Հիմա արդեն նախագահը անգլիական թագուհին է լինելու. Սերգեյ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ներքին քաղաքական դաշտում տիրող փոփոխությունների, «Ք1»-ի պասիվ գործունեության, «Քաղաքացիական ակտիվ քայլի» հետագա անելիքների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, քաղաքական դաշտում բուռն զարգացումներ են տեղի ունենում, անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Դուք լռում եք, ինչո՞ւ այդ թեմային չեք անդրադառնում:

-Որովհետեւ այն, ինչ կատարվում է, բացարձակապես ժողովրդին չի վերաբերում: Դրանից ոչինչ չի փոխվելու: Կան բաներ, որոնք հասարակ մարդու վրա չեն ազդում: Իրենք իրենց կյանքով ապրում են, մե՞զ ինչ:

-Այնուամենայնիվ, սպասե՞նք Ձեր թողարկումներին «Ք1»-ի հարթակից:

-Ճիշտն ասած՝ հիմա ավելի լուրջ գործով՝ մեղվապահությամբ եմ զբաղված, եթե ժամանակ ունենամ, կարող է` ինչ-որ բան անեմ, բայց կոնկրետ հիմա ոչ մի բան չունեմ ասելու:

-Իսկ թանկացումների մասին ի՞նչ կասեք: Պատրաստվո՞ւմ եք բողոքի Ձեր ձայնը հնչեցնել:

-Այն, ինչ տեղի է ունենում, շատ ցավալի է: Լավ կլիներ՝ թանկացումների դեմ պայքարում ավելի համախմբված լինեինք: Տեսեք, թե ուրիշ երկրներում թանկացումների դեմ պայքարն ինչ ծավալների է հասնում: Մեզ մոտ մարդիկ երեւի չեն էլ հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինքս ամեն օր ֆիքսում եմ, որ մի ապրանք էլ է թանկացել: Գիտե՞ք՝ նախկինում ապրանքների գներին ուշադրություն չէի դարձնում, բայց հիմա դրանց գնի բարձրացումն աչքի է զարնում:

-«Քաղաքացիական ակտիվ քայլն» ի՞նչ է պատրաստվում անել:

-Միշտ լինել իշխանությունների կողքին՝ հոգով, սրտով եւ ամեն ինչով (ծիծաղում է):

-Իշխանություն ասելով՝ նկատի ունեք ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ թեկնածուի՞ն՝ Արմեն Սարգսյանի՞ն, Սերժ Սարգսյանի՞ն, ո՞ւմ:

-Ես եղել եմ եւ կմնամ «Քաղաքացիական ակտիվ քայլի» անդամ դեռ շատ երկար տարիներ, եւ բացարձակապես կապ չունի՝ ով կլինի նախագահը: Հիմա արդեն նախագահը անգլիական թագուհին է լինելու: Ինձ համար սարսափելին այն է, որ մարդը կիրթ է, բայց էլի չի անում այն, ինչ պետք է: Արմեն Սարգսյանի քայլերը ես գիտեմ, գիտեմ նաեւ, որ նա անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման հետ: Շատ ստորություն կա այդ ամենում: Եթե նման քայլը, ասենք՝ Շմայսի դեպքում հնարավոր կլիներ հասկանալ, ապա նման մարդու դեպքում՝ երբեք:

-Մի քիչ էլ գործնական ծրագրերից խոսենք: Ձեզնից նոր նախագծեր սպասե՞նք:

-Սեզոնը կբացեմ փետրվարի 21-ին՝ Կամերային թատրոնում, «Ինչպես ես դարձա տղամարդ» ներկայացմամբ: Զգացի, որ հանդիսատեսը դա է պահանջում: Իհարկե, ահագին բան նորացված է. բնական է, որ ես փոխվում եմ, ներկայացումներս էլ հետս են փոխվում:

-Իսկ կա՞ մի թեմա, որին միշտ ցանկացել եք անդրադառնալ, բայց չի ստացվել:

-Չէ, ինչ ուզեցել եմ, միշտ էլ արել եմ, ինչ մտքիս եկել է, իրականացրել եմ:

-Պարո՛ն Դանիելյան, նոր հեռուստանախագծերում Ձեզ կտեսնե՞նք:

-Կշարունակեմ խաղալ «Անուղղելիները» սերիալում, իսկ, օրինակ, գեղարվեստական ֆիլմերից հրավերներ դեռ չունեմ:

-Վերջերս Սերժ Սարգսյանը հերթական անգամ հանդիպել էր մտավորականների հետ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ մտավորականների ցանկը գրեթե միշտ նույնն է:

-Դե, դա այն մտավորականների ցանկն է, որոնք միշտ նախագահի կողքին են: Կան մարդիկ, որոնք միշտ ներկա են նման հանդիպումներին:

Ինչո՞ւ Ձեզ պես ոչ ստանդարտ կերպարների երբեք չեն հրավիրում նման հանդիպումներին:

-Ինձ պես մարդկանց միայն Հայաստանում չէ, որ չեն հրավիրում, Ձեզ թվում է՝ ԱՄՆ-ում կամ, ասենք, Ֆրանսիայում հրավիրո՞ւմ են: Իմաստ չունի, որովհետեւ նախ եւ առաջ ես կհրաժարվեմ, քանի որ ոչ ոքի կողքին չեմ ուզում լինել եւ ավելի շուտ ինքս իմ կյանքին վերջ կտամ, քան կհարմարվեմ այն մտքի հետ, որ պետք է որոշակի պարտավորություններ ունենամ: Արվեստն այն ոլորտն է, արտահայտման տեղը, որտեղ միշտ ցանկացել եմ ազատ լինել, դա իմ հոգու ազատության տեղն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս