ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ` ՊԱՏԿԱՌԵԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, այդ թվում` ներդրումների մասին: «Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեց, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նկատենք, որ մինչ նա ոգեւորված խոսում է` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն, նույնիսկ «պատկառելի» որակում Ֆրանսիայի գործարար ներկայությունը Հայաստանում, վիճակագրությունը միանգամայն հակառակն է պնդում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարեցտարի Ֆրանսիան նվազեցրել է Հայաստանում ներդրումային ծրագրերը: Իսկ արդեն 2017թ. ընթացքում ֆրանսիական կապիտալի արտահոսք է տեղի ունեցել. միայն ուղղակի ներդրումների առումով ֆրանսիական կապիտալի արտահոսքը երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 1 մլրդ 992.4 մլն դոլար, ինչը 1.5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տվյալներով /տարեկան կտրվածքով ցուցանիշները դեռ չեն հրապարակվել/:
Այս առումով լավագույն օրինակ է նաեւ «Օրանժ» ընկերության հեռանալը հայկական հեռահաղորդակցության շուկայից, երբ իր բաժնետոմսերը վաճառեց «Յուքոմին»:

 

 

ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այդպես էլ չտրվեց կարեւոր մեկ հարցի պատասխան` արդյո՞ք կան գնաճը մեղմելու հնարավորություններ: Պետական պաշտոնյաները` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը փորձում էին համոզել, թե գնաճը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայի հետեւանքն է, եւ որ ամեն ինչ վերահսկելիության սահմաններում է: Իսկ ահա գնաճը մեղմելու հնարավորությունների մասին` ոչ մի խոսք. համենայն դեպս, պարզ չեղավ` իշխանությունները հնարավորություն ունե՞ն եւ փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ: Միաժամանակ պատգամավորները եւս չփորձեցին հետամուտ լինել այս հարցին, այլ բավարարվեցին իրենց ելույթներով. ընդդիմադիները պաթոսով քննադատում էին, ՀՀԿ-ականներն էլ արդարանում, եւ վերջ: Իսկ թե այս ամենից ի՞նչ շահեց ՀՀ քաղաքացին, պարզ չէ:

 

 

 

Դատական համակարգում լուրջ պաշտոնակռիվ է սպասվում Երեւանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ: Դատական նոր օրենսգրքի համաձայն` Երեւանի վարչական շրջաններում գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանները միավորվելու են, եւ այսուհետ կգործի մեկ մարմին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը: ԱԺ ընդունած օրենսգիրքն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Ենթադրվում է, որ նրան կնշանակեն դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հետո կհաստատեն այդ պաշտոնում: Սակայն երիտասարդ դատավորներն էլ այս պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Մինչ այդ Ռ. Վարդազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն այդ պաշտոնը ստանձնելու առաջարկ չի եղել:

 

 

 

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն սեթեւեթանքների մեջ է. ՀՅԴ ներկայացուցիչները թեեւ գովաբանում են ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում առաջադրել է ՀՀԿ-ն, սակայն դեռեւս չեն շտապում հայտարարել, որ կողմ են քվեարկելու: «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք եւ կեզրակացնենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, նորմալ է համարել գործընկեր կուսակցության պահվածքը: Միաժամանակ նա ասել է, թե ՀՅԴ-ում նախապես տեղյակ են եղել թեկնածուի մասին, եւ նախնական կարծիքը եղել է բավարար:

 

 

 

ՀԱՄԱՐՁԱԿ ՓՈԽԶԻՋՈՒՄ
Ինչպես եւ սպասվում էր` Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եւ այս առումով Ֆրանսիայի նախագահի խոսքում բավական ուշագրավ ուղերձներ կային:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը, այնուհետեւ հայտարարել է, թե. «Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, եւ այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:
Իսկ Էմանուել Մակրոնը, ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նախորդ տարվա հոկտեմբերին ժնեւում, իսկ արդեն այս տարի ԱԳ նախարարների` Կրակովում կայացած հանդիպումները, հույս է հայտնել, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: Միաժամանակ նա նշել է. «Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»: Միաժամանակ Մակրոնը դրական է գնահատել երկխոսության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր հանդիպում ու հույս հայտնել, որ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդական ջանքերը կբերեն արդյունք:
Հետաքրքիր «երկխոսություն» է ստացվել: Եւ այս առումով «Համարձակ փոխզիջման», նաեւ «խաղաղության քարոզման» մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերը, թերեւս, պատահական չէին: Մակրոնն այսպես հստակ ուղերձ է հղել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին` հասկացնելով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, մատնանշելով այդ ուղղությամբ արվելիք կոնկրետ գործողությունները, մասնավորապես խաղաղության քարոզումը, որքան էլ որ այն դժվար թվա: Այլ հարց, որ ադրբեջանական կողմը, հակառակ պնդումներին, թե խնդրի կարգավորման կողմնակից է, ամեն կերպ խուսափում է կոնկրետ քայլերից, այդ թվում` գոնե հայատյացությանը վերջ տալուց: Չնայած, նախորդ շաբաթ էլ Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հանդիպելու իր պաշտոնակցին` Ժան Իվ Լե Դրիանին: Ու այնտեղ Մամեդյարովը հայտարարել էր, թե ներկայիս ստատուս քվոն անկայուն է եւ անընդունելի, եւ որ Բաքուն «առարկայական, ինտենսիվ եւ արդյունավետ բանակցությունների կողմնակից է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման նպատակով»:




Լրահոս