ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՎԵՐՑՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ագրարային համալսարանում բողոքի նոր ալիք է հասունանում: Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի` համալսարանից հետ է վերցվել երկու մասնաշենք: Փոխարենը տրվել է մի տարածք, որը գտնվում է Մյասնիկյան հասցեում:

Պարզվում է, Ամանորի նախաշեմին՝ 2017թ. դեկտեմբերի 28-ին, կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի «Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից Երեւանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում գտնվող 7594 քմ մասնաշենքերը եւ կաթսայատունը հետ վերցնելու մասին: Փոխարենը հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է նշված հասցեում գտնվող 5-րդ մասնաշենքը, մարզադահլիճը` հանդերձարաններով: Բացի այս` համալսարանին է տրվել Երեւանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում գտնվող 1521.7 քմ շենքը, 32.6 քմ կաթսայատունը` դրանց զբաղեցրած եւ սպասարկման համար հատկացված 0.1772 հա հողատարածքը, որպես փոխհատուցում: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում գտնվող դպրոցի հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից գումար պետք է հատկացվի, ինչից հետո հնարավոր կլինի համալսարանի մի մասի տեղափոխումը: Իսկ մինչ այդ ագրարային համալսարանը շահագործելու է Կորյունի 17 շենքի ֆիզկուլտուրայի դահլիճը` հանդերձարաններով, եւ Կորյունի 19-ի մասնաշենքը, որը Տերյան փողոցի թեւում է:
Սակայն համալսարանից մասնաշենքերը խլելու այս որոշումը խիստ զայրացրել է ե՛ւ ուսանողական, ե՛ւ դասախոսական կազմին: Բանն այն է, որ նոր տարածքը բավական հեռու է, եւ ոչ բոլորին է հարմար այնտեղ հաճախել: «Ժողովուրդ»-ին համալսարանի ուսանողները պատմեցին նաեւ, որ մասնաշենքերի նոր «սեփականատերը» այս օրերին իրենցից պահանջում է ազատել տարածքը: Իսկ տվյալ մասնաշենքերում, ըստ ուսանողների, կան կենդանաբանական կարեւոր նմուշներ, փորձանմուշներ, քիմիական նյութեր եւ այլն, որոնց տեղափոխման հարցը այդպես էլ օդում կախված է մնում:
Հետաքրքիրն այն է, որ Ագրարային համալսարանից կառավարությունը տարածքը վերցրել է՝ հիմնավորելով, որ այնտեղ պետք է տեղակայվեն պետական հիմնարկներ: Իսկ թե ո՞ր գերատեսչություններն են տեղակայվելու, դեռ հայտնի չէ. իշխանությունները դեռ չեն որոշել: Մինչ այդ, տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, ով ասաց. «Եթե մտնողներ են, ապա պետական գույքի կառավարման վարչությունից են եղել, որոնք լիազորված են տնօրինելու այդ տարածքները: Բայց կոպիտ պահվածք չեն դրսեւորել: Մենք միասին ենք գնացել այդ մասնաշենքեր»: Մեր զրուցակիցն անկեղծացավ` նշելով, որ կառավարությունը իրավունք ունի ցանկացած պահի հետ վերցնելու այն գույքը, որը ժամանակին անժամկետ օգտագործման իրավունքով է հանձնել: «Մեզ նույն որոշմամբ տվել են Երեւանի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող Գրիբոյեդովի անվան նախկին դպրոցը: Այն էլ է պետական շենք, եւ ՀՀ կառավարությունն է տնօրինում այդ շենքերը»,- նկատեց պրոռեկտորը:
Պրոռեկտոր Էֆենդյանը նաեւ նշեց, որ կառավարության որոշման արդյունքում տուժում է իրենց բուհի աշխատանքը: «Իհարկե, տուժում է, բայց… բայց հիմա մենք ինչ կարող ենք անել: Հիմա դա պետական կարիքների համար է, ուրեմն պետք է հատկացվի: Այստեղից գույքը վերցնում ենք, տեղափոխում այլ տեղ: Դրա մեջ ի՞նչ կա: Եթե այդ կարիքը առաջացել է պետության համար, եւ այդ շենքի տերը` կառավարությունը, որոշել է հետ վերցնել, ապա մենք ինչ կարող ենք անել: Նման սուղ պայմաններում, փառք Աստծո, որ մեզ այլ տարածք են տվել»: Պրոռեկտորի խոսքերով` մի քանի ամիս անց այդ մասնաշենքերում տեղակայվելու են «պետական լուրջ մարմիններ»: Պրոռեկտորը խուսափեց նշել, թե պետական ո՞ր լուրջ մարմիններն են տեղակայվելու այնտեղ: Միայն հավաստիացրեց` նշելով. «Բայց այդ տարածքում մասնավոր ընկերություն չի աշխատելու, հյուրանոց չի լինելու… համբերենք մի քանի ամիս, կիմանանք: Կառավարությունը ինքը չէր անի նման քայլ. պետական լուրջ տարածքը ինչ-որ մասնավոր ընկերությանը վաճառել` հյուրանոց կառուցելու համար»:
Որպես պատճառաբանություն պետական գույքի կառավարման վարչությունը նշել է, որ համալսարանից մասնաշենքերն ու կաթսայատները հետ են վերցնում մի շարք պետական հիմնարկներին համապատասխան աշխատանքային տարածքներով ապահովելու նպատակով: Թե կոնկրետ որ պետական հիմնարկներն են այստեղ գործունեություն իրականացնելու, պետական գույքի կառավարման վարչությունից չգաղտնազերծեցին` բավարարվեցին միայն նշելով. «Համապատասխան որոշումը ընդունվել է դեկտեմբերին, վերջնական դեռ չի որոշվել, քննարկումների փուլում է»: Ասել է, թե այս պահին մասնաշենքերի «սեփականատերը» պետական գույքի կառավարման վարչությունն է:
Ոչինչ, որ այս ամենի արդյունքում հնարավոր է` համալսարանը վնասներ կրի: Մյուս կողմից գործադիրի ղեկավարը` Կարեն Կարապետյանը, հորդորում է ենթականերին օպտիմալացման գնալ, մասնավորեցնել տարածքներ, գումարներ տնտեսել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱԳԱՂԹ
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, խոսելով անկախության շարժման մասին` 30 տարի անց, փաստել է, որ դա սկզբում եղել է բնապահպանական շարժում: «Եթե շարունակվեր այդպես, ինչպես մեր ընդդիմության այլ ակցիաները, կմարեր, այնուհետեւ մեկտեղ եկավ Ղարաբաղի հարցը: Ես համոզված եմ, որ «վերեւներում» էր որոշվել, թե ինչ խաղաքարտ պետք է խաղարկվի, դրված է եղել Ջավախքի եւ Ղարաբաղի հարցը, պարզապես Ղարաբաղն է ընդունվել»,-նշել է նա:
Կարինե Խոդիկյանը համոզված է, որ եթե 88-ի սկզբում ժողովրդին ասեին, թե գնալու են անկախության, դժվար թե համաժողովրդական պոռթկում լիներ: «Այսօր, որ կանգնած ենք այսպիսի վիճակների առաջ` համընդհանուր արտագաղթ է, ով հնարավորություն ունի, թողնում, փախչում է, սրա արմատը պետք է փնտրենք 30 տարի առաջ, երբ ժողովուրդը իր ինքնապահպանական բնազդը վերածեց հայրենասիրական պոռթկումի եւ տեր կանգնեց Ղարաբաղին, բայց ընթացքում այն մարդիկ, ում տրվեց այդ ուժը գեներացնելու, ուղղորդելու առաքելությունը, թողեցին կիսատ, խեղեցին… Անկախության պոռթկումը պետք է լիներ ազգի սերուցքի, ակտիվ մասսայի մեջ, նրանք պետք է այդ ուժն այն ուղղությամբ տանեին, որ ժողովուրդը անկախության համը զգար, բայց չզգաց…»,-ասել է տիկին Խոդիկյանը:

 

 

ԴԻՄՈՒՄԸ ՍԿՍԵԼ Է ՔՆՆԵԼ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է քննել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը` Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմանների հարցով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 22-ին մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Բագրատաշենի մաքսակետի տարածքում 11 քառակուսի մետրով տարածքը հատկացրել էր «Թոփ-Սփին» ընկերությանը: Աճուրդից հետո Բագրատաշենի անցակետի մոտակայքում գործող ավելի քան 4 տասնյակ ընկերություններ բողոքի ակցիաներ էին անցկացրել եւ մի քանի անգամ փակել ճանապարհը` պնդելով, թե պետական եկամուտների կոմիտեն հակամրցակցային պայմաններ է ձեւավորել: Այս ամենից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում էր հղել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով` պահանջելով վարույթ հարուցել ստեղծված իրավիճակը պարզելու համար:




Լրահոս