Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում:
«ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 5 հազար 600 դրամով: Փոխարենը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարանների գներն են անփոփոխ մնացել` մեկ քմ 267 հազար 400 դրամ: Բայց միայն Քանաքեռ-Զեյթունում, քանի որ Նոր Նորքում դրանց գինը եւս բարձրացել է 3 հազար դրամով` կազմելով 232 հազար 500 դրամ:
Ավան վարչական շրջանում այդ թանկացումը կազմել է 1 հազար 100 դրամ, Էրեբունիում` 2 հազար 750 դրամ, Շենգավիթում` 1 հազար 900 դրամ, Դավթաշենում` 5 հազար 200 դրամ, Աջափնյակում` 2 հազար 500 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 1 հազար 800 դրամ, Նուբարաշենում` 1 հազար 100 դրամ:
Գների բարձրացում արձանագրվել է նաեւ ՀՀ մարզերի քաղաքներում: Օրինակ` Արագածոտնի մարզի Ապարանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 1000 դրամով, Աշտարակում` 2000-ով, Գեղարքունիքի Գավառում` 1000 դրամով, Լոռու մարզի Ստեփանավանում` 2000 դրամով, Կոտայքի մարզում` 2400 դրամով: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում նոյեմբերին բնակարանների մեկ քմ-ն արժեցել է 85 հազար դրամ: Բայց դեկտեմբերին այն բարձրացել է 4000 դրամով` կազմելով 89 հազար դրամ:
Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 20 հազար 232 գործարք: Այդ գործարքներից միայն գրավադրումը կազմել է 15.8 տոկոս: Իսկ բնակարաններ սովորաբար գրավադրում են 2 դեպքում` հիպոթեքային, այլ տեսակի վարկեր կամ ֆիզիկական անձանցից պարտքեր վերցնելու ժամանակ: Ասել է, թե բնակչությունը նախորդ տարի էլ շարունակել է պարտքեր կուտակել:
Սյունէ Համբարձումյան