Ինչպես հայտնի է` հունվարի 25-ից դատավորները, բացելով դատարանի դռները, միանգամայն այլ դատարան են մուտք գործել: Բանն այն է, որ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` Երեւան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1 դատարան, իսկ դատարանների նախագահները եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում եւ շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:
Ավելին` հունվարի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին նշանակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն այս փոփոխություններով ամեն ինչ չի ավարտվում:
Բարձրագույն դատական խորհրդի կազմը
Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին:
Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ավելի ընդլայնված կլինեն: Այն գործնականում լինելու է դատական համակարգի կառավարման բարձրագույն օղակը, որի վրա դատական համակարգի ղեկավար կազմը, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, որեւէ ազդեցություն չեն ունենալու եւ այդ կառույցի անդամ լինելու իրավունք էլ չունեն: Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու 10 անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը, ըստ Սահմանադրության 214-րդ հոդվածի, պետք է ընտրվի ոչ ուշ, քան հանրապետության նոր նախագահի լիազորությունները ստանձնելուց մեկ ամիս առաջ, ասել է, թե մարտի 9-ին:
Կրքերը թեժանում են
Չնայած Սահմանադրությունը ընդունվել է, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, դատական օրենսգրքի որոշ հարցեր ՀՀ նախագահի նստավայրում քննարկումների տեղիք է տվել: Քանի որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: Ահա այս հարցն էլ դարձել է ՀՀ նախագահականում քննարկման թեմա: ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը եւ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը մասնագիտական տարբեր կարծիքներ են ունեցել: Կողմերից մեկը կարծիք է հայտնել, թե բարձրագույն դատական խորհրդի կազմում դատավորների թիվը պետք է մեկով կամ երկուսով ավել լինի: Օրինակ՝ 6 դատավոր, իսկ մնացած 4-ին նոր խորհրդարանը առաջարկի: Սակայն քննարկմանը ներկաներից շատերը չեն կիսել տեսակետը՝ հղում անելով արդեն իսկ ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրությանը, որի կոնկրետ դրույթը փոխելու մեխանիզմներ կիրառելը, մեղմ ասած, ճիշտ չի լինի:
Դատավորները խառնվել են իրար
Իսկ ովքեր կլինեն բարձրագույն դատական խորհրդի անդամները: Մամուլը արդեն տեւական ժամանակ է, ինչ գրում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար նաեւ պաշտոնավարման ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` դատական համակարգում դեռեւս սպասողական վիճակ է: Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` կան դատավորներ, որոնք մի դատարանից մեկ այլ դատարան տեղափոխվելով` հող են նախապատրաստում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար: ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներ Կարեն Ավետիսյանը եւ Կարինե Բաղդասարյանն արդեն տեղափոխվել են:
Ինչպես պարզեցինք` Կարինե Բաղդասարյանը 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, սակայն ավելի ուշ հրաժարվել է վերոնշյալ դատարանի դատավորի պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Իսկ ահա Կարեն Ավետիսյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ ահա ավելի ուշ հրաժարվել է այդ պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Դատավորը հրաժարականի քայլերի մասին
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի հետ:
-Տիկի՛ն Բաղդասարյան, մեզ հասած տեղեկություններով` Դուք հրաժարվել եք ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից եւ նշանակվել վերաքննիչ վարչականի դատավոր, որ հետագայում ընդգրկվեք բարձրագույն դատական խորհրդի կազմում:
-Բացարձակապես խնդիր չկա: Ես չեմ հրաժարվել, դա առաջխաղացում է: Ես ավելի քան 6-7 տարի վարչական վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում ընդգրկված էի, եւ հասնում է մի պահ, որ, ինչ խոսք, առաջխաղացումը անհրաժեշտ է: Սիրելի՛ս, դա հրաժարական չէ, այլ ընդամենը դիմել եմ, որ իմ թեկնածությունը, որ արդեն իսկ կար առաջխաղացման ցուցակում, հաստատվի:
-Այսինքն` Ձեր անունը տարիներ շարունակ կար, եւ հիմա որոշեցիք դիմե՞լ:
-Այո՛, այո՛:
-Իսկ ինչո՞ւ հիմա որոշեցիք:
-Ես միշտ կարծել եմ, որ իսկական դատավորը առաջին ատյանի դատարանի դատավորն է, բայց հասնում է մի ժամանակ, որ վերանայելու աչքերով էլ ես ուզում նայել այն դատական ակտերին, որոնք առաջին ատյանի դատարանի դատավորները իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում կայացնում են դատական ակտեր: Ուղղակի հասավ մի պահ, որ մի 5 տարի հետո թոշակի պետք է գնամ, վերաքննիչ վարչական դատարանի դատավոր ես աշխատեմ, ինչու ոչ:
-Արդյո՞ք բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար չեք գնացել այդ դատարան:
-Բացարձակ նման ցանկություն չունեմ, ոչ էլ պատրաստվում եմ թեկնածություն առաջադրել կամ ինքնառաջադրվել, տեղեկությունները ստահոդ են:
-Այսինքն` եթե Ձեզ առաջարկեն, կհրաժարվե՞ք:
– Այո՛:
-Ինչո՞ւ:
-Ի սեր Աստծո, ես սիրում եմ դատավորի կենդանի աշխատանքը, ես այդ ցանկությունը չունեմ: Չգիտեմ` ինչու, բայց համոզված եմ, որ նման ցանկություն չունի նաեւ Կարեն Ավետիսյանը:
Նախկին դատավորի ցանկությունը
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը եւս կընդգրկվի բարձրագույն դատական խորհրդի կազմում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել:
Մեր այն հարցին` եթե առաջարկեն, ապա կցանկանա՞ք ընդգրկվել, նախկին դատավորը պատասխանեց. «Եթե առաջարկություն լինի, մտածելու բան է, պետք է մտածեմ: Խնդիր կա թոշակառուի հետ կապված, ես թոշակառու եմ, եւ եթե այնտեղ գիտնականներինը վճարովի լինի, այդ դեպքում ինձ համար խնդիր կառաջանա: Եթե այս խնդիրը չլիներ, հնարավոր էր ընդգրկվեի, թոշակի խնդիրն է, ինչը խոչընդոտներ կստեղծի, իսկ առաջարկություն չի եղել»:
Քնար Մանուկյան