2017 թվականին մի քանի ոլորտներում պետական մրցանակներ չեն շնորհվել: Դրանց թվում է նաեւ թատերական ոլորտը: Ներկայացված է եղել ընդամենը երկու աշխատանք` Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» եւ Երվանդ Ղազանչյանի «Եղած-չեղած մի կյանք» ներկայացումները: Սակայն ներկայացումները հավաքել են հավասար ձայներ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է թատերագետ, թատերական արվեստի հանձնախմբի անդամ Արա Խզմալյանի հետ:
-Պարո՛ն Խզմալյան, մտահոգիչ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ պետական մրցանակի համար ընդամենը երկու հայտ է ներկայացվել, ոլորտի գործիչները ստիմուլ չունե՞ն, թե՞ այլ խնդիր կա, ըստ Ձեզ:
-Ամեն քվեարկությունից հետո ես ասում եմ, որ հայտերի ընդունման ընթացակարգը պետք է փոխվի, այսինքն` պետք է ինֆորմացիոն հստակ քաղաքականություն վարել, մարդկանց իրազեկել: Շատերը պարզապես չգիտեն, որ պետական մրցանակի համար հայտեր են ընդունվում: Հանձնախմբի անդամները պետք է բավականաչափ ակտիվ լինեն, պետք է հստակ աշխատանք տանեն ստեղծագործական խմբերի հետ, համապատասխան հայտարարությունը պետք է տարածված լինի ինտերնետային տիրույթում, թերթերում, թատրոնները եւս պետք է տեղեկացվեն այդ մասին: Իսկ հետո արդեն հարկավոր է մշակել հստակ ֆիլտրեր` հիմնված կոնկրետ չափանիշների վրա: Օրինակ` պետք է հաշվի առնել` տվյալ ներկայացումը քանի փառատոնի է մասնակցել, դրա մասին քանի հոդված է տպագրվել, քանի անգամ է այն խաղացվել հասարակական ինչ արձագանք է այն ունեցել: Դրանից հետո արդեն որոշակիորեն զտված ներկայացումները կարող են ներկայացվել հանձնախմբի դատին:
-Հանձնախմբի անդամների խոսքով` համակարգը բավական բաց է, եւ ցանկացած մեկը, այդ թվում` ուսանող, ով համարում է, որ արժանի է պետական մրցանակի, կարող է հայտ ներկայացնել: Եթե այդպես է` ինչո՞ւ պատկերն այնքան էլ հուսադրող չէ:
-Իհարկե, պոտենցիալ մասնակիցների շրջանում կարող է լինել որոշակի թերահավատություն, չեմ բացառում, բայց, ինչպես նշեցի, հիմնական խնդիրը ինֆորմացիայի պակասն է:
-Այս պարագայում ի՞նչ անելիք ունի թատերական գործիչների միությունը:
-Կարծում եմ, որ պետք է չափանիշներ մշակվեն նաեւ հանձնախմբի անդամների ընտրության հարցում: Ցանկալի է, որ հանձնախմբում լինեն մասնագիտական առումով չեզոք մարդիկ. որքան չեզոք լինեն անդամները, այնքան արդյունավետ կլինի ընտրությունը:
-Իսկ ճի՞շտ եք համարում, որ երբ երկու ներկայացում հավասար ձայներ են հավաքում, դրանցից ոչ մեկը պետական մրցանակի չի արժանանում:
-Ի վերջո, կա կանոնակարգ, որով մենք առաջնորդվում ենք, պետք է աշխատի «50+1» սկզբունքը, հակառակ դեպքում իրավունք չունենք որեւէ մեկին առավելություն տալու:
-Իսկ ի՞նչ եք կարծում` դաշտում կա՞ն ներկայացումներ, որոնք արժանի են գոնե պետական մրցանակի ներկայացվելուն, եթե ոչ հենց մրցանակին:
-Ներկայացված հայտերի մեջ արդեն իսկ կար պետական մրցանակի արժանի ներկայացում, բայց մենք բաց ենք թողել մեր ստեղծագործողին շնորհակալություն ասելու եւ գնահատելու շանսը: Կար անուն, որը բոլոր չափանիշներով արժանի էր պետական մրցանակի, նա միջազգային բոլոր հարթակներում պատվով հանդես էր եկել, ներկայացրել էր Հայաստանը, շահել էր մրցանակներ եւ այլն:
-Ո՞ր ներկայացման մասին է խոսքը:
-Երեւի ճիշտ չի լինի, ես չեզոքությունս կորցնեմ եւ փակագծեր բացեմ:
-Այսինքն` ունենք պոտենցիալ, որը չի՞ գնահատվում:
-Չէի ասի, թե չի գնահատվում, պարզապես ճաշակի, ընկալումների հարց կա: Ամեն մեկն իր խղճի մտոք քվեարկել է: Ուղղակի հաճախ, երբ որեւէ մեկը պետական մրցանակի չի արժանանում, ասում են, թե դրան արժանի ներկայացում չկար, բայց եթե երեք հոգի քվեարկել են մեկի, երեք հոգի` մյուսի օգտին, նշանակում է` գնահատել են թե՛ մեկին, թե՛ մյուսին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ` «ՕԼԻԳԱՐԽԻ ՈՐԴԻ»
Երկուշաբթի օրվանից «21TV»-ի եթերում կհեռարձակվի «Երաժշտական խաչմերուկ» ծրագիրը, որը կրկին կվարի Սուրեն Փահլեւանյանը:
Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր եւ հեռուստաընկերության համատեղ որոշման արդյունքում հինգ տարի անց հաղորդումը վերադառնում է եթեր, քանի որ, ինչպես Սուրենն է ասում, դրա պահանջարկը կա. «Հաղորդման ե՛ւ ֆորմատը, ե՛ւ անունը նույնն է մնացել. մենք հեռուստաեթերի միջոցով քաղաքացիներին կօգնենք վաճառել իրենց մեքենան, իսկ հեռուստադիտողների շրջանում էլ հետաքրքրություն կառաջացնենք տվյալ մեքենայի նկատմամբ»,-նշեց նա` հավելելով, որ կարոտել էր հաղորդման ֆորմատը եւ վերջին տարիներին հաճախ է մտածել վերադառնալու մասին:
Սուրենը նաեւ տեղեկացրեց, որ այժմ նկարահանվում է «Երկիր Մեդիայի» «Չորրորդ հարկ» անունը կրող 25 մասից բաղկացած սերիալում, որտեղ մարմնավորում է օլիգարխի որդու կերպար. «Բացի այդ` ընդգրկված եմ «ATV» հեռուստաընկերության մի սերիալում, որը կոչվում է «Կարմիր բլուր», այդտեղ խաղում եմ գլխավոր կերպարներից մեկի վարորդի դերը, նոր ենք սկսել աշխատանքները: Սերիալներից ոչ մեկի կերպարս էլ հոգեհարազատ չէ ինձ, մոտ չէ իմ տեսակին»:
Դիտարկմանը, թե դերասանական ոլորտն օրեցօր ավելի է ձգում իրեն, Սուրենը պատասխանեց. «Ունեցել եմ փոքր եւ միջին բիզնեսներ, բայց դրանք միշտ էլ ինձ համար եղել են կողմնակի աշխատանքներ: Չեմ ուզում դուրս մնա եթերից, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքը: Որքան ուժերս ներեն, կմնամ հեռուստատեսությունում, այս ոլորտում ուժեղ պայքար է ընթանում, եւ ես բաց չեմ թողնի իմ հնարավորությունը»:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԵՐԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է 29-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երեք ներկայացուցիչներին: «Փհենչհան-2018»-ում Հայաստանը ներկայացնելու են դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ Աշոտ Կարապետյանը հանդես է գալու լեռնադահուկային սպորտի մրցաշարում: Նշենք, որ Հայաստանը նվաճել է մեկ օլիմպիական ուղեգիր եւ ստացել 2 սպիտակ քարտ:
Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը օլիմպիական խաղերին չի մասնակցի վնասվածքի պատճառով:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ
Հայաստանի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ: Հայաստան – Լիտվա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 27-ին Երեւանում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Լիտվայի հավաքականը C դիվիզիոնում է, որի չորրորդ խմբում կմրցի Ռումինիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի հետ: ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին` D դիվիզիոնում ընդգրված Հայաստանի հավաքականը հայտնվել է չորրորդ խմբում, որտեղ կխաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:
Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է 2017 թվականի նոյեմբերին` Երեւանում հաղթելով Բելառուսին եւ Կիպրոսին:
ՇՈՒՐՋ 15 ՖԻԼՄ
Լեոնիդ Ենգիբարյանի մասին ու նրա մասնակցությամբ շուրջ 15 ֆիլմ է նկարահանվել: Անվանի արվեստագետին էկրանավորել են հայտնի ռեժիսորներ: 2017թ. հանդիսատեսը վայելեց «Ես` այո-ի եւ ոչ-ի արանքում» փաստավավերագրական ֆիլմը: Վերջինս նաեւ խաղարկային կարելի է բնորոշել, որտեղ Լեոնիդ Ենգիբարյանի կերպարը մարմնավորել է Հայկ Փայտյանը: