«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները պատրաստվում են դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի փաստաբաններին ոչ փաստաբաններից զանազանելու հնարավորություն տրվի:
Իսկ ո՞րն է խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հատկապես վերջին շրջանում շատ փաստաբաններ նախաքննությունն իրականացնող մարմիններին են ներկայացրել փաստաբանի արտոնագիր, որը ավելի ուշ պարզվել է՝ ժամկետանց է եղել: Այսինքն՝ փաստաբանի լիազորությունները 2 տարի կամ մեկ տարի առաջ դադարեցված են, բայց նա հին վկայականով ներգրավվել է գործում որպես փաստաբան: Իրավապահներին, մասնավորապես գործը հսկող դատախազներին այլ ելք չի մնացել, քան դատարաններին զգուշացնել, որ փաստաբանները խաբել են իրենց՝ ասելով, թե իբր չեն իմացել, որ իրենց արտոնագրի ժամկետն ավարտվել է:
Հիմա իրավապահ մարմինների ներկայացուցիչները դիմել են Արա Զոհրաբյանին՝ փաստաբանների պաշտոնական կայքում տեղադրելու համար ՀՀ-ում օրինական դաշտում գործող, ժամկետների մեջ վկայական ունեցող փաստաբանների ցանկը, որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ անգամ գիշերվա ժամին, որեւէ մեկին բերման ենթարկելիս, եթե նրա հետ փաստաբան ներկայանա, քննիչները, ոստիկաններն ու մյուս իրավապահները հնարավորություն ունենան ստուգելու, թե փաստաբան ներկայացող անձը իրականում գործող փաստաբա՞ն է, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եղել են դեպքեր, երբ փաստաբանները նախաքննությունը իրականացնող մարմիններին են ներկայացրել փաստաբանի արտոնագիր, իսկ ավելի ուշ իրավապահները պարզել են, որ փաստաբանների լիազորությունները 2 կամ մեկ տարի առաջ դադարեցված են: Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ մարմինները նամակ են ուղղել Ձեզ՝ իրավիճակին լուծում տալու համար: Եղե՞լ է արդյոք նման խնդիր:
-Եղել են դեպքեր, երբ նախաքննության մարմինը հարցումներ է ուղղել փաստաբանների պալատին` խնդրելով հայտնել` այս կամ այն անձը հանդիսանում է փաստաբան, թե ոչ: Փաստաբանների պալատն այդ հարցումներին պատասխանում է: Փաստաբանների պալատի կայքում (www.advocates.am) փաստաբանների վերաբերյալ առկա է անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ նախաքննության մարմինը կամ ցանկացած անձ կարող է ստուգել` քաղաքացին փաստաբան հանդիսանում է, թե ոչ: Եթե քաղաքացին ուժը կորցրած իր արտոնագրի պատճենը ներկայացնելով` հանդես է եկել որպես փաստաբան, ապա դա արդեն իրավախախտում է:
-Կարո՞ղ եք հայտնել, թե 2017թ. ընթացքում քանի՞ նման դեպք է եղել:
-2017թ. մոտ 7 նման հարցում ենք ստացել: Բայց այդ հարցումներով խնդիր չի բարձրաձայնվել, այլ միայն տեղեկություն են խնդրել, ինչն էլ տրամադրվել է: Եվ նույնիսկ, եթե նման խնդիր էլ ներկայացվեր փաստաբանների պալատին, միեւնույն է` փաստաբանների պալատը փաստաբան չհանդիսացող քաղաքացու նկատմամբ որեւէ լիազորություն չունի:
-Ի՞նչ են առաջարկում իրավապահները որպես լուծում:
-Նախ` իրավապահ մարմինները կարող են փաստաբանների պալատի կայքից տեղեկանալ` այդ անձը հանդիսանում է փաստաբան, թե ոչ: Երկրորդ` եթե քաղաքացին կեղծ տեղեկություններ է ներկայացրել նախաքննության մարմնին կամ վստահորդին խաբել է, որ հանդիսանում է փաստաբան եւ գումար է կորզել, ապա այստեղ կարող ենք գործ ունենալ արդեն հանցագործության հետ:
-Հանրային պաշտպանները տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են, որ «Սասնա ծռերի» գործով հայտնվել են խնդրի առաջ: Բանն այն է, որ գործով մեղադրյալների պաշտպանները կա՛մ դատարան չեն գնում, կա՛մ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` դատավորն է պաշտպաններին փոխում եւ հանրային պաշտպաններ ներգրավում: Ու քանի որ «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալները հրաժարվում են նրանցից, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որ հանրային պաշտպանները այս խառնաշփոթի արդյունքում կտրվում են իրենց հիմնական գործից` հայտնվելով ավելորդ քաշքշուկի մեջ: Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում:
-Հանրային պաշտպանների գործը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալն է: Տվյալ դեպքում, դատարանի որոշման հիման վրա հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը պարտավոր է գործը հանձնել հանրային պաշտպանին: Հանրային պաշտպանը դատարանում արդեն կաշկանդված է դատարանի որոշմամբ: Դատարանում խնդիր էր ծագել վստահորդ եւ հանրային պաշտպան փոխհարաբերություններում, քանի որ մեղադրյալները չէին տալիս իրենց համաձայնությունը հանրային պաշտպաններին: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առաջարկի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 72-րդ հոդվածի 2-րդ մասի (երրորդ նախադասության) սահմանադրականության հարցով: Սահմանադրական դատարանը այժմ քննություն է իրականացնում այդ հարցով: Սպասում ենք ՍԴ դիրքորոշմանը:
-Դատական օրենսգրքի որոշ դրույթների շուրջ փաստաբանները դժգոհություն էին հայտնել, անգամ մարզերում գործադուլ արեցին: Մինչդեռ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, թե այդ դրույթը չի փոխվելու: Ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ հետագա քայլեր եք տեսնում:
-Փաստաբանների պալատի խորհրդի անդամները հանդիպել են ազգային ժողովի ներկայացուցչի հետ: Բողոքի ակցիաները դեռ շարունակվում են եւ գնալով նոր թափ են հավաքում: Փաստաբաններիս պահանջը մեկն է` չվտանգել մեր մասնագիտական անկախությունը, մինչդեռ այսօրվա ձեւակերպումներով նախագիծը լուրջ վտանգ է պարունակում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՎԵՐՋԸ ՀԵՌԱՑՐԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին 27-ին գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են լարվում: Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:
Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հարությունյանն իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել որեւէ կալանավայր: Իր պաշտոնավարման ընթացքում ՔԿՎ չայցելեց նաեւ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում հարաբերությունները եւս լարված էին Արթուր Օսիկյանի հետ: Հովհաննիսյանը մեկ անգամ միայն եղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ վերջ, այնինչ` Հարությունյանը նույնիսկ այնտեղ չի այցելել:
Այս իրավիճակում առավել մտահոգիչ էր ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի եւ ՔԿՀ պետերի հարաբերություննները. դրանք գնալով լարվում էին: Մասնավորապես մի առվով չէին հոսում «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանի եւ Արթուր Օսիկյանի ջրերը: Վահան Մարգարյանը կռիվ էր սկսել Արթուր Օսիկյանի կադրերի դեմ, եւ մեկը մյուսի հետեւից նրանք կա՛մ աշխատանքից ազատվում էին, կա՛մ էլ հայտնվում մեղադրյալի աթոռին: Ու այս լարվածությանը խառնվել էին անգամ դատապարտյալները:
Եվ ահա բացահայտված այս աղմկահարույց դեպքերը, վարչության պետերի եւ ՔԿՀ պետերի լարված հարաբերությունները հասել էին այնտեղ, որ Արթուր Օսիկյանը ստիպված պետք է հրաժեշտ տար իր աթոռին: Երեկ մամուլում տարածվեց լուրը, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից եւ շուտով պաշտոնապես կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ: Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել էր ՔԿՎ հանրային կապերի բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ այս պահին Արթուր Օսիկյանն աշխատանքի վայրում է: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ նա ազատված չէ պաշտոնից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՀԱՐՑԱՔՆՆՎԵՆ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ Սէֆիլյանի գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդել է հարցաքննության հրավիրել Վարուժան Ավետիսյանին ու Պավլիկ Մանուկյանին: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարել է միջնորդությունը: Ավետիսյանն ու Մանուկյանը կհարցաքննվեն փետրվարի 2-ին: Տիգրան Եգորյանը միջնորդել է նաեւ հարցաքննության կանչել Գարեգին Չուգասզյանին, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը նիստերի դահլիճում չեն եղել, նախորդ նիստում դատարանը սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ` հեռացնելով դահլիճից:
ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանության գործով նիստ երեկ չի կայացել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ալբերտ Քարամյանը նշել է, որ տուժող կողմը նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է: Նշենք, որ այս գործով դատաքննությունն ընթանում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: