ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է «Կյանք ու կռիվ-2»-ի անձնակազմը «զենքուզրահով» վախեցրել թոշակառուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2» ֆիլմից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանի հետ։ Նա պատմել է իր անցած ուղու, ակամայից հայտնի դառնալու, կադրից դուրս գրանցված հետաքրքիր դրվագների եւ այլ թեմաների մասին։

-Արծրո՛ւն, երբեւէ պատկերացրե՞լ եք, որ դերասան կդառնաք: Ոլորտում հայտնվել եք նպատակադրվա՞ծ, թե՞ պատահականության արդյունքում:

-Դերասան դարձել եմ հանգամանքների բերումով, ամեն բան պատահական ստացվեց։ Չնայած, ասում են, որ պատահական ոչինչ չի լինում։ Համենայն դեպս, երբեք չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ այս դաշտում։ Փոքր ժամանակ միշտ ուզեցել եմ ֆուտբոլիստ դառնալ։ Առհասարակ, խաղալ շատ եմ սիրել, այդ տարերքը միշտ գրավել է ինձ։ Ամբողջովին նվիրվել եմ խաղին։

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Լոռու մարզից հայտնվեցիք մայրաքաղաքում։

-Ծնվել եւ մեծացել եմ Լոռու մարզի Ագարակ գյուղում։ Սկզբում եկա մայրաքաղաք՝ Մանկավարժական համալսարանում ռազմական մանկավարժություն եւ հոգեբանություն ուսանելու նպատակով։ Քննությունները հանձնեցի, սակայն ցածր բալեր հավաքեցի, չգնացի դասի։ Հետո արդեն պատահական իմացա, որ Թատերական ինստիտուտում կար զրո կուրս։ Մի ամիս ուշացումով գնացի, ընդունվեցի այնտեղ։ Ռեկտորը եկավ, քննությանը հետեւելուց հետո ինձ ու էլի մի քանիսին ուղղորդեց դերասանական բաժին։ -Ձեր ճանապարհին հանդիպած ուսուցիչներից ո՞ւմ կառանձնացնեք։

-Թատերական ինստիտուտի բոլոր մասնագետներն էլ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում։ Ամեն մեկից էլ մի բան սովորել եմ։ Կուրսիս ղեկավարն, օրինակ, եղել է Նիկոլայ Ծատուրյանը, ասիստենտը՝ Նարինե Գրիգորյանը, որի հետ նկարահանվելու հնարավորություն ունեցա։

-Շատ դերասաններ թատրոնից գնացել են կինո։ Ձեր պարագայում, կարծես, հակառակն է եղել։ Մհեր Մկրտչյանը ֆիլմի քասթինգից հետո հրավիրել է Ձեզ Մհեր Մկրտչյան թատրոն։ -Բայց մինչ այդ ես արդեն խաղացել էի թատրոնում։ Պարզապես Մհեր Մկրտչյան թատրոնը դարձավ մշտական աշխատավայր։ Ասեմ, որ մեծ հաճույքով ընդունեցի հրավերը եւ շատ շնորհակալ եմ նրան դրա համար։

-Իսկ Ձեզ համար սպասելի՞ էր «Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողությունը։

-Չէի սպասում, որ միանգամից կհայտնվեի այդպիսի կինոյում։ Այդ ամենն ինձ համար շատ մեծ անակնկալ էր։ Չեմ սպասել, որ ֆիլմի առաջին մասը բում է լինելու։ Բայց ինձ համար առաջնայինն այն էր, որ իմ թիմի կատարած աշխատանքից շատ բան սովորեցի։ Կարեւորը դա էր, ոչ թե հայտնիություն ձեռք բերելը եւ այլն։ Բացի այդ՝ ֆիլմում նկարահանվելուց հետո շատ լավ ընկերներ ձեռք բերեցի։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս