ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները, ենթարկվելով ԱԱԾ կոչին, ինքնակամ լքեցին Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը, այնուամենայնիվ իշխանությունները նրանց նկատմամբ պատժի մեղմացման որեւէ քայլի չգնացին: Ավելին` չի բացառվում, որ խմբի անդամները ենթարկվեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատժամիջոցին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» անունը կրող 31 հոգուց բաղկացած զինված խումբը ներխուժեց Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք:
Հարձակումը կատարվել էր «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով, որով «Ծռերը» կոտրել էին դարպասներն ու կից պարիսպը: Այնուհետեւ ինքնաձիգներով, բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել էին գնդի տարածք` պատանդ վերցնելով ու պահելով ոստիկանության աշխատակիցներին եւ բուժաշխատողներին: Տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում սպանվեցին երեք ոստիկան` գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Շուրջ երկու շաբաթ ՀՀ իրավապահ համակարգը համոզում էր խմբի անդամներին ինքնակամ հանձնվել: Անգամ գործին խառնվեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Եւ շուրջ երկու շաբաթ անց՝ հուլիսի 21-ին, ժամը 20:00-ին խմբի անդամները ինքնակամ հանձնվեցին: Ու այս իրողությունը հաշվի առնելով, ըստ էության, նրանց նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը` ՀՔԾ-ն, պետք է մեղմ պատիժ սահմաներ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուներից հայտնի դարձավ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել՝ խմբի անդամների մեծամասնության նկատմամբ կիրառել ամենախիստ պատիժը, այն է՝ ցմահ բանտարկություն:
Դատավորները՝ պատժի մասին
Արդյո՞ք «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ցմահ ազատազրկման մասով քաղաքական հրահանգ է տրվել: Այս հարցի պատասխանը փորձեցինք իմանալ գործը քննող դատավորներից:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյան:
-Պարո՛ն Մակյան, Ձեզ քաղաքական հրահանգ է իջեցվե՞լ «Սասնա ծռեր» խմբի անդամներին խիստ պատիժ սահմանել. այն է՝ ցմահ ազատազրկում:
-Դուք ոնց եք պատկերացնում` Ձեր ասածները մեկնաբանեմ, իհարկե, նման բան չի կարող լինել: Այլ մեկնաբանություններ չունեմ, քանի որ դատարանին որեւէ մեկը չի կարող ուղղորդել:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյան:
-Պարո՛ն Գաբրիելյան, ստացե՞լ եք արդեն քաղաքական հրահանգ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին:
-Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա, ամոթ է, տենց հարցի շուրջ ինձ հարց մի՛ ուղղեք: Լուրջ հարց կլինի, խոսենք, բայց սենց հարցերի շուրջ…
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյան:
-Պարո՛ն Օհանյան, Ձեզ քաղաքական հրահանգ տրվե՞լ է արդեն, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամներին ցմահ ազատազրկման դատապարտեք:
-Ինչ հրահանգ, ոչ մի հրահանգ: Ոչ մի այդպիսի բան չկա: Ինչե՞ր եք խոսում…
Դե, իհարկե, դժվար էր ակնկալել, որ որեւէ դատավոր կարող էր խոստովանել, թե ստացել է հրահանգ վճիռ կայացնելուց առաջ: Բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստանի դատական համակարգը գործում է քաղաքական պատվերի շրջանակում, եւ հիմնական որոշումները կայացվում են քաղաքական թելադրանքով: Դեպքերն ու ապացույցները բազմաթիվ են տարիներ շարունակ:
Ուր մնացին համոզողները
«Ժողովուրդ» օրաթերթը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրան չի հուզում` ինչ պատիժ կսահմանվի խմբի անդամներին: Ինչպես հայտնի է` իրադարձությունների ժամանակ Գառնիկ Իսագուլյանը եւս մի քանի անգամ հանդիպում ունեցավ խմբի անդամների հետ՝ համոզելով նրանց հանձնվել:
-Պարո՛ն Իսագուլյան, Դուք «Սասնա ծռեր» խմբի անդամներին հանձնվելու հորդորով դիմած անձանցից մեկն եք՝ Վիտալի Բալասանյանի հետ միասին: Խմբի անդամները հանձնվեցին՝ փոխարենը ակնկալելով, որ մեղմ պատիժ կլինի: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ պատիժ է նրանց սպասվում: Մեզ հասած տեղեկություններով` քաղաքական հրահանգ կա նրանց ցմահ ազատազրկման դատապարտել:
-Գիտեք` քանի որ դատական բուն գործընթացը սկսվել է, աշխատում եմ այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություններ չտալ:
Նախ` առաջին հերթին տղաներին ավելորդ բաների մեջ չգցենք: Երկրորդ` մենք միշտ սխալ ենք մեկնաբանում: Ես միշտ խոսել եմ, որ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ տարբեր էտապներ կային: Երբ խոսում էին` զենքերը վայր դնեն եւ հանձնվեն, դա առաջին էտապի մասին էր խոսքը, որի դեպքում կարող էին լինել որոշակի քաղաքական գործընթացներ: Բայց վերջին էտապում, եկեք անկեղծ լինենք, սա գիտեն նաեւ տղաները, այնպես չի, որ իրենք զենքերը վայր են դրել մեր հորդորով եւ հանձնվել են: Ուղղակի եղել է շատ հստակ հրահանգ` այսօր վերջին օրն է, մենք չենք կարող թույլ տալ, որ Երեւանի կենտրոնում այսքան երկար շարունակվի ապօրինություն, եւ հատուկ ծառայությունները գնալու էին հատուկ գործողության, որի ժամանակ, ցավոք սրտի, ինչ-որ միջադեպեր կլինեին: Եվ դրա հիման վրա տղաները գիտակցեցին եւ զենքերը վայր դրեցին: Հավատացեք` որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, առավելեւս` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի հետ առիթ ունեցել եմ այս խնդիրներով զրուցելու, որեւէ քաղաքական պատվեր որեւէ մարմնի իրավապահ չի իջեցրել, առավելեւս` դատարանին:
-Իրադարձությունների ավարտից հետո՞ եք խոսել Սերժ Սարգսյանի հետ:
-Այո՛, հանրապետության նախագահը երբեք թույլ չի տա որեւէ քաղաքական պատվեր իջեցնել: Ընդհակառակը, իրենք շատ կուզենային, որ տղաները դատավարական բոլոր նորմերը հարգեն:
-Միգուցե չեն հարգում դատավարական նորմերը` հասկանալով, որ բոլոր դեպքերում իրենց ցմահ ազատազրկում է սպասվում:
-Նորից եմ կրկնում` հանձնվելու պարագան ուրիշ ձեւով է եղել, բայց այն, ինչ կատարվել է ապօրինի, երեք ոստիկանի մահ ունենք, Դուք հասկացեք` դրանց հետեւում ընտանիքներ կան, պետությունը չի կարող այդ շռայլությունը թույլ տալ եւ սրա-նրա ցանկությամբ կայացնել դատավճիռներ, որոնք համարժեք չեն լինի իրենց կատարած հանցանքին:
Կարծում եմ, որ շատերի նպատակն էր, որ այդ տղաները այնտեղից կենդանի դուրս չգային, որն իրենց ավելի մեծ հնարավորություն կբացեր: Կա հանցագործության փաստ, եւ դատարանը պարտավոր է այդ ծանր հանցագործությունների համար, այո՛, դատավճիռներ կայացնել:
-Ցմահ ազատազրկումը իրավաչա՞փ որոշում է:
-Ես դատարանը չեմ, ես գործի նյութերին ամբողջապես չեմ տիրապետում եւ դատարանի փոխարեն չեմ էլ կարող որեւէ բան ասել: Ես` որպես ՀՀ քաղաքացի, ասում եմ, որ պետության իրավապահ մարմնի վրա ձեռք բարձրացնելը ծանրագույն հանցագործություն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր դատապարտյալների շրջանում առկա սպասողական վիճակին:
Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է, ինչ Սերժ Սարգսյանին ներման խնդրանքով 15 դատապարտյալների անուններ են ներկայացվել, սակայն որոշման մասով դեռեւս որեւէ տեղաշարժ չկա: 2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի քանի ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Ավելին՝ մեզ հայտնի էր դարձել, որ քրեակատարողական հիմնարկներից համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Ի վերջո, Սերժ Սարգսյանին ներկայացվել է 15 հոգանոց ցուցակ, որտեղ ընդգրկվել են ցմահ դատապարտյալներ` դաշնակցական Արմենակ Մնջոյանը, Արմեն Տեր-Սահակյանը եւ Ստեփան Գրիգորյանը: Նկատենք, որ Սերժ Սարգսյանին ներկայացված ցմահ դատապարտյաների թիվը երեքով չի ավարտվում:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանը, որը սպանության համար ազատազրկման մեջ է գտնվում 1997 թվականից, եւս ներման խնդրանքով դիմել է նախագահական: Նրանից նույնպես իր վարքագծի մասով ՔԿ վարչությունից թղթեր են պահանջել եւ ներկայացրել նախագահական:
Թե ինչ է սպասվում ներման խնդրանքով դատարան դիմած դատապարտյալներին, դժվար է ասել, նախագահականում դեռ լռում են: Այդ ընթացքում դատապարտյալները սրտատրոփ սպասում են:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2018 թվականի հունվարի 23-ին քաղաքապետարանը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի ոսկերչական ընկերությանը` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնի, որպես հետեւանք սեփականության իրավունքի գրանցումը վերացնի եւ պարտավորեցնի հողամասը Երեւան համայնքին վերադարձնել:
Ըստ էության «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն տարածք է վերցրել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տարածքը ոչ օրինական է գրանցվել, եւ հիմա քաղաքապետարանը դատարանի միջոցով պահանջում է` քաղաքապետարանին պատկանող տարածքը հետ վերադարձվի:

 

 

ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ամփոփել է 2017թ. բանակային տարվա արդյունքները: Նա սկզբում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ եւ տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել, եւ բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ եւս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը: Ամփոփելով տարին` նա նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեւանի Խանջյան եւ Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում` Խանջյանի թունելի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների թվում եղել է նաեւ Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանվել Բադեյանը: Պարզվել է, որ Lexus-ը վարել է 23-ամյա Դավիթ Բադեյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Մանվել Բադեյանը լուրջ վնասվածքներ չի ստացել:




Լրահոս