
Առաքիչները, ովքեր Տավուշի մարզ տարբեր ընկերությունների արտադրած կամ Հայաստան ներկրած սննդամթերք են հանձնում Տավուշի մարզի սննդի վաճառակետերին, դժգոհ են: Նրանք «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 2018 թվականին սննդամթերքի իրացման ծավալները էապես կրճատվել են: Պատճառն այն է, որ նվազել է մարզի բնակչության քանակը եւ առկա բնակչության գնողունակությունը:
Սննդի առաքիչներից մեկն ասաց, որ ցածր եկամուտներ ունեցող բնակիչները ամենաշատը գնում էին մակարոնեղեն, բայց մակարոնեղենի վաճառքի ծավալները եւս կրճատվել են: Տավուշի մարզի սննդի խանութներում առկա են հաստ տետրեր, որտեղ գրված են ապառիկով առեւտուր կատարողների անունները եւ նրանց կատարած գնումների դիմաց պարտքերը:
Կարիքավոր բնակիչները ապառիկով կատարած գնումների դիմաց վճարումները կատարում են ընտանեկան նպաստ, կենսաթոշակ կամ հաշմանդամության թոշակ ստանալու օրերին: Խանութներում «նիսյա»-ի տետրերի թիվը չի նվազում: Հայաստանի կառավարությունը պնդում է տնտեսական աճի մասին, սակայն այդ աճը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներին չի առնչվում: