ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀԿ-Ի ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՀԱՊԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 19-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Ինչպես հայտնի է՝ վերջինս դեռեւս իր վերջնական համաձայնությունը չի տվել՝ նախընտրելով դա անել տարբեր շրջանակների, այդ թվում՝ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո:

Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված` խորհրդարանական ուժերը եւս չեն շտապում ասել, թե ինչպես են քվեարկելու ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին: Միայն «Ելք» խմբակցությունն է հստակ հայտարարել, որ անկախ հանդիպման ընթացքից իրենք դեմ են քվեարկելու: «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մինչ թեկնածուի անունը հայտնի լինելը, չէր բացառել, որ իրենք կողմ կքվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուին: Իսկ այժմ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ, եւ խմբակցության պատգամավորները նշում են, թե որոշում կկայացվի նրա վերադարձից հետո միայն: Իհարկե, այս ուժերի կողմից նման արձագանքը միանգամայն սպասելի է:
Սակայն նույնքան անսպասելի է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պահվածքը: Վերջինիս ներկայացուցիչները, չնայած գովաբանում են Արմեն Սարգսյանին, սակայն չեն շտապում միանշանակ ասել, թե կողմ են քվեարկելու: ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել էր. «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք եւ կեզրակացնենք»:
Ինչո՞ւ է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն իրեն այդպես պահում, արդյո՞ք պատճառն այն է, որ իշխող կուսակցությունը որոշումը կայացրել է միայնակ՝ առանց նրանց հետ քննարկելու: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն չի շտապում հայտնել, թե ինչպես են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
-Ես նորմալ եմ համարում: Դեռ հանդիպում չի կայացել: Ընդ որում, Արմեն Սարգսյանն էլ առայժմ իր համաձայնության մասին դեռ չի հայտարարել:
-Սակայն ՀՅԴ-ի այդ նեղացկոտ մոտեցումն ինչի՞ հետեւանք եք համարում: Իրենց հետ քննարկում, առհասարակ, ունեցե՞լ եք:
-Նախնական այո: Իրենք նախնական տեղյակ են եղել թեկնածուի մասին, եւ նախնական կարծիքը եղել է բավարար:
-Բավարար կարծիք գուցե հայտնում են, սակայն քվեարկության մասին կարծիք չեն հայտնում:
-Ես դա նորմալ եմ համարում: Ինչպես նաեւ Արմեն Սարգսյանը չշտապեց որոշում հայտնելու մասին: Նա հանդիպումներից հետո կարտահայտի իր դիրքորոշումը, նաեւ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը կհայտնեն: Եվ մենք կգնանք առաջ:
-ՀՀԿ-ն պատրաստ է ընդհուպ ՀՅԴ-ի կողմից իրենց թեկնածուին դեմ քվեարկելո՞ւն:
-Տեսականորեն որեւէ բան չի բացառվում: Ինձ թվում է, որ եթե նման մտադրություն լինի, քննարկում կկազմակերպենք, կիմանանք պատճառները:
-«Ելք» խմբակցությունը դեմ չէ հանդիպման, սակայն արդեն իսկ հայտարարել են դեմ քվեարկելու մասին: ՀՀԿ-ն ակնկալո՞ւմ էր նաեւ նրանց աջակցությունը:
-Ես ճիշտ չեմ կարողանում ընկալել նրանց մոտեցումը: Մենք չենք ընտրում նեղ կուսակցական ինչ-որ պաշտոն, այդպիսի թեկնածու չենք առաջադրել: Մենք խոսում ենք ՀՀ չորրորդ նախագահի մասին: Այդ նեղ կուսակցական շահերից պետք է վեր կանգնել, եւ նրանք պետք է գնահատական տան՝ որպես ՀՀ նախագահ ներկայացված անձը կարո՞ղ է, ունա՞կ է, թե՞ ոչ, այլ ոչ թե՝ եթե ՀՀԿ է, ուրեմն ոչ` սկզբունքով: Ես այդ մոտեցումը քաղաքական եւ ճիշտ չեմ համարում: Ես կարծում եմ՝ նրանք իրենց մոտեցումները պետք է վերանայեն:
-Ի վերջո, ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանի թեկնածությամբ ինչպիսի՞ հավակնություններ ունի: Արդյո՞ք ընտրությունները կավարտվեն առաջին փուլով:
-Մենք պարզապես հորդորում ենք, որ շատ ընկալելի կլինի, եթե լայն համաձայնության դաշտում մեր երկրի նախագահը ընտրվի: Դա նաեւ միջազգային իմիջի համար եւ հանրության համար է լավ, մենք դա կարեւորում ենք: Բայց որեւէ քաղաքական ուժի փոխարեն չենք կարող պատասխանել, թե ինչպիսի մթնոլորտում կընթանա քվեարկությունը:
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ Արմեն Սարգսյանի հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ կմեկնարկեն փետրվարի սկզբից:

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ԱՅՍՕՐ

Հունվարի 22-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Թերեւս այս նստաշրջանն առանձնանում է նրանով, որ օրակարգում առկա չեն Հայաստանի շահերի հետ առնչվող հարցեր, երկրին վերաբերող նման ձեւակերպումներ չկան:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նստաշրջանի օրակարգին, նշեց, թե ընթանում է Մարդու իրավունքների նոր հանձնակատարի ընտրություն: «ԵԽԽՎ-ն ունի նոր նախագահ, ով սոցիալիստների խմբի ղեկավար Միքելե Նիկոլետին է: Այլ թեկնածու չկար, եւ նա միաձայն դարձավ ԵԽԽՎ նախագահ», -նշեց նա` հավելելով, որ տեղի են ունեցել նաեւ ԵԺԿ խմբի ղեկավարի ընտրություններ:
Հովհաննիսյանը ընդգծեց, թե երկու թեկնածուներ են եղել, ովքեր հավաքել էին հավասար ձայներ, եւ հարցը կարգավորվել է վիճակահանությամբ: «Արդյունքում Ռումինիայի պատվիրակությունից Չեզար Պրեդան դարձավ ԵԺԿ խմբի նախագահ», – նշեց նա՝ հիշեցնելով, որ այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել 2013 թվականին, որից հետո նրան հարց էր ուղղել նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա մասնավորապես հարցրել էր. «Ճի՞շտ է արդյոք, որ վերջերս Դուք եվրոպական խաղատներից մեկում 70 մլն եվրո եք պարտվել»: Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որեւէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, չունեմ 70 մլն եվրո: Եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեք, եւ այդքան չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:
Եվ ահա այս աղմկահարույց միջադեպից 5 տարի անց Սերժ Սարգսյանն այսօր կրկին ելույթ կունենա: Ընդգծենք, որ Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանի առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի աշխատանքներին, եւ, իհարկե, վերջինս իր ելույթում անդրադարձ կկատարի հենց այդ համաձայնագրի ստորագրմանը: Այս անգամ եւս պատվիրակության ներկայացուցիչները կարող են հարցեր տալ Սերժ Սարգսյանին, ընդ որում, դրանք կարող են լինել բազմաբնույթ՝ սկսած ներքաղաքական հարցերից մինչեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Այս օրերին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից թերեւս պետք է առանձնացնել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը, ով անդրադարձել էր վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիթորինգի արդյունքներին եւ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Նա իր խոսքում նշել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքի բաժանումով: Նա ընդգծել է նաեւ, որ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել եւ մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը:
Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանին եւ այդ երկրի հետ պետական քաղաքականությանը: «Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Եվրոպայի խորհրդում կա պետություն, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, իսկ հայաֆոբիան՝ վաղուց արդեն դարձել է մենթալիտետ», – նշել է նա` ընդգծելով, որ Վեհաժողովը պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկի ԵԽ անդամ այն երկրների լիդերներին, որոնք քսենոֆոբիան եւ այլատյացությունն իրենց երկրներում դարձրել են պետական քաղաքականություն: Զոհրաբյանը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչները:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՄՆԱՑ ՀԱՋՈՐԴ ԱՄԻՍ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ մի քանի քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ իրենք դեռ չեն ստացել իրենց նպաստները: Խոսքը «Ընտանեկան», «Փարոս» համակարգի խնամքի համար նախատեսված նպաստների մասին է: Մեզ զանգահարած քաղաքացիներից Էմմա Խնկոյանը հայտնեց, որ իրեն փոստային բաժանմունքից փոխանցել են, թե իր հասանելիք նպաստը չեն կարող տալ: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից հետաքրքրվեց տվյալ քաղաքացու նպաստը ուշացնելու պատճառների մասին: Ի պատասխան` ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը փոխանցեց, որ վճարում իրականացնող կազմակերպությունները մինչեւ ամսի 20-ը իրավունք ունեն կատարել վճարումը, որից ռեեստրները փակվում են: «Գումարը, որը մնացել է վճարում իրականացնող կազմակերպությունում, ինքնըստինքյան հետ է վերադառնում, ապա հաջորդ ամսվա հետ միասին ՀՀ քաղաքացին կարող է ստանալ: Խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր նպաստ ստանալու օրերին չեն գնում փոստային բաժանմունք, այլ օրեր հետո են այցելում»,- ասել է նա:

 

 

ԸՆԴԴԵՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ
«Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը դատի է տվել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը թանգարան ինստիտուտից պահանջում է 3 մլն 380 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, այս պարտքը գոյացել է թանգարանին հարակից տարածքի ոռոգման արդյունքում: Եւ հիմա «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը որոշել է պարտքերը վերադարձնել դատական ճանապարհով` անկախ այն հանգամանքից, որ պարտատերը խորհրդանշական կարգավիճակ ունի: Նշենք, որ այս գործը մակագրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է կարգավորել հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես նա առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար ոչ միայն Հայաստանում, այլեւ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին: Հավելենք, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություն չի հայտնել:




Լրահոս