Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:
Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար: