ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի գյուղապետարանի` ընթացիկ տարվա գնումների պլանը պարզապես ցնցող է. «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Սարալանջի գյուղապետարանի գնումների պլանը բավականին «մսոտ, մանդարինոտ եւ շոկոլադե» է: Ասել է, թե գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը որոշել է այս տարին բավական ճոխ անցկացնել. այն անցկացնել համայնքային բյուջեի հաշվին, այն էլ առանձնահատուկ ճոխությամբ:
Օրինակ՝ գյուղապետարանի աշխատակազմը գնումների այս տարվա պլանով նախատեսել է գնել 18 հատ սուրճի բաժակ` յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով: Եւ այդպես՝ սուրճի բաժակների համար գյուղապետարանի աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարում ծախսել 9000 դրամ: Եւս 12 հատ բաժակ գնվելու է, դարձյալ 500 դրամանոց, որոնց համար ծախսվելու է 6000 դրամ: Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը, չգիտես ինչու, մտադիր է գնել ոչ միայն 500 դրամանոց բաժակներ, այլեւ նույն արժեքի ափսեներ՝ 24 հատ, որոնց համար ծախսվելու է 12 հազար դրամ:
Ընթացիկ տարում գյուղապետարանի աշխատակազմը անհրաժեշտ ծախսերի մեջ ներառել է նաեւ պատի 3 հատ ժամացույց, որի միավորի արժեքը կազմում է 4000 դրամ: Հավանաբար ժամացույցները գնվել են այն բանի համար, որ աշխատանքային ժամն ավարտելուն պես գնան տուն: Պետական միջոցներով գնվելու է նաեւ 295 լիտր դիզելային վառելիք` մեկ լիտրը 440 դրամով, 4421 խմ սեղմված բնական գազ` 840 հազար դրամի:
Բայց ուշագրավը. Սարալանջի գյուղապետարանի գնումների պլանն ունի հատուկ բաժին` «միջոցառումների ծախսեր» անվանումով:
Իսկ միջոցառումների համար գյուղապետարանը ոչինչ չի խնայել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար նախատեսվել է գնել 44 հատ օղի` յուրաքանչյուրը 3200 դրամ արժողության: Եւ այդպես՝ գյուղապետարանն օղիների համար կծախսի 140 հազար 800 դրամ: Բացի այդ՝ նրանք որոշել են գնել 10 հատ 2000 դրամանոց գինի: Բնականաբար, օղին եւ գինին առանց համապատասխան մթերքների չի կարող խմվել: Ուստի գյուղապետարանի աշխատակազմը պետական միջոցները չի խնայել՝ գնելու խոզի եւ հավի միս, երշիկ, պանիր եւ այլն: Միայն 12 հատ երշիկի համար նախատեսվել է ծախսել 30 հազար դրամ. մտադիր են գնել 2500 դրամանոց երշիկ: Սա դեռ ամենը չէ: Փաստորեն, գյուղապետարանի աշխատակազմը հաշվարկել է եւ պարզել, որ տարվա մեջ մի քանի տոներին քեֆեր կազմակերպելու համար 25 կգ խոզի միսը բավարար է, որի մեկ կիլոգրամը, ըստ գնումների պլանի, նախատեսվում է ձեռք բերել 2800 դրամով: Ստացվում է, որ պետական միջոցներից 70 հազար դրամ կծախսվի խոզի մսի համար, իսկ 30 կգ տեղական հավի մսի համար` 40 հազար 500 դրամ: Ի դեպ, նշենք, որ հավի մսի մեկ կիլոգրամը նախատեսվել է գնել 1350 դրամով:
Էլ ինչ քեֆ առանց բաստուրմայի: Ըստ գնումների պլանի՝ նախատեսվում է գնել 6 կգ բաստուրմա` մեկ կգ 6800 դրամ արժողությամբ: Այսինքն՝ ընդհանուր բաստուրմայի համար կծախսվի 40 հազար 800 դրամ:
Մսեղենից անցում կատարենք աղանդերին (դեսերտ), որն ապահովելու համար նախատեսվել է գնել 8 կգ շոկոլադ` մեկ կգ-ը 4000 դրամով` ընդհանուր ծախսելով 32 հազար դրամ: Գյուղապետարանի միջոցառումների սեղանից անպակաս է լինելու նաեւ միրգը` 30 կգ խնձորը, որի մեկ կգ նախատեսել են գնել 600 դրամով: Մինչդեռ նկատենք, որ այսօր շուկայում կա էժան գնով վաճառվող խնձոր: Իսկ մեր սարալանջցիները նախատեսել են ծախսել 18 հազար դրամ: Որտեղ խնձորը, այնտեղ էլ տանձը, որից նախատեսում են գնել 10 կգ, բայց 1000 դրամանոց: Կգնեն նաեւ 16 կգ նարինջ, մեկ կիլոգրամը՝ 600 դրամ, ընդհանուր կծախսեն 9600 դրամ: Մրգի զամբյուղում տեղ է գտնելու նաեւ մանդարինը, որից գնելու են 22 կգ, մեկ կգ` 650 դրամով: Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը չի մոռացել նաեւ բանանի մասին. այս տարի նրանք որոշել են գնել 21 կգ բանան, այն էլ յուրաքանչյուրը 1000 դրամով: Եւ սա այն դեպքում, երբ ներքին շուկայում բանանի մեկ կգ վաճառվում է 800-900 դրամով, տեղ կա` 750-ով:
Քիչ էր մնում հացի մասին մոռանայինք: Նախատեսվում է գնել 100 կգ հաց, մեկ կգ` 280 դրամով, 100 հատ հանքային ջուր` յուրաքանչյուրը 220 դրամով, 100 հատ հյութ` 370 դրամով: Անձեռոցիկները եւս ընտրել են թանկարժեքը` հատը 600 դրամ: Նախատեսել են գնել 20 հատ եւ ծախսելու են 13 հազար դրամ: Նշենք, որ նախատեսել են գնել նաեւ 5 կգ պանիր: Բայց անհասկանալի է, թե ինչու են գնումների պլանում նշել մեկ կիլոգրամը 3100 դրամ, երբ կարող են ավելի մատչելի գնով այն ձեռք բերել:
Սովորաբար նման դեպքերն ընդունված է կոչել անարդյունավետ ծախս, միջոցների մսխում, եւ պետական վերահսկողական կառույցներն այդ ամենը բացահայտելուց հետո նյութերը տրամադրում են իրավապահ մարմիններին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ի հարցին` ո՞ր միջոցառումների համար են պատրաստվում գնել խոզի, հավի միս եւ ո՞ւմ համար, գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Հունվարի 28-ին, մարտի 8-ին, ապրիլի 7-ին, սեպտեմբերի 1-ին, ուսուցչի տոնին, Ամանորին: Այդ միջոցառումներին մասնակցելու են գյուղապետարանի աշխատողները, դպրոցի ուսուցիչները»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու են պանիրը պատրաստվում գնել 3100 դրամով կամ բանանը` 1000 դրամով: Հարցին ի պատասխան՝ գյուղապետն ասաց. «Միջին շուկայական գներով ենք հաշվել: Գնումների ժամանակ մենք ինչ որ գնում ենք, պարզ երեւում է: Մոտավորապես գները միջին շուկայականն ենք նշել»:
Ի դեպ, նշենք, որ միջոցառման սեղանն ապահովելուց զատ՝ նվերներ էլ է նախատեսվում գնել: Այսպես՝ Սարալանջի գյուղապետարանի աշխատակազմը 10 հատ պայուսակ է մտադիր գնել` 6500 դրամանոց: Այսինքն՝ պետական միջոցներից պայուսակների համար ծախսվելու է 65 հազար դրամ: Բացի այս՝ նախատեսել են գնել 90 հատ 5000 դրամանոց հուշանվերներ, որոնց համար ծախսվելու է 482 հազար 500 դրամ: Իսկ 300 հատ ամանորյա 1000 դրամանոց տոպրակների համար` 300 հազար դրամ կծախսվի: Նկատենք նաեւ, որ Սարալանջի գյուղապետարանն ունի մեկ ծառայողական ավտոմեքենա, որի ընթացիկ նորոգման համար ծախսվելու է 600 հազար դրամ: Ինչ եք կարծում՝ մեկ տարվա ընթացքում ավտոմեքենան 600 հազար դրամի նորոգման կարիք կունենա՞, թե՞ ոչ:
Սյունէ Համբարձումյան