«ՇՈՈՒՆ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը: Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին` ձայների 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթի մասնակիցների թվում են Մհերը, Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Թամար Կապրելյանը, Հայկ Կասպարովը, Angel-ը, Տյոմը, «Նեմրա» խումբը եւ այլք: «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաների շուրջ զրուցել է «Դեպի Եվրատեսիլին» «I’m a Liar» երգով ներկայացող «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ:

-Վա՛ն, «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկությունը կապված է ռոքը պրոպագանդելու, հայկական ռոքը ճանաչելի դարձնելո՞ւ հետ, թե՞ Ձեր հիմնական նպատակը մրցույթին հաջողություններ գրանցելը, Ձեզ համար ճանապարհ հարթելն է:
-Թե՛ մեկն ենք ուզում, թե՛ մյուսը: Բայց մենք կոնկրետ ժանր ներկայացնելու խնդիր այդքան էլ չունենք: Փոխարենը ձգտում ենք ներկայացնել ազնիվ, անկեղծ երաժշտություն, որը ստեղծված կլինի կենդանի նվագակցության արդյունքում եւ ոչ թե հավաքված կլինի բիթերով: Ամենակարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ երգը իմաստ արտահայտի, այսպես ասած, կյանքային լինի: Այլապես տեսնում ենք, որ «Եվրատեսիլին» մասնակցում են մարդիկ, որոնց համար ելույթի միակ տեղը հենց եվրատեսիլյան բեմն է: Նրանք գրել են մեկ-երկու երգ` հատուկ «Եվրատեսիլի» համար: Իսկ մենք արդեն վեց տարի է` ծավալում ենք մեր գործունեությունը եւ ունենք մեր ունկնդիրը:
-Տարիներ առաջ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրեց «Դորիանս» ռոք խումբը, բայց առանձնակի հաջողություն չունեցավ: Միեւնույն ժամանակ «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ գրանցվել է դեպք, երբ հաղթել է հենց ռոքը: Այս առումով մրցույթն, իսկապես, անկանխատեսելի է…
-Եթե նույնիսկ «Եվրատեսիլում» չհաղթես, մրցույթը Եվրոպայում ճանաչվելու հնարավորություն է տալիս, որը քիչ չէ: Մեր խմբի առավելությունը համարում եմ այն, որ բեմում կարողացել է ազատություն նվաճել, պատշաճ կերպով ներկայանալ: «Եվրատեսիլում», կարծում եմ, գնահատվում է ուրիշ լինելը` համեմված լավ երաժշտությամբ: Նախորդ տարի, օրինակ, Պորտուգալիայի մասնակիցն ուրիշ էր, տարօրինակ ու լավ էլ երգ ներկայացրեց. դա էլ դարձավ նրա հաղթանակի գրավականը: Կարծում եմ` մենք էլ պակաս տարօրինակ չենք: Միջազգային այս մրցույթում կարեւոր է նաեւ, որ մասնակիցներն իրենց սեփական մտքերով ներկայանան: Դա կարող է հաջողություն բերել:
-Իսկ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներից ո՞ւմ եք համակրում:
-Բոլորն էլ մրցույթում հայտնվելու պոտենցիալ ունեն. դա ես ասում եմ` մեր ժողովրդի մեծամասնության ճաշակն իմանալով:Մասնակիցներից շատ եմ սիրում «Գաթա» խմբին, համակրում եմ նաեւ Թամար Կապրելյանին, թեեւ նրա ներկայացրած ոճը իմը չէ:
-«Նեմրան» միջազգային մրցույթների նախկինում մասնակցե՞լ է:
-Սա առաջին մրցույթն է, որին մասնակցում ենք, քանի որ ես տանել չեմ կարողանում մրցույթներ: Մեզ առաջին հերթին երկրպագուները համոզեցին ներկայանալ, նաեւ ինքներս հասկացանք, որ «Եվրատեսիլ»-ը հայ կատարողի համար դրսում ներկայանալու եզակի հարթակ է: Նախկինում` 2015-ին, մենք ներկայացրել ենք Հայաստանը ՌԴ-ում անցկացվող ամենամյա «Voice of Nomands» փառատոնին, բայց դա մրցութային ֆորմատ չէր:
-Վա՛ն, Հայաստանում ռոքի նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում մեծացե՞լ է:
-Այո, առաջընթաց կա: Կարող եմ ասել, որ կոնկրետ մեր խմբի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է:
-Իսկ պաշտոնյաները հետաքրքրվո՞ւմ են ռոքով:
-Ասում են` վարչապետը սիրում է ռոք, չգիտեմ, ես իրենց հետ առիթ չեմ ունեցել շփվելու, բայց հիմա` այս պահի դրությամբ, պետականորեն խրախուսվում եւ պրոպագանդվում է ռաբիսը, ինչը սարսափելի է: Դա ոչ թե ժանր է, ոչ թե երաժշտական չափ է, այլ մտածելակերպ:
-Եվ վերջում, եթե «Եվրատեսիլում» Դուք հաղթեք, շեշտը կդնեք կատարմա՞ն, թե՞ նաեւ շոուի վրա:
-Միանշանակ` կատարման. սա երգի մրցույթ է, իսկ շոուն հենց մենք ենք լինելու:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԵՄ ԵՎ ԱԳՐԵՍԻՎ»

Փետրվարի 12-ին Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում կկայանա Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» ներկայացման պրեմիերան, բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ Ստեփան Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանն ու Արամոն։

«Ժողովուրդ»-ի հիշեցմանը, որ դեռեւս 20 տարի առաջ այդ պիեսը բեմադրվել էր Սունդուկյան թատրոնում եւ հարցին, թե ինչով է տարբերվելու Սուրենի բեմադրությունը, վերջինս պատասխանեց. «20 տարի առաջ եւս ես էի բեմադրել այդ գործը, դա իմ դիպլոմային աշխատանքն էր, իսկ գեղարվեստական ղեկավարը հայրս էր՝ Վահե Շահվերդյանը։ Դրանից հետո էլ 2008 թվականին այդ պիեսը բեմադրել եմ Ռումինիայում։ Այնպես որ երրորդ անգամ եմ անդրադառնում դրան։ Այս նոր ներկայացման մեջ բոլորովին այլ մոտեցում եմ ցուցաբերել, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հիմա ժամանակի պահանջները փոխվել են։ Նելլի Խերանյանն ու Մուրադ Ջանիբեկյանն իրենց ժամանակի համար հիանալի են կատարել իրենց գործը, դրանից հետո, միանշանակ, դժվար է տպավորություն գործելը, բայց պետք է ասեմ, որ Լուիզայի եւ Ստեփանի դերակատարումը եւս պակաս հետաքրքիր չէ»։
Սուրենը նաեւ տեղեկացրեց, որ «Տրամվայ «Ցանկության» պրեմիերայից հետո անմիջապես մեկնելու է Ռումինիա՝ բեմադրելու Պրոսպեր Մերիմեի «Կարմենը»։
Մենք հետաքրքրվեցինք՝ Ռումինիայի՝ թատրոնների նկատմամբ վարած պետական քաղաքականությունն արդո՞ք իրեն գոհացնում է, եւ այդ առումով սովորելու ինչ ունենք մենք: «Ռումինիայում թատերարվեստը շատ լուրջ պետական աջակցություն ունի, պետությունը լուրջ ներդրումներ է անում արվեստի զարգացման ուղղությամբ։ Հայաստանում, օրինակ, հանրությունը ավելի շատ հաճախում է, այսպես ասած, ֆասթ-ֆուդ հանրամատչելի ներկայացումների, իսկ այնտեղ արտհաուս ներկայացումներն են ուշադրություն գրավում։ Ռումինիայում զարգացած է թատրոն այցելելու կուլտուրան, այնտեղ շատ դժվար է ներկայացման տոմս գտնել»,-մեկնաբանեց բեմադրիչը։
Դիտարկմանը, թե վերջին շրջանում խուսափում է հայտնել իր քաղաքացիական դիրքորոշումը այս կամ այն սոցիալական, քաղաքական խնդրի առնչությամբ, Սուրենը հակադարձեց. «Սոցիալական խնդիրներից այս պահին ինձ ամենաշատը անհանգստացնում են թանկացումները։ Իսկ, առհասարակ, եթե դիտեք իմ հաղորդումները, կտեսնեք, որ ես շատ ավելի ակտիվ եմ եւ ագրեսիվ»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի ՀՀ կանանց եւ տղամարդկանց առաջնությունները: Տղամարդկանց առաջնության չեմպիոն է դարձել 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը եւ ստացել ՀՀ հավաքականի կազմում հանդես գալու իրավունք: Արծաթե մեդալակիր է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Արման Փաշիկյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Շախմատի կանանց առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը դարձել է արծաթե, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը` բրոնզե մեդալակիր: Երեկ շախմատի տանը տեղի ունեցավ մարզիկների պարգեւատրման արարողությունը: Սակայն Շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա չէր այս միջոցառմանը. նա այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Շախմատիստներին պարգեւները հանձնեցին ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու Շախմատի տան տնօրեն Հրաչ Թավադյանը:

 

 

ԿՎԵՐԱԾՎԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ
Հայ հոգեւոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի տունը վերջապես կվերածվի թանգարանի եւ կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Հավանաբար թանգարանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ ամառ, եւ դրա բացման արարողությունը կհամընկնի երգչուհու ծննդյանը օրվա հետ` հունիսի 1-ին: Հիշեցնենք, որ Լ. Զաքարյանի տունն ու տանը եղած ողջ ժառանգությունը տարիներ ի վեր անտերության էր մատնված: Խնդիրն այն է, որ Զաքարյանի մահից հետո տունը անցել էր ամուսնուն` Խորեն Պալյանին, իսկ Պալյանի մահից հետո` նրա զարմիկներին: Ժառանգները ոչ մի կերպ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ հանրային պահանջը` տունը թանգարանի վերածելու հարցը լուծել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբ` Զաքարյանի` տունը թանգարանի վերածելու ցանկությունը փորձում են կյանքի կոչել: Հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Պալյանի եւ Զաքարյանի` մի քանի ճյուղով ժառանգների հետ:




Լրահոս