Հայաստանում գրքի արտադրությունը ձեռնտու չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ բերելով հետեւյալ փաստարկները՝ հայ հրատարակիչները նախընտրում են գրքեր տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված ապրանքից՝ գրքից, մաքսատուրք չի գանձվում, ԱԱՀ-ն 0 է, իսկ Հայաստանում տպագրելու համար սահմանին թղթի գնի վրա ավելանում է մաքսատուրք եւ այնուհետեւ՝ ԱԱՀ: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ստացվում է այնպես, որ Հայաստանի հրատարակիչը ներդրում է անում ոչ թե իր երկրում, այլ արտասահմանում:
«Եթե մենք փորձենք թուղթ ներմուծել, ասենք՝ Գերմանիայից, Շվեդիայից կամ Չինաստանից, ապա պետք է մուծենք 5-15 տոկոս մաքսատուրք եւ դրան գումարած՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Այսինքն` ապրանքի արժեքը մինչեւ 35 տոկոսով ավելանում է: Իսկ, օրինակ, երբ Թուրքիայից ներմուծում ենք պատրաստի գիրքը, ավելացված արժեքի հարկը կազմում է 0 տոկոս»,- մանրամասնեց հրատարակչության տնօրենը:
Ա. Մարտիրոսյանը շեշտեց՝ Հայաստանում տպագրություն իրականացնելու համար պետք է ներմուծել, օրինակ, սարքավորումներ, որի համար կրկին հարկավոր է մուծել ԱԱՀ-ն. «Ենթադրենք՝ հայաստանցին սկզբում 200 հազար դոլարի սարքավորում է բերում, հետո՝ եւս 200 հազարի, հետո՝ էլի 200 հազարի: Արդյունքում նա ոչ մի հարկատեսակից չի ազատվում: Իսկ եթե արտասահմանցին միանգամից մի միլիոն դոլարի սարքավորում է բերում, ազատվում է հարկերից: Սեփական արտադրողի հերն անիծելու եւ արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ: Ախր այդ «ապուշը» կթողնի, կգնա Հայաստանից: Նա այդ սարքավորումը, թուղթը բերում է, որ աշխատատեղ ստեղծի, որ Հայաստանում արտադրական շարժ լինի, դրամաշրջանառություն ապահովվի, այնինչ` գալիս է այն եզրահանգման, որ լավ կանի՝ գիրքը տանի դրսում տպի: Սա գերեզմանափոս է՝ սեփական արտադրողի համար»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչների կողմից ստեղծված «Հայգիրք» հրատարակիչների եւ գրավաճառների ասոցիացիան (այդ թվում՝ «Անտարես» ՍՊԸ-ն, «Արեգ» հրատարակչությունը, «ՄՀՄ» գրատուն ՍՊԸ-ն, «Փրինթինֆո» ՍՊԸ-ն), որը ստանձնել է գրահրատարակչության բնագավառին տեր կանգնելու գործառույթը, 2017-ի նոյեմբերին նշյալ խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Այսպիսով՝ նույն թվականի դեկտեմբերին ստացված պատասխանում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախ անդրադարձել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով, իսկ 2018թ. հունվարի 1-ից՝ ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների մատակարարումից ԱԱՀ-ի հաշվարկման համար սահմանված է ԱԱՀ-ի մեկ միասնական դրույքաչափ՝ 20 տոկոս: ՀՀ տարածքում իրացվող ԱԱՀ-ով հարկման ենթակա ապրանքների տեսակից կախված՝ ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափեր կիրառելու կարգավորումներ ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությամբ սահմանված չեն»,-ասված է պատասխանում:
Ինչ վերաբերում է ասոցիացիայի անդամների այն փաստարկներին, որ, օրինակ, Գերմանիայում բոլոր գրքերի ԱԱՀ-ն սահմանված է 7 տոկոս, այն դեպքում, երբ մնացած բոլոր ապրանքների դեպքում այն կազմում է 13 տոկոս, իսկ, օրինակ, Վրաստանում եւ Ուկրաինայում գրքի ԱԱՀ-ն 0 տոկոս է, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Միայն տարբեր երկրներում ԱԱՀ-ի տարբեր դրույքաչափեր սահմանված լինելու հանգամանքը բավարար չէ ՀՀ-ում եւս գրքերի իրացման համար ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափից ավելի ցածր դրույքաչափ սահմանելու հարցը քննարկելու համար»:
Ինչ վերաբերում է թղթի ներմուծման համար ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման հետ կապված ասոցիացիայի կողմից բարձրացված հարցին, ՊԵԿ նախագահը պատասխանել է. «Եթե խնդրո առարկա գրքերի արտադրության համար նախատեսված թուղթը ներմուծվում է թվով 109 երկրներից որեւէ մեկից (կցել է ցանկը) եւ ներմուծումն ուղեկցվում է լիազոր պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված նպատակային նշանակության մասին եզրակացությունը մաքսային մարմիններին տրամադրելով, ապա այն ազատված է մաքսատուրքից: Ընդ որում, մաքսատուրք չի գանձվում նաեւ ԵՏՄ անդամ պետություններից թղթի ներմուծման մասով: Գրքի արտադրությունում օգտագործվող թղթի ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողների կողմից հաշվանցում են արտադրված գրքի իրացման համար հաշվարկվող ԱԱՀ-ի գումարներից՝ սահմանին վճարած ԱԱՀ-ի գումարի չափով պակաս վճարելով ՀՀ-ում իրացումից վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները»:
Այնինչ` պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքը` նշյալ 109 երկրների թվում ներառված չեն Թուրքիան, Վրաստանն ու Չինաստանը. երկրներ, որոնցից հաճախ է թուղթ ներկրվում: Բացի այդ, օրինակ, ԵՏՄ անդամ պետություններից որեւէ մեկը մեզ հետ սահմանակից չէ: Սա նշանակում է, որ ներկրվող ապրանքը պետք է Հայաստան բերվի որեւէ երրորդ երկրով, իսկ դա նշանակում է, որ արտադրողի համար ստեղծվելու են ճանապարհածախսի, տրանսպորտի հետ կապված հավելյալ ծախսեր:
Բացի այդ՝ ՊԵԿ նախագահի պատասխանում կա ուշագրավ մի հատված. «Քանի որ ՀՀ տարածք ներմուծվող թուղթը կարող է օգտագործվել ոչ միայն գրքի արտադրությունում, այլ նաեւ տարբեր ոլորտներում, ուստի թղթի ներմուծման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության սահմանման պարագայում ընդլայնվում է արտոնությունների կիրառության շրջանակը, որը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համարում է ոչ նպատակահարմար»:
Արդյո՞ք առանձնապես բարդ պրոցես է պարզելը, թե տվյալ ապրանքը, մասնավորապես՝ թուղթը, որը ներմուծվում է Հայաստան, ինչ նպատակով է կիրառվելու: Փոխարենը մեխանիզմներ մշակվեն՝ այդ պրոցեսը թափանցիկ դարձնելու համար, բերվում են ոչ համոզիչ փաստարկներ առ այն, որ հարկը նվազեցնելը նպատակահարմար չեն համարում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅԿՈՅԻՆ ԱՌԱՆՁԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՄ
Օրերս համացանցը հեղեղվեց Սպիտակցի Հայկոյի մեղադրական խոսքով ու զայրույթով` կապված «Մի գնա» երգի հետ: Ըստ էության Հայկոն պատրաստվում է վերցնել երգի հեղինակային իրավունքը, քանի որ, իր իսկ խոսքով, այն արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է դարձել: Իրականում ինչպե՞ս է վերաբերվում այս խնդրին: Այս եւ նման հարցերի շուրջ փորձեցինք զրուցել Սուպեր Սաքոյի հետ:
-Կապված ձեր զուգերգի հետ` Հայկոն մեղադրական խոսքեր է հնչեցրել. որքանո՞վ է այն տեղին կամ արդարացված.
-Ոչ, այդպես չէ: «Մի գնա» երգը իմ երգն է, ես Հայկոյին հրավիրել եմ, որ երգը կատարենք միասին, քանի որ համարում եմ, որ նա տվյալ ժանրում լավագույններից է:
-Ինչպե՞ս է ծնվել այդ երգը:
-Երգահան Արտակ Արամյանը 2015թ. ապրիլին էլեկտրոնային հասցեով ինձ ուղարկեց այդ երգը, ես հավանեցի, որից հետո Երեւանում հանդիպեցի երգահանի հետ, ու ինձ տրվեց երգի բոլոր իրավունքները: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում պատահաբար հանդիպեցի Հայկոյին, ով ինձ խնդրեց` ասելով. «Թաթուլի «Նա, նա, նա»-ի նման երգ արի ձայնագրենք, որ մեծ բում առաջացնի»: Եկանք համաձայնության, որ «Մի գնա»-ն ինքը կատարի: Ես գոհ եմ, չեմ թաքցնի, որ երգի հաջողության համար շնորհակալ եմ Հայկոյին, ինչպես նաեւ գործիքավորող Արայիկ MG Մուրադյանին:
-Ինչպե՞ս ստացվեց ֆրանսիացի ռեփեր Maitre Gims-ի հետ համագործակցությունը:
-Քանի որ արդեն բազմաթիվ երկրներում տարածվել էր երգը, ու երգում էին իրենց մայրենի լեզուներով, ֆրանսիացի ռեփերը կապվեց ինձ հետ եւ ասաց, որ ցանկանում է համագործակցել: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկն իր կողմից է եղել, ֆինանսական ահռելի ծախսերը ինքն է արել: Աշխատանքի ընթացքում առաջացավ հետեւյալ խնդիրը. ռեփերը չէր ցանկանում, որ հայերեն լեզվով հնչող հատվածը լիներ, սակայն ես պնդեցի, որ իմ կողմից պարտադիր պայման է, որպեսզի հնչեր հայերենը Հայկոյի կատարմամբ ու գրվեր նրա անունը, ինչին էլ նրանք համաձայնեցին:
-Խոսենք երգի ունեցած ֆինանսական հաջողության մասին: Դուք Հայկոյին բավականաչափ վճարե՞լ եք:
-Անցյալ տարի ինձ հետ երգելու համար Հայկոյին վճարել եմ, որից հետո առանձին վճարել եմ, երբ երգի կատարման թույլտվությունը վաճառեցի ֆրանսիացի ռեփերին, նաեւ հոնարար եմ տվել` ԱՄՆ-ում կայացած իմ մենահամերգին զուգերգը կատարելու համար: Մինչեւ հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում օտար հողում ծնված երիտասարդ հայերից, որոնց ծնողների մի կողմն է ազգությամբ հայ, ինձ շնորհակալություն են հայտնում, որ անգլալեզու ռեփի հետ նաեւ մայրենի լեզուն է հնչում:
Ռեփերի` Սուպեր Սաքոյի հետ զրույցից հետո մեզ հետաքրքրեց լսել նաեւ երգահան Արտակ Արամյանին:
-Արտակ, ի՞նչ մանրամասներ կպատմեք վիճահարույց «Մի գնա» երգից:
-Այդ երգը ես եմ գրել 2011թ.: Երկար ժանանակ տարբեր կերպ փնտրում էի Սուպեր Սաքոյին, ու ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում նրա հետ շփվել, այդ պատճառով 2013թ. ես երգեցի, ու այդ կատարումը հիմա էլ կա համացանցում: Տարիներ հետո վերջապես հանդիպեցի Սաքոյին, ու երգը գտավ իր տիրոջը: Ես երգը գրելուց արդեն իսկ պատկերացնում էի, որ նրան եմ տալու բոլոր իրավունքները, եւ ինքը կորոշի երգի հետ կապված հետագա ընթացքը: Հիմա էլ հաստատում եմ, որ երբ մենք հանդիպեցինք, ես իմ «Մի գնա» երգի բոլոր հեղինակային իրավունքները հանձնել եմ Սուպեր Սաքոյին:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆԸ
ԿԱՄԻԼԸ Ո՛Չ ՎԵՐԿԱ ՍԵՐԴՅՈՒՉԿԱՆ Է, Ո՛Չ ԷԼ ԿՈՆՉԻՏԱՆ
«Կամիլ բլոգը չի ցանկացել նմանակել ո՛չ Վերկա Սերդյուչկային, ո՛չ էլ Կոնչիտա Վյուրստին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման մեկնաբանությամբ հանդես եկավ Կամիլ բլոգի (Արսեն Գրիգորյանի) մենեջերը, որը չցանկացավ` իր անունը նշվի:
Նրա խոսքով՝ օրինակ՝ 2007 թվականին Ուկրաինան «Եվրատեսիլում» ներկայացրած Վերկա Սերդյուչկային կրնօրինակելու փորձ Արսենը չի ունեցել. «Կամիլ բլոգի կերպարը տեւական ժամանակ է՝ գոյություն ունի, եւ նրա նպատակը սոցիալական, մշակութային խնդիրներին հումորային անդրադարձներ կատարելն է»:
Ինչ վերաբերում է 2014 թվականին միջազգային մրցույթում հաղթանակ տարած Կոնչիտային կրկնօրինակելուն, ապա դա, մենեջերի ձեւակերպմամբ, նույնիսկ տրամաբանական չէ, քանի որ Կոնչիտան տրանսվեստիտ աստղ է, իսկ ահա Կամիլ բլոգը՝ հորինված կերպար, որը դեր է խաղում:
Հարցին, թե «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելը Արսենի համար լայն մասսաների կողմից ճանաչվելու միջոց է, թե՞ նրա նպատակն իսկապես այդ մրցույթում հայտնվելն է, մենեջերը պատասխանեց. «Եթե հարցնեք Կամիլին՝ նա գնում է հաղթելու: Մրցույթին մասնակցելը գաղափար էր, որը հանկարծակի ծնվեց, եւ այդ գաղափարը դուր եկավ շատերին: Բացի այդ՝ հիշենք, որ նախորդ տարվանից Կամիլը մեկնարկեց երգչուհու իր կարիերան, զուգերգ ունեցավ Լիլիթ Հովհաննիսյանի հետ, այնպես որ, նա մինչ մրցույթին մասնակցելն արդեն իսկ ճանաչված էր»:
Մեր զրուցակցի խոսքով՝ Կամիլը մրցույթին փայլելու է իր տաղանդով, թեեւ սպասվում է նաեւ անչափ հետաքրքիր շոու-ծրագիր:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Մրցույթի մասնակիցների թվում են Թամար Կապրելյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, Nemra խումբը, Սեւակ Խանաղյանը, Angel-ը, Տյոմը, Մհերը, Alternative խումբը եւ այլք:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ