«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին: Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին` ձայների 50/50 հարաբերակցությամբ: Հաղթողը կհայտնվի եվրատեսիլյան բեմում: Մրցույթի մասնակիցների թվում են Թամար Կապրելյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, Nemra խումբը, Սեւակ Խանաղյանը, Angel-ը, Տյոմը, Մհերը, Alternative-ը, «Գաթա» բենդը եւ այլք:
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայ ազգային, ժողովրդական երաժշտություն ներկայացնող «Գաթա» բենդի հետ հանդես եկող վոկալիստ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ: Նա խոստովանեց, որ ինչպես շատերի, հենց իր համար եւս մասնակցությունը «Դեպի Եվրատեսիլին» անսպասելի է ստացվել. «Ես ամենեւին պատրաստ չէի դրան, բայց Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների կողմից ստացա առաջարկ: Սկզբում բացատրում էի, որ մենք այլ ֆորմատի աշխատանքներ ենք ներկայացնում, անգլերեն չենք երգում, բայց մեզ պատասխանեցին, որ միջազգային մրցույթի ձեւաչափը փոխվել է, եւ հեղինակային, ազգային երգերին մրցույթի շրջանակում մեծ տեղ են տալիս: Այդպիսով` տվեցի իմ համաձայնությունը: Հետո այդ մասին ասացի խմբի պրոդյուսեր Գարիկ Առաքելյանին: Նա եւս նշում էր, որ պատրաստ չենք, որ ժամանակ էր հարկավոր: Եվ այնպես ստացվեց, որ ընդամենը երկու գիշերում գրեցի «Շողա» երգը: Հետո արդեն կատարվեց նաեւ գործիքավորումը»,-պատմեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե պատկերացնում է արդյո՞ք «Գաթա» բենդին եւ իրեն եվրոպական բեմում, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, թե բազմիցս առիթ են ունեցել ներկայացնելու հայ երաժշտությունը եվրոպական բեմերում` տարբեր միջազգային փառատոների շրջանակներում. «Սա էլ մի հարթակ է` դա եւս մեկ անգամ իրականացնելու համար: Ընդ որում, պետք է ասեմ, որ մշտապես հետաքրքրել ենք եվրոպացի հանդիսատեսին, մասնավորապես լուրջ մասնագետների, որոնք հետաքրքրված են ազգային երաժշտությամբ եւ գնահատում են հայ երգի առանձնահատկությունները»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից ո՞ւմ է հավանում վոկալիստը. «Բոլորին հավանում եմ, բոլորն էլ հայ աշխարհն են ներկայացնում: Եթե մերոնք կարողանան գրագետ մատուցել երգը, աշխատեցնել բանալին եւ դեպի Եվրոպա դուռը բացել, ես ուրախ կլինեմ, բայց եթե բեմական արվեստը պետք է ծառայի անառակությանը, դա ինձ համար արվեստ չէ: Եթե «Գաթա» բենդը հայտնվի եվրոպական բեմում, մեր շոուն կլինի մեր էմոցիան եւ ներսից եկող կատարումը»,-եզրափակեց Անդրանիկ Մանուկյանը:
Աննա Բաբաջանյան