Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հենց տարեսկզբից բավական ակտիվություն է նկատվում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է դիվանագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանն ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂ խնդրի մասին, հայտարարել էր, թե վերջին 10 տարիներին իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսքերը:
-Թող Ս. Սարգսյանի խոսնակը մեկնաբանի: Ես այնտեղ որեւէ ուղերձ չեմ տեսել:
-Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ արցախյան խնդրի կարգավորման գործընթացում որոշակի շարժ կա:
-Այո՛, կա, մասնավորապես հոկտեմբերի 16-ին նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց համանախագահների եւ ներգրավված պետությունների մակարդակով: Դա առաջին համատեղ հայտարարությունն էր վերջին մի քանի տարվա ընթացքում: Բացի այդ` դրան հաջորդեցին հանդիպումներ ԱԳ նախարարների մակարդակով, համանախագահները օրերս պետք է այցելեն տարածաշրջան: Որոշակի ակտիվություն ես տեսնում եմ:
-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարեցին, որ 2018 թվականի առաջնահերթությունների մեջ պետք է լինի ղարաբաղյան խնդիրը: Սա ի՞նչ էր նշանակում:
-Դե, առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն էր արվում, բայց գովելի է:
-Ակնկալո՞ւմ եք այս տարվա ընթացքում գործընթացում տեսանելի առաջընթաց:
-Ես հույս ունեմ: Եւ կարծում եմ` շատ լավ կլինի Հայաստանի զարգացման համար, որ առաջընթացը լինի տեսանելի, այսինքն` փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ են հիմա տեղի ունենում, ստորագրվի:
-Քայլերը, որ արվել են վերջին շրջանում, ինչպե՞ս եք գնահատում: Հնարավո՞ր էր անել ավելին, որ չի արվել:
-Շատ դժվար է ասել: Փակ դռների ետեւում բանակցություններ են, որոնց ժամանակ յուրաքանչյուր կողմ իր շահերն է պաշտպանում: Ես չգիտեմ` Ադրբեջանն ի՞նչ շեշտադրումներ է արել, չգիտեմ` մերոնք ի՞նչ շեշտադրումներ են արել: Այդ իսկ պատճառով բանակցությունների վերաբերյալ գնահատական տալն անշնորհակալ գործ է: Միեւնույն ժամանակ, ընդհանուր գործընթացի առումով կա աշխուժացում, ինչի մասին ասացի: Միայն փաստաթղթի ստորագրում, ուրիշ որեւէ նոր բան առաջ չի քաշվելու: Եթե 20 տարի բանակցում են մի խնդրի շուրջ, իսկ 10 տարուց ավելի` մադրիդյան փաստաթղթի այս կամ այն տարբերակի շուրջ, նոր, հեղափոխական որեւէ առաջարկություն չի լինելու: Դրա մասին շատ է ասվել, որ փաստաթուղթը 95 տոկոսով համաձայնեցված է, մնացած կնճռոտ հարցերի շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:
-Ի՞նչն է խանգարում, որպեսզի այդ հարցերը համաձայնեցվեն, եւ խնդիրը հանգուցալուծման հասնի:
-Ըստ իս` խանգարում է յուրաքանչյուր բանակցող կողմի` պետական շահի ընկալումը: Փակագծերը չենք կարող բացել, քանի որ փաստաթուղթը մեր ձեռքի տակ չէ:
-Ըստ Ձեզ, մինչեւ այժմ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են տարվե՞լ:
-Բանակցությունները վարում են երկու հոգի` Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, ինչ գերատեսչություն, ինչ բան..: Երկու հոգի են ներգրավված: Բացի այդ երկուսից` ոչ ոք տեղյակ չի, թե ինչի շուրջ են բանակցությունները վարվում:
-«Հայ ազգային կոնգրես»-ը խորհրդարանական ընտրություններին հանդես էր գալիս խաղաղության ծրագրով: Ձեր կուսակցության հռչակած այդ նպատակի շուրջ շարունակվելո՞ւ են քայլերը նաեւ այն բանից հետո, երբ այս անգամ չհաջողվեց խորհրդարան անցնել:
-Այո՛, իհարկե, շարունակվելու են: Մենք մեր դիրքորոշումները չենք փոխել: Շարունակում ենք մնալ նույն դիրքերում: Շեշտադրումները կփոփոխվեն` ըստ իրավիճակի, բայց ընդհանուր մոտեցումը, որ խաղաղությունը հասանելի է եւ անհրաժեշտ Հայաստանի համար, այդ առումով փոփոխություն չկա:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ