2001-2002 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Դրա շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն ընթացքը եղել է ճանապարհաշինական կանոնների բազմաթիվ խախտումներով, ասֆալտի ծածկի հողե հենքը լավ չի ամրացվել:
Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից մինչ այժմ վերանորոգման նպատակով փակ է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Գերբեռնված ֆուռերը երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 16-17 տարի առաջ կառուցված ճանապարհի ասֆալտի ծածկը շատ տեղերում քանդվել, ձեւախեղման է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից` հայտնվում են հանդիպակաց գոտում, վթարային իրավիճակ է ստեղծվում: Շրջանցիկ այդ ճանապարհը պետք է լուծեր սահմանագոտին շրջանցող ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների անվտանգության խնդիրը, սակայն չի լուծում: Ճանապարհի ոլորանները լավ տեսանելի են Ադրբեջանի Ղազախի շրջանում, Օնդաղ սարի լանջերին եւ գագաթին տեղակայված ադրբեջանական հենակետերից:
2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը հրետակոծեց Տավուշի մարզի Բերդավան, Սեւքար գյուղերը, Բերդավան գյուղում զոհվեց 2 կին, 2 այլ բնակիչ վիրավորվեց: Այդ ժամանակ գիշերը Օդնդաղից ադրբեջանական զինուժը հզոր լուսարձակներով լուսավորեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը եւ գնդակոծեց այդ ճանապարհով երթեւեկող մեքենաներին: Բարեբախտաբար, տուժածներ չեղան: Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը, որ նախատեսված էր 10 տարի շահագործման համար, վաղուց կիսաքանդ վիճակում է: Տավուշի մարզի բնակիչները, «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ շրջանցիկ, 11 կմ երկարությամբ լեռնային ավտոճանապարհը հիմնանորոգելու փոխարեն հարկ է կառուցապատել հարթ տեղանքում ձգվող, Ոսկեպար-Կիրանց 4 կմ երկարությամբ հիմնական ավտոճանապարհը:
Այդ ճանապարհը գործել է խորհրդային տարիներին, այժմ էլ որպես ռազմական ճանապարհ է ծառայում: Հարկ է այդ ավտոճանապարհը կառուցապատել: Այն, ի տարբերություն Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհի, ադրբեջանական գնդակոծություններից հողապատնեշով լիովին պաշտպանված է. անվտանգ է: Ձմռանը խոշոր բեռնատարները Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհի սառած ոլորանները չեն կարողանում հաղթահարել, մեծ խցանումներ են առաջանում: Տավուշի մարզի վարորդներն ասում են, որ եթե Ոսկեպար-Կիրանց կառուցապատվելիք, հիմնական ճանապարհը վճարովի լինի, մի քանի տարում կփոխհատուցվեն դրա կառուցման համար արված ծախսերը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ