ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը գնումների այդ պլանից տեղեկացավ, որ ԱԺ-ն ընթացիկ տարում չի մնա առանց աղացած սուրճի, շաքարավազի եւ, իհարկե, զուգարանի թղթի: Չնայած… լրագրողների համար նախատեսված սուրճի ապարատը նոր խորհրդարանի ձեւավորումից հետո չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ ծառայությունների համար բավականին ծախսեր ունի փակելու: Օրինակ` գազի համար ԱԺ աշխատակազմը նախատեսել է ծախսել 58 մլն 642 հազար 600 դրամ, էլեկտրաէներգիայի համար` 84 մլն 210 հազար 800 դրամ, խմելու ջրի համար` 12.4 մլն դրամ: Բացի կոմունալ ծախսերից` ԱԺ աշխատակազմը շենքի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար հատկացրել է 840 հազար դրամ: Միայն կապի սերվերների համակարգչային ծրագրային փաթեթների համար պետական միջոցներից նախատեսվում է ծախսել մոտ 8 մլն 550 հազար դրամ, իսկ ինտերնետ ծառայության համար` 4.5 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ԱԺ աշխատակազմը տեղային հեռախոսային ծառայությունների համար ընթացիկ տարում կծախսի 12 մլն դրամ: Ի դեպ, նույնքան նախատեսվում է ծախսել նաեւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար: Հուսանք` 2018 թվականի ընթացքում այս գումարը էլ ավելի չի կլորիկանա, եւ Հերմինե Նաղդալյանի նման մյուս պատգամավորները եւս չեն չարաշահի իրենց տրված «լիմիտը»:
Ըստ գնումների պլանի` ավտոմեքենաների ապահովագրական ծառայությունների համար պետական միջոցներից նախատեսվում է ծախսել 4 մլն 320 հազար դրամ: Իսկ տպագրված այլ գրքերի ծախսը կկազմի 8 մլն 614 հազար դրամ, թերթերինը` 2 մլն 25 հազար դրամ: ԱԺ աշխատակազմը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018 թվականին շնորհավորական բացիկներ եւս կգնի: Դրանց համար նախատեսված է ծախսել 1 մլն դրամ: Իսկ հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների համար կծախսի 5 մլն դրամ: Միայն ներկայացուցչական ծառայությունների համար նոր խորհրդարանի ղեկավարությունը ընթացիկ տարում նախատեսում է ծախսել 222 մլն դրամ:
Իսկ շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների համար ծախսը կկազմի 97 մլն 9 հազար դրամ: Թե ԱԺ աշխատակազմը կոնկրետ ինչն է նախատեսում ընթացիկ տարում նորոգել, պաշտոնական փաստաթղթերում նշված ոչինչ չկա: Սա դեռ ամենը չէ:
Ավտոմեքենաների նորոգման ծառայությունները եւս «թանկ կնստեն», որոնց համար նախատեսվում է ծախսել 20 մլն դրամ: Խորհրդարանի գնումները, բնականաբար, առանց բենզինի չեն լինի: Այսպես` ԱԺ աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել 25 հազար լիտր սուպեր տեսակի բենզին, ընդհանուր կծախսի 11 մլն 750 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը խորհրդարանը նախատեսում է գնել 470 դրամով: Կգնվի նաեւ ռեգուլյար տեսակի 200 հազար լիտր բենզին` մեկ լիտրը 390 դրամով. ընդհանուր կծախսվի 78 մլն դրամ: Բացի այս` մոտ 29 մլն 770 հազար դրամ նախատեսվում է ծախսել ավտոպահեստամասերի վրա:
Խորհրդարանի ընթացիկ տարվա ծախսերի մեջ են մտնում նաեւ պատի ժամացույցները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է գնել 10 հատ ժամացույց, որոնց միավորի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Ըստ գնումների պլանի` ժամացույցների համար ընդհանուր կծախսվի 120 հազար դրամ:
Էլ ինչ գնումներ առանց սուրճի, շաքարավազի… էլեկտրական սրճեփի, որոնց համար նախատեսվում է ծախսել ընդհանուր 50 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ աշխատակազմը մտադիր է գնել 20 հատ 2500 դրամանոց էլեկտրական սրճեփ: Էլեկտրական սրճեփը կա, մնում են շաքարավազն ու սուրճը. գնումների պլանում նշված է, որ ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել 200 կգ շաքարավազ` մեկ կիլոգրամը 400 դրամով` ծախսելով 80 հազար դրամ: Իսկ ահա 100 կգ աղացած սուրճի համար կծախսվի 400 հազար դրամ, քանի որ սուրճի մեկ կիլոգրամը 4000 դրամ է: ԱԺ աշխատակազմը մտադիր է ընթացիկ տարում գնել նաեւ 20 հատ բաժակ, որոնց համար նախատեսվում է պետական միջոցներից ծախսել 160 հազար դրամ: Այսինքն` մեկ բաժակի արժեքը կազմում է 8000 դրամ: Թե այս թանկարժեք բաժակով ով եւ ինչ է խմելու, ժամանակը ցույց կտա: Բաժակը մատուցելու համար ԱԺ աշխատակազմը գնել է 10 հատ 3000 դրամանոց սկուտեղ` ծախսելով 30 հազար դրամ: Ի դեպ, ԱԺ աշխատակազմը թեյի սիրահարներին առանց թեյի պատրաստման էլեկտրական սարքի չի թողնելու: Նախատեսվում է գնել 25 հատ, որի յուրաքանչյուրը արժի 11 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 287 հազար 500 դրամ:
Սուրճից, թեյից անցում կատարենք զուգարանի թղթի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել զուգարանի` «ռուլոնով» 1440 հատ թուղթ, որի համար ծախսվելու է 1 մլն 152 հազար դրամ: Այսինքն` զուգարանի մեկ հատ թուղթը արժի 800 դրամ: Բացի այս` գնվել է նաեւ 200 դրամանոց զուգարանի 1000 հատ թուղթ, որի ընդհանուր ծախսը, ըստ գնումների պլանի, կկազմի 200 հազար դրամ: Արդեն հասկանալի է, որ ԱԺ միայն վերնախավի ներկայացուցիչները կարող են օգտվել 800 դրամանոց զուգարանի թղթից, իսկ մյուսների համար 200 դրամանոցն է:
Նշենք, որ գնումների պլանում տեղ են գտել նաեւ ջրի ծորակները, փականները: Բայց ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել երկու տեսակի` էժան եւ թանկ: Օրինակ` 20 հատ ջրի ծորակը նախատեսվում է գնել 5000, իսկ մեկը` 200 հազար դրամով: Թե այս թանկարժեք ջրի ծորակն ու փականը ում համար են նախատեսված, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չէ, բնականաբար, ոչ շարքային պատգամավորի կամ աշխատողի համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
8-10 ԱՍՏԻՃԱՆՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` Ղազախստանի տարածքից արկտիկական օդի ներհոսք ունեինք, ինչի հետեւանքով օդի ջերմաստիճանը սկսել է նվազել: «Այս գիշեր ունեցել ենք -4-ից -5 աստիճան, որը, բնականաբար, դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում ամենացածր ջեմրաստիճանն էր: Բայց անգամ այդ նվազման արդյունքում դեռ ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 4-6 աստիճանով: Այսինքն` այդ -4 -5 ջերմաստիճանն այս սեզոնի համար համարվում է բարձր ջերմաստիճան»: Ըստ նրա` վաղվանից սկսած Սիբիրից եկող ցուրտ օդային հոսանքները կփոխարինվեն հարավ-արեւմուտքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքներով, եւ այսօրվանից սկսած մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ հատվածներում ջեմաստիճանը կբարձրանա 14-15 աստիճանով: Փետրվարի 3-ին Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կլինի մինչեւ 17 աստիճան տաքություն, Տավուշում` մինչեւ 15, Արարատյան դաշտում` մինչեւ 11 աստիճան տաքություն:
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՑԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Երեկ «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորել են հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին: Նրա հարազատները, ընկերները, գործընկերներն ու հասարակական գործիչները Հացպանյանին վերջին հրաժեշտն են տվել: Նշենք, որ Սարգիս Հացպանյանը մահացել էր հունվարի 20-ին, Ֆրանսիայում, որտեղ բուժվում էր: Նրա մահից հետո հարազատները Հացպանյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու թույլտվության համար դիմել էին ՀՀ պաշտպանության նախարարություն: Հիմնավորումները ներկայացնելուց հետո ՊՆ-ն նրան «Եռաբլուրում» հուղարկավորելու համաձայնություն էր տվել:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը ծնվել էր 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում: 1980-ական թթ. Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետեւանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի: 1990 թվականից բնակվում էր Հայաստանում:
ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքով` այս տարի իրականացվելու է գիտության ոլորտի օպտիմալացման եւ կառուցվածքային փոփոխությունների ծրագրի մշակում: «Ժամանակն է, որ բազմաթիվ ինստիտուտներ, որոնք շատ հաճախ թեմատիկայով կրկնվում են, միավորվեն: Օպտիմալացումն ամենեւին չի նշանակում, որ ակտիվ աշխատող գիտնականներից հրաժարվելու ենք, իհարկե, ոչ: Նրանք մեր գիտության մեջ մնալու են, պարզապես կառուցվածքային վերաբաշխում կլինի: Վարչական հաստիքների կրճատման հաշվին կլինեն ազատված միջոցներ, որոնք կարելի է վերաբաշխել եւ աշխատավարձերը որոշ չափով բարձրացնել»,- ասել է Ս. Հարությունյանը: Ըստ նրա` վարչական աշխատողների թվաքանակը ընդհանուր կառուցվածքում շատ փոքր թիվ է կազմում: Օպտիմալացման առաջին փուլում ենթադրվում է, որ տեղի կունենա վարչական աշխատողների մոտ 10 տոկոսի չափով կրճատում. «Ներկայում վարչական աշխատողների զգալի մասը նաեւ գիտությամբ է զբաղվում, հետեւաբար, նրանք կարող են իրենց դրսեւորել` գիտական որեւէ ծրագրում ներգրավելով»: Վարչական աշխատողների համար կսահմանվի տարիքային սահմանափակում, կկարողանան աշխատել մինչեւ 70 տարեկանները: Նշված տարիքից բարձր աշխատողները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական հարցերով կամ լինել խորհրդատուներ:
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞
Երեկ` ԱԺ-ում «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ԱԺ փոխխոսնակ, օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանը նշել է. «Այս օրինագծի շնորհիվ կկարողանան պետական աջակցություն ստանալ Հայաստանի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»: Նրա խոսքով` օրինագիծը հիմնականում ուղղված է պետության պարենային անվտանգության մակարդակի, գյուղատնտեսական արտադրանքի եւ հումքի մշակման ոլորտում պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը, հողատարածքների, ջրային, աշխատանքային, գիտատեխնիական, էներգետիկ եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը, գյուղատնտեսական հատվածի կառուցվածքի բարելավմանը, գյուղատնտեսական հումքի եւ սննդամթերքի բաժնի մեծացմանը, որոնք ավելացված բարձր արժեք են ապահովում ագրարային համակարգի կայուն եւ հավասարակշռված զարգացմանը, բնական պաշարների պահպանմանը եւ հավասարակշռված օգտագործմանը: