Լուսանկարն արվել է Երեւանում
Անհասկանալի է, թե «բանալիների շտապ պատրաստում» ինչպես է կատարվելու ծառի փչակում: Հուսանք, որ գրության մեջ նշված սլաքը գոնե կհուշի բանալիների պատրաստման ճիշտ տեղը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` եթե անձն աշխատանքը կորցնի, ինչպե՞ս է կարգավորվում նրա պարտադիր կուտակային խնայողությունների հարցը:
Լիա Մանուկյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակահատվածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին նպատակային սոցիալական վճարները չեն կատարվի եւ կենսաթոշակային հաշվի ավելացման միակ աղբյուրը կլինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները:
Նորից աշխատանքի անցնելու դեպքում նպատակային սոցիալական վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին, ու դրանց հաշվին ձեռք կբերվեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում ճանապարհային վճարը: Ընդհանրապես ովքե՞ր են համարվում ճանապարհային վճար վճարողներ, ովքե՞ր են պարտավոր այդ վճարումներն անել:
Հարություն Հովսեփյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ճանապարհային վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար: