ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում։ Ս. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում։ Նա զրուցել է կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ է իրենից ենթադրում հաշմանդամի վերականգնումը: Ի՞նչ է այն ներառում:

Սիրարփի Հայրապետյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ է` ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը:
Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը եւ նյութական անկախությունը: (Հիմք` ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է: Այն հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե ԱՁ-ն նույն հասցեում միաժամանակ իրականացնում է տեխնիկական սպասարկում (արտոնագրային վճարող հարկվող) եւ ավտոպահեստամասերի վաճառք (շրջանառության հարկով հարկվող), ապա նա կարո՞ղ է 1 ՀԴՄ օգտագործել, թե յուրաքանչյուրի համար պետք են առանձին ՀԴՄ-ներ:

Հմայակ Գեւորգյան (41 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Ընդ որում, միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքը չի տարածվում ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների, օտարերկրյա բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:




Լրահոս