«Ժողովուրդ» օրաթերթը նոր տեսահոլովակի, անձնական կյանքի, անցյալից քաղած դասերի, դստեր համար ե՛ւ մայր, ե՛ւ հայր լինելու մասին զրուցել է դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանի հետ։
-Իվետա՛, «Անուղղելիները» նախագծից բացի` այլ նախագծերում ընդգրկվելու հրավերներ ունե՞ք։
-Ժամանակի սղության պատճառով հազիվ եմ հասցնում այլ գործերով զբաղվել, բայց նկարահանել ենք նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի փետրվարին: Հոլովակը նկարահանվել է Էդգար Գեւորգյանի հետ դուետի հիման վրա: Դա մեր առաջին համագործակցությունն է: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել: Ինչ վերաբերում է նոր ֆիլմերին կամ սերիալներին, առաջարկներ ստանում եմ, պարզապես անհնար է համատեղել աշխատանքը մի քանի նմանատիպ նախագծերում:
-Մի փոքր անձնականից խոսենք։ Կցանկանայի՞ք, որ Ձեր կողքի տղամարդը դերասան լիներ: Որքանով տեղյակ եմ` Ձեր նախկին ամուսինը Ձեր ոլորտի հետ կապ չուներ:
-Այո՛, նա ոչ մի առնչություն չուներ մեր ասպարեզի հետ: Առհասարակ, շատ հետաքրքիր է շփվել, կյանք կապել արվեստի մարդկանց հետ: Նրանք տարբերվում են իրենց էմոցիաներով: Բայց ես ինքս էլ շատ էմոցիոնալ եմ, ու դա մեզ մի քիչ շատ կլինի (ծիծաղում է): Ուստի կցանկանայի, որ իմ կողքի տղամարդն այլ ասպարեզից լիներ, բայց, ինչպես ասում են, սրտին չես թելադրի, եթե ստացվի հակառակը, ոչինչ չեմ կարող անել: Միայն մի պատճառով կցանկանայի, որ ամուսինս դերասան լիներ. որպեսզի քիչ խանդեր: Այս ասպարեզի մարդիկ քաջատեղյակ են բոլոր խնդիրներին եւ միմյանց լավ են հասկանում:
-Կա՞ն որակներ, որոնցով ցանկալի է` օժտված լինի Ձեր կողքի տղամարդը, եւ որակներ, որոնք պարզապես չեք հանդուրժի:
-Առհասարակ, չեմ հանդուրժում կեղծավոր, ստախոս եւ երկերեսանի մարդկանց: Ինձ ճանաչողներն ասում են, որ մաքուր եւ ազնիվ մարդ եմ: Կցանկանամ` իմ տեսակի մարդ լինի կողքիս: Ես նվիրվող տեսակ եմ ցանկացած հարաբերություններում:
-Իսկ այլազգի տղամարդու հետ կամուսնանայի՞ք:
-Ես մեր հայերին սիրում եմ, կարծում եմ` ավելի հեշտ լեզու կգտնեմ հայ, քան այլազգի տղամարդու հետ:
-Իվետա՛, անցյալից ի՞նչ դասեր եք քաղել` կապված գործնականի եւ անձնականի հետ:
-Դրանք բազմաթիվ են: Եթե նախկինում շատ էի վստահում մարդկանց, հիմա այլ կերպ եմ ապրում, փորձում եմ որոշակի հեռավորություն պահել: Նախկինում շատ ընկերներ ունեի, որոնք, սակայն, «մաղվեցին»: Հիմա մտերիմ մարդիկ քչացել են, ունեմ մի քանի հավատարիմ ընկեր եւ վերջ: Կարող եմ խոստովանել, որ մարդկանց լավ չեմ ճանաչում, ամեն անգամ չեմ կարողանում նրանց չհավատալ եւ չվստահել, եթե նույնիսկ դրա համար ունեմ հիմքեր: Ինչ վերաբերում է կոնկրետ կին-տղամարդ հարաբերություններին, ապա եկել եմ այն եզրակացության, որ միայն սրտի ձայնին լսելը սխալ է: Երբեմն, երբ սիրում ես, միտքդ մթագնում է. դա սխալ է: Այդ դեպքում դու դիմացինի մեջ շատ որակներ չես նկատում, սկսում ես ինքդ քեզ խաբել: Բայց չեմ կարող նաեւ առանց սիրելու, հաշվարկով սիրել: Ես էմոցիոնալ մարդ եմ եւ երբեք չեմ փոխվի. տարիքը կապ չունի: Պարզապես, պետք է դրանով հանդերձ սթափ լինել, տեսնել մարդու արժանիքները, նոր միայն նրան մոտ թողնել:
-Ձեր դստեր համար, ինչպես Դուք եք ասում, ե՛ւ մայր եք, ե՛ւ հայր։ Դժվար չէ՞ կրել անընդհատ ուժեղ լինելու բեռը:
-Երբեմն լինում է, որ հոգնում եմ, չնայած, փառք Աստծո, ունեմ ծնողներ, որոնք մեջքիս կանգնած են: Անչափ ուրախ եմ, որ երբ ես աշխատանքի եմ, դստերս պահում եւ դաստիարակում է մայրս եւ այնքան ճիշտ դաստիարակություն է տալիս նրան, որ մտածում եմ` գուցե այդ հարցում ես թերանայի, քանի որ տանը շատ քիչ եմ լինում: Բայց ուրախ լինելով հանդերձ` շատ կարոտում եմ դստերս, ափսոսում եմ, որ քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել նրան: Երբեմն հոգնում եմ «տղամարդ» լինելուց, ուժեղ լինելուց, բայց դա մի պահ է տեւում: Կյանքն ինձ սովորեցրել է չվհատվել եւ առաջ գնալ:
Անի Անտոնյան