Խաղողագործության ոլորտում լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016–ի 7 մլն–ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%–ով: Վիճակագրական տվյալներն են փաստում:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն դեր ունի:

«Գինու շուկա մտան անծանոթ, բայց հարուստ խաղացողներ՝ ստեղծելով նոր, բարձր որակի գինիներ: Դրանք են՝ «Կարաս», «Կուր», «Ձորափ», «Արմենիա» և այլն: Սա ստիպեց, որ կոնյակ և ավանդական գինի արտադրողները ներդրումներ անեն: 6–7 ընկերություններ վերազինվեցին: Ավանդական, էժան գինի արտադրողները թեքվեցին դեպի ավելի լուրջ արտադրանքների»,– ներկայացրեց միության նախագահը:

Փոքր արտադրողները, տեսնելով, որ շուկայում լուրջ մրցակցություն է, իրենք ևս սկսեցին ապրանքի որակին ուշադրություն դարձնել:

«Արտադրանքի քանակը չէին կարող փոխել, աշխատեցին որակի վրա: 15–16 ընկերություններ լուրջ քայլերով առաջ են գնում»,– մատնանշեց Ավագ Հարությունյանը:

Ձեռքբերումների կողքին գինեգործը շտապում է նաև անհանգստությունը հայտնել՝ հանրապետությունում խաղողի արտադրության ծավալներն են քիչ: Այս տարի խաղողը քիչ կլինի: Հարությունյանը նկատեց, որ խաղողի ծավալներից ելնելով՝ հավելագրումներ այլևս չեն լինի:

«Կիլոգրամներ չեն ավելացնի՝ պլան կատարելու, «աչոկներ» հավաքելու կամ ստվերի համար: Կլինի ռեալ շուկա: Երկար տարիներ գոյություն ուներ պլանային թվեր, դրա համար գրվում էր խաղողի մեծ քանակություն: Իրականում այդքան ծավալ չէր արտադրվում: Ավել գրված խաղողը գնում էր ստվեր: Անցյալ տարվա ընթացքում ստվերը քչացել է: Այս տարի ավելի կպակասի, քանի որ խաղող քիչ կլինի»,– նշեց նա:

Խաղողագործությունը փրկելու համար, ըստ Հարությունյանի, պետք է աստիճանաբար կոնյակի պատրաստման համար նախատեսված սորտերից անցում կատարել գինու տեսակներին:

«Մենք 5 տարի հետո շատ լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու: Դրանից հետո խոսել գինեգործության մասին շատ անլուրջ կլինի: 5 տարի դեռ ներքին ռեսուրսների հաշվին կարող ենք գոյատևել: Մոտ 10 տարի հետո խաղող չենք ունենա»,– ասաց նա:

Ոլորտը զարգացնելու համար պետությունը պետք է բոլոր ռեսուրսներն ուղղի և աջակցի գյուղացուն՝ նոր այգիներ տնկելու հարցում:

«Ոչ պիտանի սորտերը պետք է դարձնել պիտանի: Պետք է խաղողագործության մեջ շատ լուրջ ներդրումներ կատարել, որովհետև 10 տարի հետո մեր դեմ պատ է լինելու»,– մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը:

Մեկ շնչի հաշվով Հայաստանում խմում են 1,5–2 լիտր գինի, Եվրոպայում՝ 40–50 լիտր: Մեր երկիրը որդեգրել է Եվրոպական արժեքներ: Այս եզրահանգմանն է եղել Հարությունյանը՝ հաշվի առնելով այն, որ օղին հայերի խմիչքացանկից աստիճանաբար դուրս է գալիս:

«Եթե մենք հանկարծ փորձենք շնչի հաշվով 10 լիտր գինի խմել ինչպես Ռուսաստանում, Չեխիայում և Լեհաստանում, ապա մեր արտադրած խաղողը անգամ ներքին շուկայի սպառման համար բավարար չի լինի»,– նկատեց նա:

Արտահանման դեպքում էլ կարող ենք մեծ հաջողությունների հասնել, եթե արտադրանքը շատ լինի: Բայց Ավագ Հարությունյանն ասում է՝ «Բոլորը մեծ պատվերներ ունեն, սակայն, խաղող չկա»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս