Հաշվեհարդա՞ր թե՞… Յուվեցի Կարոյի փեսան հյուրանոցի VIP հաճախորդն է եղել. մանրամասներ պատգամավորի փեսայի առեղծվածային մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների այն շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում:

Հիշեցնենք, որ դեպքից հետո քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց. դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել: Ու հիմա կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում` պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը: Ասել է, թե դատաբժշկի գնահատականը, որ Գոռ Առաքելյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, ցույց է տալիս մեկ բան, որ Գոռ Առաքելյանին չէին կարող սպանած լինել՝ բռնություն գործադրելով: Այդ վարկածը հերքված է:

Թմրանյո՞ւթ, թե՞ ինսուլտ

Ու մինչ քննությունը գնում էր, իրավապահ խողովակներից մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է դարձել թմրանյութի մեծ չափաբաժնի ընդունումը:
Սակայն դեպքից 4 օր անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ դիահերձման արդյունքների համաձայն` Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը: Ուստի հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունը եւ իրապավահ խողովակներից մամուլում հայտնված տեղեկությունը, հարց է առաջանում` ո՞ւմ էր ձեռնտու Գոռ Առաքելյանի հարազատներին վատություն անել եւ վարկաբեկել երիտասարդ տղային:

Ինչեւէ, ինչպես հայտնել էր քննչական կոմիտեն` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ու մինչ փորձաքննությունը կտա վերջնական գնահատականը, կատարվածի մասով տարբեր վարկածներ են առաջ քաշվում:

Մահվան վարկածները

Բանն այն է, որ Գոռ Առաքելյանին ճանաչող անձինք այնքան էլ չեն հավատում այն տեղեկություններին, որ Գոռը կարող էր այն աստիճան կորցնել իրեն, որ թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործեր եւ նման ճակատագրի արժանանար:

Վարկածներից մեկն էլ այն է, որ Առաքելյանի հետ կատարվածը միգուցե քրեակատարողական հիմնարկում անցկացրած տարիների հետեւանք լինի: Բանն այն է, որ Առաքելյանը դեռեւս 2014 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում` Վերնիսաժում կրակոցներ արձակելու համար: Այդ արարքի համար ազատազրկման դատապարտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով, բայց 2017թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ ազատ արձակվեց: Միգուցե նա քրեակատարողական հիմնարկում էր խնդիրներ ունեցել եւ ընդամնեը 7 ամիս ազատության մեջ մնալով` կարողացան նրանից հաշվեհարդար տեսնել: Հուսանք` այս եւ այլ հարցերի պատասախանը կտա տարվող քննությունը:

Ի՞նչ վիճակում հայտնաբերեցին

«Ժողովուրդ» օրաթերթին Գոռ Առաքելյանի մահվան դեպքով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես իրավապահները պարզել են, որ վերոնշյալ օրը Գոռ Առաքելյանը մենակ չի եղել, նրա հետ ընկեր-ընկերուհիներ են եղել հյուրանոցային համալիրում: Ըստ էության իրավապահներն այժմ հարցաքննում են նրա ընկերներին եւ ընկերուհիներին, որպեսզի հասկանան դեպքի բոլոր հանգամանքները: Մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Առաքելյանին առաջինը իր ընկերներն են ճանաչել եւ իրավապահներին հայտնել նրա ով լինելը, որից հետո դեպքի վայր են ժամանել հարազատները:
Ավելին` նշենք, որ իրավապահներին կատարվածի մասին առաջինը հայտնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան: Ըստ ամենայնի, Գոռ Առաքելյանի հետ հյուրանոցում գտնվող անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ նրա ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել, որից հետո հյունարոց ժամանած բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել, բերանն է ծռված եղել, աչքերը՝ ուռած:

Կատարվածի մասին իրավապահներին ցուցմունքներ են տվել նաեւ հյուրանոցային համալիրի աշխատակիցները: Վերջիններս նշել են, որ Գոռ Առաքելյանը առաջին անգամ չէ, որ օգտվում է իրենց հյուրանոցային համալիրից, եղել է «vip» հաճախորդ, եւ երբեւէ նրա հետ կապված խնդիրներ չեն եղել:

Քնար Մանուկյան




Լրահոս