ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է իր կողմից խոստացված հանդիպումները: Նախօրեին կոալիցիոն ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին հանդիպելուց հետո երեկ նա Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպեց գիտնականներին: Ինչպես հայտնի է՝ մինչեւ նախագահի պաշտոնում առաջադրվելուն համաձայնելը, Ա. Սարգսյանը որոշել է հանդիպել լայն շրջանակների, այդ թվում՝ ԼՂՀ ղեկավարության հետ: Սակայն հետաքրքիրն այն է, որ դեռ որոշված չեն խորհրդարանական մյուս ուժերի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների հետ հանդիպման օրերը: Ընդ որում, եթե «Ելք»-ի հետ գոնե նախնական համաձայնություն կա, ապա «Ծառուկյան» խմբակցության դեպքում դա էլ առկա չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` քանի որ «Ելք» խմբակցությունում կան Հայաստանից դուրս գտնվող անձինք, նրանք որոշում են կայացրել հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ նախագահի չորրորդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ չի քննարկել հանդիպման օրն ու վայրը, այսինքն՝ այն դեռեւս անհայտ է: