ՉՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 130
Առեւտրի տեխնիկական խոչընդոտների հարցերով համագործակցությունը
1. Կողմերն ամրապնդում են ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, շուկայի ուսումնասիրության, հավաստագրման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի շուրջ իրենց համագործակցությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել փոխադարձ պատկերացումներն իրենց համապատասխան համակարգերի մասին եւ դյուրացնել իրենց համապատասխան շուկաներ մուտքը։ Այդ նպատակով, Կողմերը փորձում են սահմանել եւ մշակել որոշակի հարցին կամ ոլորտին վերաբերելի կարգավորման հարցերով համագործակցության մեխանիզմներ եւ նախաձեռնություններ, որոնք այդ թվում կարող են ներառել հետեւյալը՝
ա) իրենց համապատասխան տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի պատրաստման եւ կիրառման վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակում,
բ) տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի համապատասխանեցման կամ համաձայնեցման հնարավորության ուղղությամբ աշխատանք,
գ) չափագիտության, ստանդարտացման, համապատասխանության գնահատման եւ հավաստագրման համար պատասխանատու Կողմերի համապատասխան մարմինների միջեւ համագործակցության խրախուսում, եւ
դ) ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, համապատասխանության գնահատման ընթացակարգերի եւ հավաստագրման վերաբերյալ զարգացումների մասին համապատասխան տարածաշրջանային եւ միջազգային ֆորումներում տեղեկությունների փոխանակում։
2 Փոխադարձ առեւտուրը խթանելու նպատակով Կողմերը պետք է՝
ա) փորձեն նվազեցնել տեխնիկական կանոնակարգերի, չափագիտության, ստանդարտացման, շուկայի ուսումնասիրության, հավաստագրման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված իրենց միջեւ առկա տարբերությունները, այդ թվում՝ խրախուսելով միջազգայնորեն համաձայնեցված գործիքների կիրառումը,
բ) խրախուսեն միջազգային նորմերին համապատասխան հավաստագրման գործընթացի կիրառումը՝ օժանդակելով համապատասխանության գնահատման մարմինների տեխնիկական կարողությունների եւ նրանց գործունեության գնահատմանը, եւ
գ) խրախուսեն Հայաստանի Հանրապետության եւ դրա համապատասխան ազգային մարմինների մասնակցությունն այն եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին ու հնարավորության դեպքում՝ այդ կառույցներին անդամակցությունը, որոնք գործունեություն են իրականացնում ստանդարտների, համապատասխանության գնահատման, հավաստագրման, չափագիտության ոլորտներում եւ ունեն դրանց հետ կապված գործառույթներ։
3. Կողմերը պետք է նախաձեռնեն եւ իրականացնեն այնպիսի գործընթաց, որով աստիճանաբար կարելի է հասնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մոտարկման։
4. Այն ոլորտների համար, որոնցում հասել են համապատասխանեցման, Կողմերը կարող են դիտարկել համապատասխանության գնահատման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելու եւ արդյունաբերական արտադրանքը ճանաչելու հնարավորությունը։
ՀՈԴՎԱԾ 131
Մակնշումը եւ պիտակավորումը
1. Չհակասելով սույն Համաձայնագրի 129-րդ հոդվածի դրույթներին եւ հաշվի առնելով մակնշմանն ու պիտակավորմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերը՝ Կողմերը վերահաստատում են ԱՏԽ համաձայնագրի 2.2 հոդվածի սկզբունքները, որոնց համաձայն՝ այդ պահանջները չեն մշակվում, ընդունվում կամ կիրառվում միջազգային առեւտրի անհարկի խոչընդոտներ ստեղծելու նպատակով կամ այդ դիտավորությամբ։ Այդ նպատակով մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող այդպիսի պահանջներով չպետք է սահմանափակվի առեւտուրը ավելին, քան անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրանք չկատարելու հետեւանքով։ Կողմերը խրախուսում են մակնշմանը ներկայացվող՝ միջազգայնորեն ներդաշնակեցված պահանջների կիրառումը։ Հնարավորության դեպքում Կողմերը պետք է ընդունեն պոկվող կամ ոչ մշտական պիտակներով դրոշմավորումը:
2. Մասնավորապես պարտադիր մակնշման կամ պիտակավորման պահանջների առնչությամբ Կողմերը պետք է՝
ա) փորձեն երկկողմանի առեւտրում նվազագույնի հասցնել մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող իրենց համապատասխան պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են առողջության, անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության համար, պետական քաղաքականության այլ ողջամիտ նպատակներով,
բ) իրենց իրավունք վերապահեն՝ պիտակի կամ մականշվածքի վրա զետեղվող տեղեկությունները Կողմի կողմից նշված լեզվով ձեւակերպելու պահանջ ներկայացնելու:
ՀՈԴՎԱԾ 132
Թափանցիկությունը
1. Չհակասելով 12-րդ գլխի դրույթներին՝ յուրաքանչյուր Կողմ իր՝ տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մշակման ընթացակարգերով ապահովում է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումները համապատասխան վաղ փուլում, երբ դեռեւս կարելի է ներկայացնել եւ հաշվի առնել հանրային քննարկումների ընթացքում արված դիտողությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա հնարավոր չէ արտակարգ իրավիճակի կամ դրա վտանգի առկայության պատճառով՝ պայմանավորված անվտանգությամբ, առողջությամբ, շրջակա միջավայրի պաշտպանությամբ կամ ազգային անվտանգությամբ:
2. ԱՏԽ համաձայնագրի 2.9 հոդվածին համապատասխան յուրաքանչյուր Կողմ առաջարկվող տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի մասին ծանուցելուց հետո դիտողություններ ներկայացնելու համար համապատասխան վաղ փուլում տրամադրում է որոշակի ժամկետ: Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգերի կամ համապատասխանության գնահատման ընթացակարգերի առաջարկվող նախագծերի վերաբերյալ խորհրդակցության գործընթացը բաց է հասարակության համար, յուրաքանչյուր Կողմ թույլ է տալիս մյուս Կողմին կամ մյուս Կողմի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասնակցելու հանրային քննարկումներին իր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համեմատությամբ ոչ պակաս բարենպաստ պայմաններով:

Շարունակելի…

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՁՈՐՈՒՄ ԴՊՐՈՑ Է ՓԱԿՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղի դպրոցը փակվում է: Պատճառը աշակերտների թվի նվազումն է: Մինչդեռ երկու տարի առաջ այս դպրոցն ունեցել է 15 աշակերտ:

5 ընտանիք ունեցող Մեծաձորի գյուղապետ Մաջիթ Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց, որ դպրոցը երկու տարի առաջ 15 աշակերտ է ունեցել, իսկ հիմա նրանց թիվը մեկն է (թեեւ ՏԿԶՆ-ն նշել է, որ աշակերտների թիվը 2-ն է): «Բոլորը իրենց ընտանիքներով երեխաների հետ միասին գյուղից գնացել են, հեռացել: Գյուղում ունենք ընդամենը մեկ աշակերտ: Մեկ տարուց ավելի է, ինչ էդ մի երեխան է գնում դպրոց»,- մեծ ափսոսանքով նկատեց գյուղապետը: Նրա խոսքերով` գյուղից ընտանիքները հեռանում են, քանի որ աշխատատեղ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դպրոցը փակելու մասին որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` Մեծաձորի հիմնական դպրոցում աշակերտների թիվը 2 է, իսկ ուսուցիչների, վարչական եւ սպասարկման անձնակազմը` 9: Եւ աշակերտների թվի նվազման պատճառով Մեծաձորի դպրոցում հանրակրթական ուսուցումը բնականոն չի իրականացվում: Ըստ այդմ, կառավարությունը նախագիծը ընդունելու դեպքում կլուծարի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը: Իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել հարեւան գյուղի` Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու գյուղերի դպրոցների միջեւ հեռավորությունը 3.5 կմ է: Իսկ Մեծաձորի դպրոցը լուծարելու դեպքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախատեսում է տարեկան տնտեսել շուրջ 13 մլն դրամ գումար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Մեծաձորի դպրոցի ուսումնական մասնաշենքի սկզբնական արժեքը կազմում է 5 մլն 425 հազար 930 դրամ: Նշված շենքը ամրացված է եղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ դպրոցը լուծարելուց հետո այն նորից կթողնվի պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2040 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչությունը կհասնի 4 միլիոնի: Մինչդեռ Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել ծնելիության ցուցանիշի անկման, մահվան դեպքերի աճի եւ շարունակվող արտագաղթի հետեւանքով: Տավուշի մարզի բժշկական հաստատություններից ստացված տվյալներով` 2017թ. ընթացքում մարզի բժշկական հաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 1236 ծնունդ` 665 տղա, 571 աղջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ` 2008թ. ընթացքում Տավուշի մարզում ծնվել է 1510 երեխա: Տավուշի մարզում ծնելիության ցուցանիշի նվազման հիմնական պատճառներն արտագաղթն է եւ սահմանամերձ մարզի բնակչության մեծամասնության մոտ առկա սոցիալական վատ պայմանները:

 

 

ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մարտի 13-ի վճռով Երեւանում գրանցված «Վարան գրուպ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի մարտի 31-ի որոշմամբ «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Դավիթ Ադամյանը: 2017թ. հոկտեմբերի 31-ին «Վարան գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Դ. Ադամյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի` պարտապանին պատճառված վնասը հետ ստանալու պահանջի մասին հայցադիմումով: Դատավոր Արմեն Օհանյանը հայցադիմումը ընդունել է վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2018թ. հունվարի 23-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Դավիթ Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ սնանկացած «Վարան գրուպ» ՍՊԸ-ն զբաղվել է Հայաստան անվադողերի, ավտոմեքենաների ակումլյատորների ներկրմամբ, Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն այդ ընկերությանը գումար է պարտք: Պարտքի գումարի չափը Դ. Ադամյանը չհայտնեց: Նա ասաց, որ մինչ դատարան դիմելը պարտքի մասին գրավոր ծանուցել է «Հաղարծին» ՓԲԸ-ին, սակայն այդ ծանուցումն արդյունք չի տվել, Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունը չի վճարել պարտքի գումարը:
Նշենք, որ 2017 թվականին Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության ֆինանսական վիճակը վատացել է: Նախկինում «Հաղարծին» ՓԲԸ-ն իրականացնում էր Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելից մինչեւ Ճամբարակի խաչմերուկ տանող ավտոճանապարհի ձմեռային եւ ընթացիկ սպասարկումը, իսկ անցյալ տարի «Հաղարծին»-ը սպասարկել է Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող խաչմերուկից, «Միմինո» արձանախմբից մինչեւ Ճամբարակ տանող հատվածը: Իսկ նշված խաչմերուկից մինչեւ Դիլիջան-Սեւան թունել ճանապարհի սպասարկումն իրականացրել է հարեւան` Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ ՃՇՇ»-ն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս