշն էլ ինը տարվա ընթացքում պակասել է 176,9 հազարով:
Նույնկերպ Հայաստանում նվազել է գործազուրկների թիվը՝ 224,6 հազարից արդեն 2016թ. հասնելով 220,2 հազարի: Բայց գործազուրկների թիվն ինը տարվա ընթացքում 4,4 հազարով պակասել է ոչ թե աշխատանք գտելու հետեւանքով, այլ որովհետեւ նրանք եւս արտագաղթել են ճիշտ այնպես, ինչպես արտագաղթել է տնտեսապես ակտիվ բնակչության մի մասը:
Եւ, վերջապես, Հայաստանում այս տարիներին պակասել է անգամ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը. եթե 2008թ. այս ցուցանիշը 962.3 հազար էր, ապա 2016թ. այն հասել է 758.1 հազարի:
Այս պատկերը, բնականաբար, արտագաղթի արդյունքում է ստեղծվել: Իսկ սրա հետեւանքներն ինքներդ կարող եք ենթադրել: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա իսկական աղետ է տնտեսության համար: Ի վերջո, այս տարիներին Հայաստանից հեռացել է երկրի հիմնական շարժիչ ուժը՝ աշխատողը, ստեղծողը, հարկ վճարողն ու սպառողը: Եւ եթե վերջին տարիներին Հայաստանում ոչ մի կերպ չի ստացվում ապահովել բավարար տնտեսական աճ (որպեսզի մարդիկ իրենց մաշկի վրա զգան դրական փոփոխությունները), պատճառը միայն իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը չէ: Արդեն սկսել են չբավարարել երկրի հնարավորությունները, ռեսուրսները:
Չնայած այս իրավիճակին, իշխանությունները հիմա փորձում են ամեն ինչ վարդագույն ակնոցներով ներկայացնել: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ՝ ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, այնուհետեւ՝ երեկ` Շվեյցարիայում առեւտրային պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փորձել է համոզել, թե Հայաստանում ներդրումներ անելու ամենալավ ժամանակն է. «Եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու եւ բիզնեսով զբաղվելու արժանի վայր է»,- ասել է նա: Բայց դե, ճիշտ կանեին, եթե իշխանությունները նախ եւ առաջ լուծումներ գտնեին արտագաղթի տեմպերը նվազեցնելու եւ բնակչության թվաքանակը շարունակելու ուղղությամբ: Այլապես մի երկրում, որտեղ նվազում է ե՛ւ արտադրող, ե՛ւ սպառող ուժը, հազիվ թե որեւէ մեկը ցանկանա ներդրումներ անել: Էլ չենք ասում ղարաբաղյան հակամարտության, ըստ այդմ, մշտապես պատերազմի վերսկսման վտանգի առկայության մասին. փաստ, որն ամենաշատն է մտահոգում բիզնեսին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԻ ԳՅՈՒՂ` ՄԻ ԶՈՒՅԳ
Մինչ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ուղղաթիռով Երեւանից Կապան աշխատանքի է գնում շաբաթվա մեջ մի քանի անգամ, ՀՀ Սյունիքի մարզի Քաշունի համայնքն այս ընթացքում պարզապես դատարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Քաշունիում ապրում է երկու ծեր ամուսին, երկուսն էլ` 80-անց: Մինչդեռ մեկ-երկու տարի առաջ այս գյուղն ուներ ավելի քան 27 բնակիչ: Նշենք, որ 2016 թ. Քաշունին խոշորացվել եւ միացվել է Տաթեւ համայնքին:
Քաշունիի գյուղապետարանի նախկին աշխատակազմի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ երկու տարի առաջ գյուղում ապրում էր գոնե մի քանի ընտանիք, որոնք լքեցին գյուղը խոշորացվելուց հետո. «Հիմա մի պառավ կին է ապրում իր ամուսնու հետ, որիշ ոչ ոք»,- նշեց նա:
ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ
Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Շվեյցարիա՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Ու հիմա երկրի փաստացի ղեկավարը դարձել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որ Սահմանադրությամբ երկրի երկրորդ պաշտոնյան է: Բայց նկատենք՝ Արա Բաբլոյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելը. այն իր համար չէ, եւ Աժ նախագահ է դարձել միայն` այդ պահի նպատակահարմարությունից ելնելով: Հուսանք` այս օրերին Հայաստանը ստիպված չի լինի բախվել լուրջ իրողությունների հետ:
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ԱԻՆ նախկին աշխատակիցներից Հարություն Կարապետյանն օրերս դիմել է ՀՀ վարչական դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի կողմից երկարամյա ծառայության համար զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ հաշվարկ եզրակացությունը եւ երկարամյա կենսաթոշակի գործը վերադարձնել զինվորական կոմիսարիատ: Ամենայն հավանականությամբ, նրա աշխատանքային գրքույկում ոչ բոլոր տվյալներն են ներառվել, ինչի պատճառով նշանակված թոշակը քիչ է եղել, եւ հիմա նա փորձում է իրավունքները դատական կարգով պաշտպանել:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ
Ժիրայր Սէֆիլյանի գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանը, որը անցած տարի` դեկտեմբերին, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա պաշտպանը վերաքննիչ դատարանից պահանջում է արդարացնել Արթուր Մովսիսյանին: Այս գործը 2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ընդունել է վարույթ, իսկ թե որքանով կբավարարվի միջնորդությունը, ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք` այն փոխանցելով ժիրայր Սէֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Իսկ ահա Մովսիսյանը պնդում է, որ Սէֆիլյանին չի ճանաչում:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՏՈՐԵԼՈՒ
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին վերադարձել է Մեծ Բրիտանիա: Նա օդանավակայանում հանդիպել է Ստրասբուրգ մեկնող պատգամավորների խմբին, սակայն իր առաջադրվելու վերաբերյալ ոչինչ չի խոսել: Ազգային ժողովի խմբակցությունների հետ նրա հանդիպումը նախատեսվում է փետրվարի սկզբին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել` վերջնական որոշում ընդունելու համար: Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ ՀՀ 4-րդ նախագահը ընտրվի խորհրդարանական լայն համաձայնությամբ եւ այդ կապակցությամբ առաջարկել նրան «մտորումների ժամանակ» հանդիպել խորհրդարանական ուժերին: Փաստորեն, մտորումների փուլը թեկնածուն անցկացնելու է Անգլիայում:
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Նա նշել է, որ ըստ ժամանակագրության` առաջինն ընտրվելու է հանրապետության նախագահը մարտի 2-ին: «Ընտրությունից հետո որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետեւ գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Այդ օրը ԱԺ հատուկ նիստում ՀՀ ընտրված 4-րդ նախագահը կստանձնի իր լիազորությունները: Այդ նույն օրը կառավարությունը կներկայացնի հրաժարական»,-պարզաբանել է Արփինե Հովհաննիսյանը: Ըստ Սահմանադրության` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ-ի խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածու: Ինչից հետո ԱԺ հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթ, տեղի կունենա վարչապետի ընտրությունը խորհրդարանում:
ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է
«Ելք»-ի խմբակության պատգամավոր Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից հանդիպման առաջարկի դեպքում «Ելք»-ը կհանդիպի նրան` լսելու, որոշ հարցեր քննարկելու, մտահոգությունները հայտնելու համար: Նա հայտնել է, որ այդ հանդիպումը չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա: «Նախ «Ելք»-ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեեւ ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետեւ անհրաժեշտ ստորագրությունների քանակը չհավաքվեց, այնուամենայնիվ, «Ելք»-ը պետք է շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը»,-ասել է Ա. Միրզոյանը: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի խոսքով` իրականում իրենք կարծում են, որ իրենց թեկնածուն` Արտակ Զեյնալյանը, շատ առումներով գերադասելի է Արմեն Սարգսյանից: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի նախագահի ընտրություններն անցնեն 1 փուլով, իսկ դրա համար անհրաժեշտ է 79 ձայն, եւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում, ընդդիմությունից 14 ձայն է պետք, Արարատ Միրզոյանը նշել է, որ, եթե ՀՀԿ-ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու, «Ելք»-ը` դեմ, ուրեմն այդ բացը կլրացնեն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ կայացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստը, որի նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին: Նիկոլետտին այդ պաշտոնում կփոխարինի Ստելլա Կիրիակիդեսին: Հիշեցնենք, որ ձմեռային նստաշրջանի ընթացքում կընտրվի նաեւ ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար: