«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանի հետ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին:
-ՀՀ պաշտպանության նախարարությանը կարագի փոխարեն մարգարին վաճառելու քրեական գործի շուրջ բարձրացած աղմուկը թերեւս ստիպեց ԱԱԾ-ին այս թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ տալ եւ մանրամասներ ներկայացնել: Այդուհանդերձ, դեռեւս շատ հարցերի պատասխաններ չկան, հայտնի են ոչ բոլոր մեղավորների անունները: Այդ պարագայում հանրությունը որքանո՞վ կարող է վստահ լինել, որ կպատժվեն բոլոր մեղավորներն անխտիր, եւ այս անգամ եւս արդարադատությունն ընտրովի չի իրականացվի:
-Նախ ուզում եմ ընդգծել, որ դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, եւ արդեն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ մարգարին եւ 14.250 կգ սպրեդ տեսակի ապրանքներ, որոնք նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս ամենի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 162 մլն դրամի վնաս, որի հատուցման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՊՆ-ին հանձնված ապրանքատեսակների արտադրությունը եւ մատակարարումները կազմակերպած անձին, մատակարար երկու ընկերությունների տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետներին: Նշված 7 մեղադրյալներից 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ` գրավ, իսկ 4-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Քննչական խումբը նախաքննության ընթացքում փորձել է պարզել եւ վեր հանել այն խնդիրներն ու թերությունները, որոնք առկա են բանակին սննդամթերքի, մասնավորապես կարագի, մատակարարման գործընթացում, ուստի նախաքննության ավարտական փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով մեր կողմից պարզված տվյալները միջնորդության տեսքով ներկայացվելու են ՀՀ ՊՆ` հանցանքի կատարմանը նպաստած այդ հանգամանքները սահմանված ժամկետներում վերացնելու եւ հետագայում բացառելու համար:
-Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործի վերաբերյալ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ սպանության հիմքում իսլամիստական գաղափարախոսությունն է, եւ Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետության» հետեւորդ է: Որքանո՞վ է դա ճիշտ, արդյո՞ք մեր հանրության մեջ այդ գաղափարի կրողներ կան, եւ եթե այո, ազգային անվտանգության մարմիններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում հանրային անվտանգության ապահովման համար:
-Արման Ջանջուղազյանի վերաբերյալ քրեական գործը չուներ նախադեպ, այն մեր կողմից խիստ կարեւորվում էր այնքանով, որ ռուս զինծառայողի սպանությունը իրականացվել էր կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը: Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից: Չնայած այն փաստին, որ նախաքննության ընթացքում Արման Ջանջուղազյանն ամեն կերպ ձգտում էր քողարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կոնկրետ անդամների հետ իր ունեցած կապերը, քննությանը հայտնի չդարձնել նրանց համացանցային տվյալները, ՀՀ ԱԱԾ մասնագետների ջանքերով հաջողվեց հեռացնել Արման Ջանջուղազյանի բջջային հեռախոսի գաղտնաբառը, ինչպես նաեւ շրջանցել բջջային հավելվածի վրա տեղադրված արգելքն ու պարզել մեզ հետաքրքրող բոլոր տվյալները:
Նշված քրեական գործի շրջանակներում մեր կողմից ուսումնասիրվել են Արման Ջանջուղազյանի` հետաքրքրություն ներկայացնող կապերը, համապատասխան քննչական պահանջներ են ուղարկվել ՌԴ, Հունաստան եւ ԱՄՆ:
Արման Ջանջուղազյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար եւ տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ազգային անվտանգության ծառայությունը, բնականաբար, այդ թվում նաեւ քննչական վարչությունը, իր գործառույթների շրջանակներում շարունակելու է հակաահաբեկչական բնույթի հետեւողական աշխատանքներ իրականացնել` դրանք կանխարգելելու եւ բացահայտելու նպատակով: Նշեմ, որ դա ՀՀ ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններից մեկն է, ընդ որում, աշխատանքներն իրականացնելիս ազգային անվտանգության ծառայությունն ակտիվորեն համագործակցում է գործընկեր պետությունների եւ միջազգային կառույցների հետ:
-Կեղծ դեղերի շրջանառության վերաբերյալ բազմաթիվ ահազանգերից ու հայտարարություններից հետո հարցը հայտնվեց նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում: ԱԱԾ-ում անցած տարի կեղծ դեղերի վերաբերյալ քննված գործերով հնարավոր եղե՞լ է արդյոք պարզել` ո՞րն է դրանց աղբյուրը, ո՞ւմ կողմից են դրանք հայտնվել շուկայում, եւ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի հասարակ քաղաքացիների առողջությանը հասցված վնասների համար: Առհասարակ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու ուղղությամբ:
-Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվել է «Պրեստանս» եւ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա» տեսակների դեղերը կեղծելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախ նշեմ, որ շուկայում հայտնված դեղերը եղել են քիչ քանակությամբ եւ համաձայն փորձագետների կողմից տրված եզրակացության` իրենց բաղադրությամբ համապատասխանել են նույնանուն իսկական (օրիգինալ) դեղերի օրինական նմուշների բաղադրությանը, իսկ կեղծ են համարվել, քանի որ փաթեթավորումը, դեղահատերի արտաքին ձեւը, տուփի գունային երանգները, տառերի չափսերը, ներդիր թերթիկները (ինստրուկցիան), ինչպես նաեւ առաջնային եւ երկրորդային փաթեթը տարբերվել են իսկական (օրիգինալ) դեղերից:
Նշված քրեական գործի շրջանակներում մեր կողմից վեր են հանվել դեղերի շրջանառության, վերահսկողության եւ փորձաքննությունների ոլորտներին առնչվող համակարգային ինչպես կազմակերպչական, այնպես էլ իրավական բնույթի մի շարք խնդիրներ եւ թերություններ, ինչը եւս, մեր գնահատմամբ, նպաստել է, որ դեղատները հնարավորություն ունենան անօրինական կարգով նման դեղեր ձեռք բերեն ու փորձեն իրացնել: Բոլոր այդ խնդիրների եւ թերությունների վերաբերյալ մեր կողմից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ, բացի այդ` պահանջվել է վարչաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկել այն դեղատների նկատմամբ, որտեղ առանց պատշաճ փաստաթղթավորման ստացվել են կեղծ դեղերը, եւ փորձ է արվել իրացնել դրանք: Գործի քննության ընթացքում մենք համագործակցել ենք նաեւ վերը նշված դեղերն արտադրող ընկերությունների` ՀՀ-ում օրինական ներկայացուցիչների հետ կեղծ դեղերի որակական հատկանիշները եւ ներմուծման հնարավոր աղբյուրները պարզելու նպատակով: Գործով հաստատված տվյալները վկայում են, որ դեղերը Հայաստան են տեղափոխվել տարբեր աղբյուրների միջոցով, քիչ քանակներով եւ դեղատներին են հանձնվել իրար հետ առնչություն չունեցող անհատների կողմից, իսկ դեղատները տեղեկացված չեն եղել դեղերի հնարավոր կեղծ լինելու մասին, եւ դրանք ձեռք են բերել զուտ լրացուցիչ շահույթ ստանալու ակնկալիքով:
Վստահ եմ, որ ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից մեր միջնորդությունների հիման վրա առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումների արդյունքում զգալիորեն կնվազի դեղատներից կեղծ դեղերի իրացման ռիսկը:
շարունակելի
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏԱՁԳԵԼ Է
Շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատավարությունը: Դեռ նախորդ նիստերին ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները վերջինի ներկայությամբ հրապարակելու մասին: Պաշտպանները ցանկանում էին ցուցմունքների հրապարակումից հետո հարցեր ուղղել տուժողին: Պաշտպանական կողմի այս միջնորդությունը դեռ նախորդ նիստերից էին մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը համարում ոչ հիմնավոր: Երեկ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը պնդել է իր ավելի վաղ ներկայացրած դիրքորոշումը, որ պաշտպանական կողմի հիմնավորումը, թե տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, անհիմն են: Սպանվածի կինն էլ` Փառանձեմ Մեյթիխանյանը, հայտարարել է, որ իրենք նախանձախնդիր են, որ անմեղ տեղը ոչ ոք չդատվի. «Մեր ընտանիքը չար տրամադրվածություն չունի, եթե այս ընթացքում չար դիրքորոշում, վիրավորական արտահայտություններ եղել են, միայն ամբաստանյալների ընտանիքների կողմից են եղել: Մենք չենք ուզում, որ անմեղ տեղը ինչ-որ մեկը դատվի»: Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը:
ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով` շարքային Հ. Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է: