Լուծելով Հս. Կորեայի իրավիճակային հարցը` ԱՄՆ-ն կարող է բախվել այլեւս չզսպվող Չինաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս հարաբերական անդորր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեմ Ընի հեռակա պատերազմում: Սակայն մասնագետները հակված են կարծելու, որ առաջիկայում հյուսիսկորեական ճգնաժամը կրկին կակտիվանա: Միաժամանակ շարունակում է քննարկվել հարցը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե դիվանագիտական ճանապարհով խնդիրը չհանգուցալուծվի։ Ռազմական գործողությունները չափազանց վտանգավոր են առաջին հայացքից, սակայն ակնհայտորեն դուրս չեն դրված Թրամփի օրակարգից:

Ներկայումս համաշխարհային անվտանգությանը սպառնացող հյուսիսկորեական վտանգը չեզոքացնելու երեք տարբերակ գոյություն ունի: Առաջինը նույն տեմպով ու ոգով շարունակելն է` խնդրի սառեցման միջոցով: Այս տարբերակը կարճաժամկետ առումով ընդունելի է, հատկապես, որ Հս. Կորեան իր վերջին փորձարկումներով արդեն իսկ ցույց տվեց, որ ռազմական վտանգի պայմաններում կարող է հակահարձակման անցնել` հեռահար հրթիռները հասցնելով ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի դաշնակիցների սահմաններին: Սառեցման քաղաքականությունը հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ Իրանի վրա` նկատի ունենալով այն հանգամանքը, որը Հս. Կորեայի հանդեպ ցուցաբերված անտարբերությունը հանգեցրել է այս վիճակին, ինչի սխալը Իրանի պարագայում չպետք է կրկնել: Այս դեպքում Իրանը ինքնաբերաբար կհայտնվի արեւմտյան ուժային կենտրոնների թիրախում դրանից բխող ծանրագույն հետեւանքներով: Ամերիկյան պահպանողականները վաղուց են աչքադրել Իրանին, եւ միայն Օբամայի հմուտ քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը դարձավ առաջնային թիրախ` մոռացության մատնելով Իրանին: Սակայն այժմ, երբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ուղղորդում է պահպանողականների գաղափարական թեւը, Իրանի հարցը կրկին սկսում է սրվել:

Հս. Կորեայի հանդեպ քաղաքականության երկրորդ տարբերակը մի նոր մարտավարություն ընտրելն է: Եթե Քլինթոնի ժամանակ կիրառվում էր Հս. Կորեային օգնելու ու այդ ճանապարհով կախվածության մեջ գցելու քաղաքականությունը, Բուշ Կրտսերի շրջանում տիրակայող դարձան պատժամիջոցները: Եթե Օբաման նախընտրեց, այսպես կոչված, «ռազմավարական համբերատարությունը», ապա Թրամփի օրոք նույնը շարունակել հնարավոր չէ: Նախ, Հս. Կորեան արդեն իսկ կոփվել է նախորդ 30 տարիների փորձով, ապա եւ 3 նախագահների քաղաքականությունն ապացուցել է իր սնանկությունն ու անօգտակարությունը: Ի վերջո, ո՛չ օգնությունը, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ էլ հարցը արհամարհելը օգտակար չեն եղել: Գիտացելով նախորդ փորձերի անարդյունավետությունը` Թրամփը անցավ անհավասարակշիռ վարքագծի: Նա փորձեց համացանցի միջոցով լուտանքներ տեղալով ափերից հանել Հս. Կորեայի առաջնորդին: Այդպես ԱՄՆ նախագահն առաջին հերթին Չինաստանին մատուցեց, թե ռազմական գործողությունները լիովին հնարավոր են` փորձելով զիջումներ կորզել կորեական հարցում: Սակայն չինական ղեկավարությունը որսաց Թրամփի բլեֆը` էական տեղաշարժեր չկատարելով: Արդյունքում` ԱՄՆ գործող նախագահը ստիպված եղավ բավարարվել Կիմ Չեն Ընի հետզվարճալի լեզվակռվով առանց հետագա քայլերի շուրջ լուրջ պատկերացումների: Բայց եւ այնպես, այժմ ամերիկյան վերլուծական ու ռազմա-քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են Հս. Կորեայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը` այն համարելով միակ արդյունավետ տարբերակը սպառնալիքի չեզոքացման համար:

Հս. Կորեայի դեմ ռազմական գործողությունները կարող են ունենալ աղետալի հետեւանքներ: Եթե անգամ կորեական հրթիռներն այդքան անորակ են, ինչպես պնդում են ամերիկյան վերլուծաբանները, եւ չեն հասնի ԱՄՆ-ի ափերին, ապա դրանք նվազագույնը կընկնեն Հվ. Կորեայի վրա` մայրաքաղաք Սեուլը վերածելով մոխրակույտի: Այս դեպքում արդեն կարեւորվում է ամերիկյան օդային պաշտպանության ու օդային (հակա)հարձակման պոտենցիալը: Արդյո՞ք ամերիկյան ուժերը կկարողանան օդային հստակ հարվածներով տեղում վերացնել կորեական հրթիռները կամ էլ օդում վերցնել դրանք` կանխելով կործանարար հետեւանքները: Այն փաստը, որ վերջին 10-15 տարիների ընթացքում տեխնոլոգիական աննախընթաց զարգացում է տեղի ունեցել, անշուշտ, զանց առնելի չէ: Ավելին` այդ զարգացումն իր արտահայտությունն է գտել առաջին հերթին ամերիկյան ռազմական արտադրության մեջ:

Դրա հետ մեկտեղ նկատի է առնվում հյուսիսկորեական զինատեսակների հնությունը, որոնք շարժունակ չեն, եւ դժվար կլինի դրանք թաքցնելն ու գաղտագողի կիրառելը: Ամերիկացիները, թվում է, մանրամասնորեն գիտեն, թե կոնկրետ որտեղ է տեղակայված կորեացիների ռազմական տեխնիկան: Ըստ պաշտոնաթող գեներալ Մերիլ ՄըքՓիքի` կորդինատները կարող են տալ ընդամենը 10 մետրի շեղում, սակայն 2 հազար ֆունտ տարողությամբ ռումբի հարվածի պարագայում այդ շեղումը որեւէ դեր չի խաղում: Նա թեպետ կարծում է, որ Սեուլը որոշակի հարվածների կարող է ենթարկվել, սակայն դրանք ճակատագրական չեն լինի: Ըստ գեներալի` ամերիկացիները իրենց ներկայիս տեխնոլոգիաներով կարող են օդային հարվածներով շարքից հանել կորեական հեռահար զինտեխնիկան` առանց զորքեր մտցնելու դրանց վնասազերծման համար:

Սակայն ի տարբերություն դրանց` միջուկային մարտագլխիկները ավելի ճկուն են, շարժունակ ու անհամեմատ վտանգավոր: Այսժամ օդային դիտողականությունը բավարար լինել չի կարող, եւ ամերիկյան հետախուզությունը պետք է վայրկենական տեղեկատվությամբ ապահովի թիկունքը` թիրախները ճիշտ գնահատելու ու վերացնելու համար: Ահա այստեղ է, որ ամերիկյան զինված ուժերը լրջագույն խնդրի են բախվելու ու, կարելի է ասել, գործելու են մութ անտառում: Այստեղ ամերիկացիներին կարող են օգնության հասնել բացառապես չինացիները, որոնք հաստատապես տիրապետում են հյուսիսկորեական զինտեխնիկայի տեղաբաշխվածության ամբողջական քարտեզին: Սակայն քանի դեռ Թրամփը հապաղում է ֆինանսական հարցերում զիջումների գնալու հարցում, չինացիներից օգնություն չպետք է սպասի: Բայց եւ Թրամփին կարելի է հասկանալ` լուծելով Հս. Կորեայի իրավիճակային հարցը, ԱՄՆ-ն կարող է բախվել այլեւս չզսպվող Չինաստանին:

Ն. Հովսեփյան




Լրահոս