Անոմալ եղանակը` կաթի դեֆիցիտի պատճառ. պանիրը «ոսկի» կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից: Պատճառը բնակլիմայական պայմաններն են. անցած տարին չորային է եղել, ինչի արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հատկապես բարձրացել են պանրի գները՝ մոտ 20 տոկոսով:

Մասնագետների պնդմամբ` նախորդ տարիների համեմատ 2017թ. կաթի աճը մեկ ամիս ուշ է սկսել: Դրան գումարած` բավական չորային է եղել տարին, չի բավարարել անասնակերը, եւ դա ազդել է կաթի արդյունավետության, քանակի վրա: Կաթի արտադրության ծավալները նվազել են: Ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել կաթնամթերքի գնագոյացման վրա: Թանկացել են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, պանիրը: Իսկ կարագի գնի շեշտակի բարձրացման մասին բարձրաձայնվում է արդեն տեւական ժամանակ:

Միաժամանակ նկատենք, որ կաթի արտադրության ոլորտին այս վտանգները սպառնում են նաեւ այսօր: Այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ու հիմա խնդրով մտահոգված են ոչ միայն պանրագործները, այլեւ հասարակ գյուղացիները: Ստեղծված իրավիճակի հետեւանքով անցած տարի բազմաթիվ գյուղացիներ, որոնք չկարողացան իրենց անասուններին անհրաժեշտ քանակությամբ անասնակերով ապահովել, ստիպված մորթեցին. անասնակերը թանկ էր, եւ ձեռնտու չէր այդ գնով այն ձեռք բերել: Ու հիմա դա իր հետեւանքներն է ունենալու կաթնամթերքի ծավալների շարունակական նվազման առումով:

Այն, որ այսօրվա անոմալ եղանակը բարենպաստ չէ գյուղատնտեսության ոլորտի համար, համոզված է նաեւ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Իսրայելը կիսատափաստանային երկիր է, բայց այնպես է ձեւավորված ֆերմերային ինստիտուտը, որ անասնապահության ոլորտում եղանակից կախվածությունը խիստ նվազեցված է, բերված է մինիմալի: Կապ չունի, թե եղանակը ինչպիսին կարող է լինել, միեւնույն է` իրենք կաթի ապահով քանակը ստանում են: Այլընտրանք չկա: Մեր հանրապետությունում այլընտրանքային տարբերակը միայն այն էր, որ ժամանակին մենք բոլորս պետք է զբաղվեինք կաթի արտադրության կազմակերպմամբ, ձեւավորմամբ: Հույս ունեմ, որ այս տարի այդ ոլորտին մեծ ուշադրություն կդարձվի» Գիգոյանի խոսքերով` Հայաստանում ֆերմերային ինստիտուտը ձեւավորված չէ, իսկ դրան պետք է ուշադրություն դարձնել: Հակառակ դեպքում ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Բարդ բան չկա, բայց իրավիճակը շատ տխուր է»,- ասաց նա:

«Կաթի դեֆիցիտի առաջանալը միշտ էլ կանխատեսելի է: Միայն հիմա անոմալ կլիմայի տատանումների արդյունքում վառ ընդգծվեց: Հնարավոր է նաեւ անասնակեր ներկրել: Ամեն ինչ հնարավոր է: Միայն պետք է հասկանանք, թե ինչպես է այն ազդելու արժեքի բաղադրիչի վրա»,- հայտարարեց պանրագործը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում էր ունեցել պանրագործների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա պանրագործների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ նախատեսվում է կաթի մթերման գործընթացի կանոնակարգման նպատակով ծրագիր իրականացնել: Ըստ որի` նախատեսվում է աջակցել վերամշակողներին մթերման կետերի կառուցման գործում, իսկ նրանք իրենց հերթին պետք է օգնեն գյուղացիներին. կերով ապահովեն, խորհրդատվություն տրամադրեն եւ երաշխավորված կերպով մթերեն անհրաժեշտ որակով եւ քանակի արտադրանք: Թե Հայաստանում որքանո՞վ արդյունավետ կգործի այս ծրագիրը, ցույց կտա ժամանակը: Չնայած հույսերն այնքան էլ մեծ չեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս