ԵՎՍ ՄԵԿ ԼԾԱԿ՝ ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ՀՀԿ-ում ձեւացնեն, թե դեռ չեն որոշել վարչապետի` իրենց թեկնածուին, իշխանությունների գործողությունները թույլ են տալիս աներկբայորեն պնդելու, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Համենայն դեպս, նոր Սահմանադրության պարագայում պետության իրական ղեկավարը լինելու է վարչապետը, եւ այս օրերին պետական կառավարման համակարգի մասին օրենսդրությունը գրվում է ապագա վարչապետի` Սերժ Սարգսյանի համար:

Պատահական չէ, որ երեկվանից շրջանառության մեջ դրված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է՝ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26 հասցեում՝ ներկայիս նախագահական նստավայրում: Իսկ ապագա նախագահին, որն, ի դեպ, նոր Սահմանադրությամբ շատ սահմանափակ լիազորություններ է ունենալու, որպես նստավայր հատկացվելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը:
Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ եւ արտոնություններ է ունենալու: Վարչապետը, բացի ծառայողական առանձնատնից, պետական ամառանոցից, հատուկ նշանակության ավտոտրանսպորտից, ունենալու է նաեւ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Մինչդեռ նախագահը, որ Սահմանադրությամբ պետության գլուխն է եւ միջազգային ասպարեզում ներկայացնելու է Հայաստանը, չի օգտվելու առանձին ինքնաթիռ եւ ուղղաթիռ ունենալու արտոնությունից (ի դեպ, բարձրաստիճան մյուս պաշտոնատար անձինք կարող են օգտվել կառավարության ղեկավարի համար նախատեսված հատուկ սարքավորված ինքնաթիռի եւ ուղղաթիռի սպասարկումից, բայց միայն վարչապետի որոշմամբ սահմանված կարգով):
Իսկ ահա ԱԺ նախագահի համար այս նախագծով առանձին սոցիալական երաշխիքներ ընդհանրապես չկան. ո՛չ նշված է ծառայողական առանձնատան, ո՛չ պետական ամառանոցի, ո՛չ էլ հատուկ նշանակության ավտոտրանսպորտի մասին: Նախագծում միայն ասված է, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ, տարեկան ոչ ավելի, քան 50 մլն դրամի չափով, եւ վերջ:
Բայց շատ ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հայտնի փաստ է, որ երկրում իրական իշխանությունը պատկանում է նրան, ում ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նախատեսված է, որ այս բոլոր կառույցները գործելու են վարչապետի ենթակայության տակ: Բացի այդ` օրինագծով նախատեսված է, որ վարչապետի ենթակայության տակ է գործելու նաեւ պետական վերահսկողական ծառայությունը:
Սա, ի դեպ, նոր կառույց է, որը մեծ հաշվով նման է լինելու նախագահի վերահսկողական ծառայությանը, սակայն ունենալու է առանձին կարգավիճակ` բավական լայն լիազորություններով ու հնարավորություններով:
Երեկվանից շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ, պետական վերահսկողական ծառայության լիազորությունների մեջ է մտնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց մոտ ամենատարբեր բնույթի ուսումնասիրություններ անցկացնելը: Մասնավորապես վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնելու ոչ միայն ֆինանսական միջոցների, այլեւ նշված մարմինների գործունեության օրինականության եւ արդյունավետության առումով, պետական միջոցների կառավարման եւ ձեավորման արդյունավետության եւ օրինականության առումով: Այս կառույցի լիազորությունների շրջանակներում է նաեւ հակակոռուպցիոն ծրագրերի եւ միջոցառումների վերահսկողությունը: Այս կառույցն իրավունք է ունենալու ծանոթանալու վերահսկվող օբյեկտի բոլոր փաստաթղթերին, բոլոր թղթային եւ էլեկտրոնային շտեմարաններին, տեղեկություններին: Ասել է, թե նրանց համար չկան սահմանված բացառություններ, եւ ստուգումների ճանապարհին չեն լինելու օրենքով նախատեսված գաղտնիքների տեսքով խոչընդոտներ:
Օրինագծով նախատեսված է, որ պետական վերահսկողական ծառայությունն իր ուսումնասիրություններն իրականացնելու է ղեկավարի հանձնարարականների հիման վրա: Սակայն վերահսկողական ծառայության ղեկավարը պետք է այդ հանձնարարականները նախապես համաձայնեցնի վարչապետի հետ: Սա նշանակում է, որ նոր ձեւավորվող այս կառույցը կարող է ստուգումներ անցկացնել ցանկացած պահի՝ վարչապետի որոշմամբ: Եւ այս դեպքում, կարելի է պնդել, որ այն վարչապետի ձեռքին լինելու է լուրջ լծակ՝ իշխանության ներսում լիակատար վերահսկողություն սահմանելու, ֆինանսա-տնտեսական բնույթի կոմպրոմատներ հավաքագրելու եւ ճնշումներ գործադրելու համար: Ըստ այդմ, բավական մեծ է լինելու այս կառույցի՝ որպես վարչապետի հենասյան դերն ու նշանակությունը:
Համաձայնեք` մեկ անձի լիակատար իշխանության հաստատման համար բավական լավ է մտածված:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԵԼՈՒ Է՝ ՉՈՒԶԵԼՈՎ
Սերժ Սարգսյանը չի ընդունել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականը, եւ հիմա վերջինս ստիպված է լինելու շարունակել պաշտոնավարումը: Հիշեցնենք` հունվարի 18-ին հաստատվեցին լուրերը, որ Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել: Բայց արդեն երեկ նախարարի խոսնակ Վասակ Թափրոշյանը տեղեկացրել էր, որ Մանուկյանը Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույց է ունեցել, որից հետո հրաժարականի հարցը հանվել է օրակարգից: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ` Մանուկյանի հրաժարականն անակնկալ է եղել իշխանության ներսում: Եւ Սերժ Սարգսյանն Աշոտ Մանուկյանին հորդորել է դիմանալ եւս երկու ամիս, ու երբ ապրիլին ձեւավորվի նոր կառավարություն, նա «ազատ կարձակվի»: Ս. Սարգսյանը նպատակահարմար չի համարել կարճ ժամանակահատվածի համար նոր թեկնածու փնտրելը, եւ նախարարն էլ ընդառաջել է նրա հորդորին:
Բայց թե այսքանից հետո առաջիկա երկու ամսվա ընթացքում Աշոտ Մանուկյանն ինչպե՞ս է կատարելու պաշտոնական պարտականությունները, ինչպե՞ս, ի՞նչ արդյունավետությամբ է աշխատելու, եթե ցանկություն չունի նախարար մնալու: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ նրա խոսնակից, սակայն պարոն Թափրոշյանը նշեց. «Ես իմ ասածին այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ»:

 

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ 8 ԱՄԻՍ ԱՆՑ
Ինչպես հայտնի է` հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել: Ու հիմա կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում` պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը: Այդ նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվածից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է դարձել թմրանյութի մեծ չափաբաժնի ընդունումը: Սակայն նրա մահը շատերի համար կասկածների տեղիք է տալիս: Մասնավորապես չի բացառվում, որ Առաքելյանի հետ կատարվածը քրեակատարողական հիմնարկում անցկացրած տարիների հետեւանք լինի: Հիշեցնենք, որ Առաքելյանը դեռես 2014 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում` Վերնիսաժում կրակոցներ արձակելու համար: Այդ արարքի համար ազատազրկման դատապարտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով, բայց 2017թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ նա ազատ արձակվեց: Ինչեւէ, իրականությունը կպարզի քննությունը:

 

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՖԻԳՈՒՐ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի պնդմամբ` մինչ այս պահը վերջնական որոշում չկա, թե ով է լինելու ՀՀ վարչապետը: Ըստ նրա` 2014թ. սկսած, երբ որոշվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նպատակ կար հասարակությանը մեսիջ ուղարկել, որ երկրում լինելու են կտրուկ եւ մեծ փոփոխություններ: «Կարծում եմ` նման մեսիջների շարքին կարելի է դասել ԱԺ նախագահի հայտնվելը: Հիմա թատերաբեմում հայտնվում է Արմեն Սարգսյանը, նույնպես մի ֆիգուր, որի շուրջ ավելի շատ լեգենդներ կան: Այդ լեգենդը գալիս է 1996թ., ես հիշում եմ` այդ բարդ իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղի մեջ մտցրեց Արմեն Սարգսյանին, որպեսզի երկրում տրամադրություններ փոխի, որովհետեւ այն ժամանակվա ընտրություններից հետո բավականին ծանր մթնոլորտ էր»: Ա. Սարգսյանին բերելով` նրան կտրվեն ոչ միայն ֆորմալ պարտավորություններ, այլեւ նա ստանձնելու է ոչ ֆորմալ պարտավորություններ` կապված արտաքին տնտեսական եւ քաղաքական ոլորտների հետ:
 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Միկելե Նիկոլետին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշումը համընկնում է ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ: «ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին»,- հայտարարել է Նիկոլետին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ժամանակ կառույցի նոր նախագահ է ընտրել Իտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետիին:

 

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
Սյունիքի մարզի փաստաբանները նույնպես միացել են իրենց գործընկերների հայտարարությանը եւ պահանջում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Որպես նախազգուշական քայլ նրանք նույնպես մեկօրյա բողոքի ակցիա կիրականացնեն` այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում` դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Բողոքի ակցիան տեղի կունենա այսօր` 2018 թվականի հունվարի 30-ին:




Լրահոս