Համակարգը կխժռի նաև իր հերթական զոհին. Սերժ Սարգսյանի տակտիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համակրելի արտաքին, ճաշակով հագուկապ, բարի ժպիտ ու չվարկաբեկված անցյալ. այս ամենը հաշվի առնելով` մեր երկրում շատերը դրական քողի ներքո էին ընկալում ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Սա այն ժամանակ, երբ Կարապետյանը նոր էր ստանձնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Հասարակության մի հատվածն իսկապես ոշակի հույսեր էր կապում Կարապետյանի հետ` սպասելով իրական փոփոխությունների եւ խնդիրների գոնե մի մասի լուծման:

Իշխող ՀՀԿ-ին այս ամենը հարկավոր էր՝ խորհրդարանական ընտրություններին «նոր», «չվարկաբեկված» դեմքով ներկայանալու համար, տպավորություն ստեղծելով, թե իրենք գնում են ռեալ փոփոխությունների ճանապարհով: Իրականում, սակայն, ոչինչ չէր փոխվել, եւ կարճ ժամանակ անց սա հասկացան բոլորը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, որ ստիպված էր անդամագրվել ՀՀԿ-ին ու գործել վաղուց արմատացած խաղի կանոններով:

Որոշ ժամանակ անց քաղաքացիների հույսերն ի չիք դարձան: Հիմա, երբ վարչապետի կառավարումից անցել է գրեթե մեկուկես տարի, կարող ենք արձանագրել, որ էական փոփոխություններ չեղան: Որքան էլ իշխանությունները փորձում են տնտեսական աճի եւ, ընդհանրապես, բոլոր ոլորտներում առաջընթացի մասին ցուցանիշներ հրամցնել, միեւնույն է` այդ թվերը քաղաքացիների կյանքում որակական փոփոխությունների չեն հանգեցրել: Բավական է միայն նշել այն հանգամանքը, որ ո՛չ նախորդ տարի, ո՛չ այս տարի, ո՛չ կենսաթոշակի, ո՛չ նպաստի, ո՛չ էլ աշխատավարձի բարձրացում պետական բյուջեով չեղավ: Փոխարենը ականատես ենք լինում շարունակական գնաճի:

Եւ հիմա, երբ քաղաքացին առերեսվում է դաժան իրականության հետ, Կարեն Կարապետյանի ելույթներն այլեւս նախկինի նման հիացմունք չեն պատճառում եւ իշխանությունների հանդեպ վերաբերմունքի մեղմացմանը չեն օգնում:

Հատկանշական է, որ 2017 թվականի մարտ ամսին` խորհրդարանական ընտրություններից առաջ, Gallup International Association-ի՝ հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց սոցհարցումների արդյունքները, Կարապետյանի վարկանիշը 80 տոկոսից ավելի էր: Ամիսներ անց` դեկտեմբերին, նույն ընկերության իրականացրած հարցման արդյունքում հայտնի դարձավ, որ վարչապետի վարկանիշը 28 տոկոսով անկում է գրանցել, փոխարենը բարձրացել էր Սերժ Սարգսյանի վարկանիշը: Ստացվում է` Հանրապետական կուսակցությանը հաջողվեց գրեթե անբասիր վարկով մարդուն դարձնել այնպիսին, ինչպիսին ընկալվում է հանրապետականների ճնշող մեծամասնությունը:

Այսպիսով մարեցին ե՛ւ դրայվը, ե՛ւ հանրային սպասումները: Հասարակության շրջանում որպես նոր մարդ ընկալված պաշտոնյան, ըստ էության, չդիմացավ լճացած համակարգի դաժան ճիրաններին: Չնայած, եթե անկեղծ լինենք, պետք է նաեւ ասենք, որ Կարեն Կարապետյանին կառավարություն ձեւավորելիս կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն էր տրված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Կարապետյանին թույլ էր տվել իր նախընտրությամբ նշանակելու բոլոր նախարարներին` բնականաբար, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներից, քանի որ այս երկու ոլորտները նախագահի լիազորությունների դաշտում են: Եւ կառավարությունը ձեւավորվեց հենց Կարեն Կարապետյանի ուզածով:

Հիմա իշխանությունները նույն մեթոդը փորձարկում են նաեւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի դեպքում: Նախագահի պաշտոնի համար ընտրվել է մարդ, որը հասարակության լայն շրջանակների կողմից համարվում է չվարկաբեկված, նախկինում ներքաշված չի եղել սկանդալներում, նաեւ դժվար է նրան մեղադրել երկրի ներսում կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ: Ճիշտ է, ի տարբերություն Կարապետյանի, Սարգսյանի նկատմամբ մեծ հիացմունք չկա, բայց եւ հասարակության մեջ չկա նրա դեմ լուրջ անվստահություն, բացասական վերաբերմունք, դիմադրություն:

Հիմա չկա, սակայն կարճ ժամանակ անց կլինի. համակարգը կխժռի նաեւ իր հերթական զոհին. այդ է հուշում նախկինի դառը փորձը: Ընդ որում, հազիվ թե Արմեն Սարգսյանին փրկի այն հանգամանքը, որ պետության իրական ղեկավարը, որոշումները կայացնող անձը լինելու է վարչապետը, իսկ իրեն վերապահված է լինելու միայն փաստաթղթեր ստորագրելու եւ վավերացնելու գործառույթ: Հազիվ թե Արմեն Սարգսյանին փրկի այն փաստը, որ Սահմանադրությամբ նախագահը պետք է լինի անկուսակցական. այսինքն` նրան չեն կարող ստիպել դառնալ ՀՀԿ անդամ: Միեւնույն է` հարկ եղած դեպքում նրա վրա կբարդեն ամեն ինչի պատասխանատվությունը: Սա Սերժ Սարգսյանի եւ իշխող ՀՀԿ-ի տակտիկան է:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս