ԽՈՍԵՑԻՆ, ԽՈՍԵՑԻՆ, ԳՆԱՃՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իշխանությունների պահվածքից տպավորություն էր, թե իրենք ԱԺ են եկել` ցինիզմի մրցույթի մասնակցելու համար: Այլ կերպ, թերեւս, դժվար է բնութագրել նրանց երեկվա հայտարարությունները, երբ գերմարդկային ջանքեր էին գործադրում` համոզելու համար, թե գնաճը միանգամայն բնականոն երեւույթ է, եւ այն մեղմելու անհրաժեշտություն չկա:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ 2010-2011թթ. գնաճը 7 տոկոսից բարձր էր, եւ հարցրել է. «Ի՞նչ տեղի ունեցավ, այն ժամանակ մահացա՞ն: Մեր խնդիրը իրականում, այո, մեր ազգաբնակչության սոցիալապես անապահովների եւ սոցիալական խնդիրներ ունեցողների թիրախավորումն է, մենք սովորաբար ունենք բյուջետային գործընթացներ, դրանք դիտարկվում են միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, դիտարկվում են ապագա տարիների նոր բյուջետային շրջանակներում»: Այս տրամաբանությամբ, իհարկե, կարելի է նաեւ հայտարարել, որ 2008-2009թթ Հայաստանում տնտեսությունը 14 տոկոս անկում էր գրանցել, բայց այն ժամանակ էլ մարդ չմահացավ: Պարզվում է` ժողովուրդն ավելի ծանր պահեր էլ է ունեցել, բայց կարողացել է հաղթահարել ստեղծված դժվարությունները: 90-ականներին` արցախյան պատերազմի տարիներին, Հայաստանում տնտեսական, էներգետիկ ճգնաժամ էր, բայց հաղթեցինք, այն էլ հաղթեցինք մեծ թվաքանակով` մոտ երկու անգամ գերազանցող հակառակորդին: Եթե սա է չափանիշը, ապա Հայաստանում կարելի է էլ ավելի ծանրացնել սոցիալ-տնտեսական վիճակը, միգուցե մթության խավարից ծնվի լույսը:
Ավելի ուշ, իհարկե, Արամյանն ԱԺ ամբիոնից սկսեց արդարանալ, թե իրեն սխալ են հասկացել, անգամ բնակչության ներողամտությունը հայցեց. «Եթե ելույթի միայն այդ կտորն ենք նայում, անկեղծ ասած՝ տպավորությունը շատ գռեհիկ է, տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ, մեծամիտ դրսեւորում է ցուցաբերել այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է… Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում, եւ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ՀՀ բարեկեցությունն ապահովելուն»,- ասաց նա:
Հաջորդ ուշագրավ հայտարարության հեղինակը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էր. «Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է, եւ դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի եւ մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին եւ այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում, եւ կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը եւ պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ»:
Գնաճն արդարացնելու ավելի ծիծաղելի փաստարկ, թերեւս, դժվար էր մտածելը. հետաքրքիր է` այս տրամաբանությամբ ինչու չեն թանկացել օգտակար մի շարք այլ ապրանքներ: Նույն սխտորը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը, կամ խնձորը, կամ կաղամբը, որոնց գները նույնիսկ նվազել են: Այս տրամաբանությամբ, հետաքրքիր է` ինչո՞ւ նույն ՌԴ-ում, Բելառուսում կամ Ուկրաինայում արտադրված կարագի գներն անփոփոխ մնացին, թե՞ այդ երկրներում չէին կարդացել հեղինակավոր ինստիտուտների զեկույցները կամ չէին հավատացել դրանց:
Եւ վերջապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ, որպեսզի արդարացնի մսի գնի բարձրացումը, ասել է, թե սա նպաստում է անասնապահության զարգացմանը: «Մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել, եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»,- հայտարարել է նա: Հուսանք` նախարարը երեկ որոշել էր կատակել` բարձրացնելու համար դահլիճում ներկաների տրամադրությունը, որովհետեւ գյուղացուն գյուղում պահելու նրա առաջարկած տարբերակն ամենեւին էլ տրամաբանական չէ: Ի վերջո, նույն տրամաբանությամբ Հայաստանում կարելի է հանդուրժել գյուղմթերքների գնի բարձրացումն ու ասել, թե այդպես զարգացնում են բուսաբուծությունը: Նույն տրամաբանությամբ կարելի է հանդուրժել նաեւ տեղական այլ արտադրատեսակների գնի բարձրացումն ու ասել, թե իշխանությունները մտածում են տեղական արտադրության զարգացման մասին: Եւ, ընդհանրապես, հավանաբար տնտեսության զարգացման այս տրամաբանության շրջանակներում է, որ իշխանությունները չեն փորձում կանխել գնաճը:
Ի դեպ, երեկվա խորհրդարանական լսումների թեման վերաբերում էր ոչ միայն գնաճի պատճառներին, այլեւ այն մեղմելու հնարավորություններին: Մինչդեռ երեկ այդպես էլ գնաճը մեղմելու հնարավորությունների մասին չեղավ որեւէ խոսք: Պատգամավորներն իրենց PR-ի շրջանակներում ելույթներ ունեցան, պաշտոնյաներն էլ սկսեցին պաշտպանվել, արդարանալ ու արդարացնել թանկացումը, եւ վերջ. լսումները համարվեցին ավարտված:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՎԵՐԱՀՍԿԵԼ ԵՆ
Ամանորից հետո` հունվարի 1-ին, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել: Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի եւ ձվի շուկաները: Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի եւ շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի: Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո ե՛ւ կարագի, ե՛ւ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի եւ շաքարավազի միջազգային շուկաներում: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց կապ հաստատել նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ, սակայն ապարդյուն:

 

 

ԱՍՈՒՄ Է` ԱՐԵԼ ԵՆ
ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին օրերս հայտարարել էր, թե իշխանությունները քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Սակայն դեսպան Սվիտալսկին չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը` փոխարենը խոհուրդ տալով դիմել Դավիթ Հարությունյանին: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` խնդրելով պարզաբանել, թե քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը: ՀՀ արդարադատության նախարարության լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին. «Քրեականացվել է ապօրինի հարստացումը: Հանրային հաշվետվողականության բարձրացման տեսանկյունից ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը: Այս տարվա գարնանը ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը…:Ազգային ժողով է ներկայացվել ՀՀ ընտրական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը» եւ այսպես շարունակ: Միայն թե, նկատենք, որ քաղաքական կոռուպցիայի ամենամեծ դրսեւորման` ընտրակաշառքը բացառելու ուղղությամբ իշխանությունները որեւէ հստակ քայլ չեն արել, թեեւ գործող օրենսդրությամբ, այնուամենայնիվ, արգելված է ընտրակաշառք խոստանալը եւ տալը:

 

 

Ի ՎԻՃԱԿԻ Է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին: Նա 2017թ. ոլորտում իրականացված աշխատանքները գնահատել է բավարար` նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են: Ըստ Բ. Սահակյանի` ներկայացված առաջադրանքները կարեւոր են եւ պահանջելու են ամենօրյա համակարգված աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից: «Համոզված եմ, որ մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու ուղղությամբ»,-նշել է երկրի ղեկավարը:
 

ԴԱՏԱՐԱՆԸ` ԿՐԿԵՍ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը երեկ սկսվել է դատավոր Արթուր Օհանյանի եւ ամբաստանյալների պաշտպանների միջեւ հերթական վիճաբանությամբ: Խնդիրն այն էր, որ դատավորը երեք հանրային պաշտպանի էր հրավիրել, որովհետեւ նախորդ նիստերից մեկում ամբաստանյալները բոյկոտել էին նիստը: Քանի որ ամբաստանյալները հայտարարել էին, որ հեռանալով հրաժարվում են իրենց պայմանագրային պաշտպաններից, իսկ նախորդ նիստում պաշտպաններն էլ իրենց հերթին չէին ներկայացել: Դատարանը երեկ նրանց համար պետության կողմից վճարվող փաստաբանների` հանրային պաշտպանների էր հրավիրել, ինչը վրդովվեցրել էր պայմանագրային պաշտպաններին, որոնք դատավորին մեղադրեցին պետական միջոցներն անտեղի վատնելու մեջ: «Հասկանո՞ւմ եք` ինչ եք անում… պայմանագրային պաշտպաններն այստեղ նստած` Դուք հանրային պաշտպանների եք հրավիրում»,-դիմելով դատավորին` ասել է ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններից Լուսինե Սահակյանը: Պայմանագրային պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ կատարվածը «կրկես» է որակել: Ի վերջո, բոլոր պայմանագրային պաշտպաններն առանց դատավորի թույլտվության դուրս են եկել նիստերի դահլիճից եւ նստել քաղաքացիների համար նախատեսված հատվածում:

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանի` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր կարծիքով` պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի: Պատասխանելով թանկացումներին վերաբերող հարցին` Հ. Բեգլարյանն ասել է, որ իրենց կուսակցությունն «ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»: Հարցին` ինչու իշխող ՀՀԿ-ի մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն եւ դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, պատգամավորը հակադարձել է. «Շատ լավ էլ, ամեն ինչ էլ արվում է: Դժգոհություն ամեն տեղ կա, ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ավելի զարգացած երկրներում»:




Լրահոս