2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն` Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցներից մեկը, ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց:
Ինչպես էին տղաներին առեւանգել
Եվ այսպես` 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին՝ Արման Մանուկյանը, եւ աներորդին՝ Սամվելը:
Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը: Երբ դուրս են եկել` առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան: Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցիաների եւ ավելորդ քայլերի դիմելու:
Ավելի ուշ, երբ տղաների հարազատները նրանց չեն կարողացել գտնել, դիմել են տան բակի տեսախցիկների օգնությանը եւ պարզել, թե ինչպես են գլխարկով դեմքները փակած երկու զինված անձ տղաներին նստեցնում մեքենաները եւ գնում անհայտ ուղղությամբ: Մեզ լուրեր հասան, որ գործարարի մտերիմները փորձել են տեսանյութում երեւացող տղաների դեմքը կամ գոնե առեւանգած մեքենաների համարները ֆիքսել, բայց անօգուտ, քանի որ տեսանկարահանածը հնարավորություն չի տվել իմանալու մեքենաների համարանիշները: Միայն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է սլացել այն՝ աստիճանաբար կորելով տեսախցիկի տեսադաշտից:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. լուրջ գումար են տարել գողերը, որոնց դեմքերը դարձյալ չեն երեւացել տեսախցիկներով:
Կատարվածից հետո գործարար Սերգեյ Մանուկյանին եւ նրա մտերիմ շրջապատին այլ ելք չէր մնում, քան գործարար կապերով, պաշտոնական խողովակներով, Ուկրաինայի նախկին ու ներկա պաշտոնյաներին, քրեական տարրերին ներգրավելով` սկսել տղաների որոնման աշխատանքները:
Առեւանգման վարկածները
Կատարվածից հետո սկսվեցին մի շարք վարկածներ առաջ քաշվել, թե ով կամ ինչի համար կարող էր առեւանգել գործարար Մանուկյանի հարազատներին: Վարկածներից մեկով առեւանգումը կապված էր Սերգեյ Մանուկյանի բիզնես գործունեության հետ. մրցակիցները ցավեցրել են գործարարին: Բայց կա նաեւ վարկած, որ միգուցե կատարվածը բիզնես գործունեության հետ կապ չունի, այլ պարզապես տղաներն են Կիեւում անախորժությունների մեջ հայտնվել այլ երիտասարդների հետ, ու արդյունքում տեղի է ունեցել այս պատմությունը: Մի վարկած էլ կա, որ Հայաստանից էին կազմակերպել գործարար Մանուկյանին ցավեցնելու այդ տարբերակը: Իսկ թե ո՞ր վարկածն է իրականությանը համապատասխանում, դժվար է ասել: Բայց փաստ է, որ Ուկրաինայի իրավապահները փաստի առթիվ հարուցել են քրեական գործ, կատարվում է քննություն:
2-ամսյա փնտրտուքը
Տղաների առեւանգումից հետո «Ժողովուրդ»-ը գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմներից հետաքրքրվում էր, թե ինչ տեղեկություն կա տղաներից, նրանք նշում էին, որ աղոթում են` տղաներին ողջ-առողջ հետ վերադարձնելու համար եւ դեռ չգիտեն` ուր են ու ինչ վիճակում:
Այսպիսով 2 ամիս փնտրտուքից հետո տղաներին հայտնաբերեցին: Ըստ հրապարակումների` տղաներին կարողացել են բավականին մեծ փրկագնի միջոցով ազատ արձակել, սակայն «Ժողովուրդ»-ին պաշտոնական աղբյուներից հայտնի դարձավ, որ տղաներին ազատ են արձակել` առանց փրկագին վճարելու: Այստեղ հարց է առաջանում, եւ կատարվածը մնում է առեղծված. եթե գործարարի որդուն եւ նրա եղբորը ազատ են արձակել առանց փրկագնի, ապա ինչո՞ւ էին առեւանգել: Արդյո՞ք միայն գործարար Սերգեյ Մանուկյանին ցավեցնելու կամ որեւէ բան հասկացնելու համար:
Թեեւ մյուս կողմից բացառված չէ, որ կլորիկ գումար, այնուամենայնիվ, գործարարը տվել է, սակայն այդ մասին չի խոսվում:
Ինչեւէ: Անդրադառնանք նաեւ մյուս կարեւոր հանգամանքին. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել: Տղաներին ազատ արձակելուց անմիջապես հետո նրանց տեղափոխել են Կիեւի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ համապատասխան զննում ու օգնություն ցուցաբերելուց հետո նրանց դուրս են գրել եւ տարել հյուրանոց:
Ի դեպ, այս պահին Կիեւում իր հարազատների մոտ է գտնվում գործարար Սերգեյ Մանուկյանը, որը ամեն ինչ անում է` տղաների անվտանգությունը ապահովելու եւ նրանց շուտափույթ Հայաստան վերադարձնելու համար:
Երեկ տեղեկացանք, որ գործարարի հարազատներն արդեն հասցրել են Հայաստանից զանգահարել եւ խոսել տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, տարաբնույթ հարցեր տվել, սակայն տղաները միայն ասել են, որ լավ են, ամեն ինչ կարգին է՝ խուսափելով այլ հարցերի պատասխանելուց: Բանն այն է, որ տղաները շարունակում են մնալ Ուկրաինայի իրավապահների խիստ հսկողության տակ:
Իսկ թե որտեղից են գտել տղաներին, ովքեր էին, ի վերջո, նրանց առեւանգողները եւ, առհասարակ, որն էր առեւանգման հիմնական նպատակը, դեռեւս մնում է անպատասխան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
2017թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարական էր տվել դատախազներին միջոցներ ձեռնարկել քրեական օրենսգրքով նախատեսված, ուղղմանը նպաստող այլ պարտականությունները դատապարտյալի վրա դնելն ապահովելու ուղղությամբ: Ինչպես հայտնել էր դատախազությունը` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում: Դատարանները հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս` վերջիններիս նկատմամբ պարտականություն սահմանելու հարցը չեն քննարկում եւ արդյունքում այդպիսիք չեն սահմանում: Ելնելով կատարված ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքներից` գլխավոր դատախազը հանձնարարական էր տվել դատախազներին, որպեսզի այն դեպքերում, երբ ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում կամ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ առարկություն չի ներկայացվում, դատարանին առաջարկել դատապարտյալի վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող պարտականություններ: Խոսքը վերաբերում է, օրինակ, որոշակի վայրեր չհաճախելուն, աշխատանքի բնույթի կամ տեղի փոփոխության մասին վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացնելուն, հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելուն եւ այլն: Ավելին` գլխավոր դատախազը նաեւ խնդրի հետ կապված դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` խնդրի ուղղությամբ միասնական մոտեցում որդեգրելու համար:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե հանրօգուտ աշխատանքներում ներգրավվել կոնկրետ ինչ աշխատանք նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազը, ինչին ի պատասխան` հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ խոսքը վերաբերում է այնպիսի աշխատանքներին, որոնք ուղղված են հանրության բարօրությանը: Մասնավորապես որպես հանրօգուտ աշխատանք կարող է դիտարկվել համահանրապետական կամ համայնքային կտրվածքով շաբաթօրյակներին, ծառատունկներին մասնակցությունը, նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցությունը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի այս առաջարկը խիստ մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ դատախազները դատարաններին առաջարկել են դատապարտյալների վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող այնպիսի պարտականություններ, որ, օրինակ, խարդախության համար ազատազրկման համար պատիժը պայմանականորեն չկիրառված կնոջը տեղավորեն աշխատանքի որեւէ կենտրոնում հավաքարար կամ նման այլ աշխատանքի: Սակայն դատարանները մտահոգվել են, որ միգուցե մեկ անձին կարողանան այդ հարցով օգնել, բայց ոչ բոլորի դեպքում կարող են ապահովել աշխատանքով: Ավելին` այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն իրողությունը, որ ոչ բոլոր աշխատավայրերում են պատրաստ ընդունելու աշխատանքի այն անձանց, որոնք գողության համար են դատապարտվել, ու դատարանը նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառել:
Այսպիսով` դատախազի հանձնարարականը դեռ մնացել է օդում կախված:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է
Հունվարի 20-ին ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ, որին հատկացվել է բուժօգնություն: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր տեղեկատվությունը, որ նորակոչիկ Է. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է: Զինվորը, մինչ լուսամուտից ցած նետվելը, հայտարարել է. «Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի»: Նա զորակոչվել է բանակ հունվարի 12-ին, եւ արդեն 8 օր էր, ինչ ծառայում էր ՊԲ N զորամասերից մեկում: Ծառայության առաջին իսկ օրվանից սկսած նա հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել: Նրա հետ աշխատել են ՊԲ իրավաբաններն ու հոգեբանները: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ըստ նախնական տվյալների` նորակոչիկը ինքնախեղման է գնացել, կատարվում է քննություն: Երեկ ArmLur.am-ին զինհոսպիտալից տեղեկացրել են, որ զինվորի վիճակը կայուն է, դրական դինամիկայով:
ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ
Հայաստան կբերվի հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի կլինիկաներից մեկում մահացած Սարգիս Հացպանյանի մարմինը: Ծնունդով Թուրքիայից, Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վախճանվել է երկարատեւ հիվանդությունից հետո, 55 տարեկան հասակում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հացպանյանի մերձավորները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն` նրան Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկով: ՊՆ-ն ժամանակ է խնդրել` որոշում կայացնելու համար:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում. Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է աղջկա դի: Հայտնաբերվածը նշված հասցեի բնակիչ, 26-ամյա Սոսե Գ. է: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական եզրակացության` Սոսե Գ.-ն մահացել է շմոլ գազից: Մահացածն աշխատում էր «Beko» ՍՊԸ-ում որպես դիզայներ: